Սա արդարադատությունից խուսափելու դեպք է. Քոչարյանի պաշտպան

Սա արդարադատությունից խուսափելու դեպք է. Քոչարյանի պաշտպան
Արամ Օրբելյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Քոչարյանին խափանման միջոց կալանավորումը գրավով փոփոխելու պաշտպանական կողմի միջնորդությունը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանը բավարարելով դատախազների միջնորդությունը ինքնաբացարկ հայտնեց։ Որոշումը հրապարակելուց հետո Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն ասաց, որ ինքնաբացարկի հիմնավորումները հայտնի չեն. «Կարծում եմ՝ խոսքն արդարադատությունից խուսափելու մասին է, որովհետև որևէ նոր բան, ինչը երեկ հնչեցվել էր, չկար։ Ինչ երեկ հնչեցվել է, հայտնի էր դեռևս միջնորդությունը տալու ժամանակ, այնուհետև դեկտեմբերի 28-ի քննության ժամանակ, և, համապատասխանաբար, եթե դատարանը կարծում էր, որ դրանք ինչ-որ ձևով խոչընդոտում են իր անկախությանը, և դա կարող է անաչառ դիտորդի մոտ առաջացնել ինչ-որ խնդիրներ, ապա կարող էր դեկտեմբերի 26-ին, այնուհետև 28-ին ինքնաբացարկ հայտնել և չհետաձգել մինչև այսօր»։

Օրբելյանի խոսքով՝ սա արդարադատությունից խուսափելու դեպք է, երբ դատարանը ստանում է միջնորդություն, այն ընդունում է վարույթ և միջնորդության քննության օր է նշանակում դեկտեմբերի 28-ին՝ տարվա վերջին աշխատանքային օրը, այնուհետև հետաձգում մինչև հունվարի 9-ը, որից հետո դատավորը հայտարարում է ինքնաբացարկ։ «Հույս ունենք, որ այսօր կամ վաղը հայտնի կդառնա, թե որ դատավորը պետք է քննի ներկայացրած միջնորդությունը։ Ամեն ինչ կախված կլինի հերթապահ դատավորների առկայությունից, երբ տեղեկանանք, թե ով է, և որտեղ է նիստն ընթանալու՝ կտեղեկացնենք։ Մեր խմբի հետագա գործողությունները պարզ կլինեն միայն այն բանից հետո, երբ հայտնի դառնա, թե ով է քննելու միջնորդությունը, և այն երբ է տեղի ունենալու»։