Հայ-ռուսական թյուրըմբռնում և պարանոիդալ մտահոգություններ

Հայ-ռուսական թյուրըմբռնում և պարանոիդալ մտահոգություններ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը եւ դրան հետեւած արձագանքը, պայմանականորեն՝ «սխալ թարգմանություն» շարքից է․ մեզ հետ զրույցում ասաց «Հայկական հետազոտությունների եւ զարգացման» ռուսաստանյան կենտրոնի ղեկավար Լեոնիդ Ներսիսյանը։ Նա կարծում է, որ Լավրովի հայտարարության վերաբերյալ եղել է խորը թյուրըմբռնում, որի պատճառը ռուսական լրատվամիջոցի՝ առաջին լուրի զանգվածային արտատպումն էր։ 
«Եվ այդ նախնական տարբերակում համատեքստից կտրված նախադասությունն էր պատճառը, երբ լրագրողի՝ ամերիկյան կենսալաբորատորիաների հարցին ի պատասխան՝ Լավրովն ասաց, որ օտարերկրյա զինվորականների ներկայությունը բացառելու մասին բանակցություններ են վարվում Հայաստանի ու ՌԴ-ի միջեւ։

Բնականաբար, խոսքը ողջ Հայաստանի տարածքի մասին չէր, ինչը, բնականաբար, կատարյալ աբսուրդ կլիներ, որովհետեւ տարրական  բան է, որ յուրաքանչյուր դեսպանատուն ունի ռազմական կցորդներ, որոնք օտարերկրյա զինվորականներ են»,- ասում է ռուսաստանցի փորձագետը։ Նա զարմացած է ինչպես նրանից, որ հայ քաղաքական գործիչները եւ Հայաստանում բավականաչափ հայտնի քաղաքագետները՝ առանց ծանոթանալու Լավրովի «օրիգինալ խոսքին» եւ տեսագրությանը, հասցրեցին «մեկնաբանել» սխալ տեղեկատվությունը, այնպես էլ նրանից, թե ինչպես նրանց մոտ հարցեր չեն առաջացել։ Նշենք, որ հայտարարությանը գրեթե մի ամբողջ օր չէր արձագանքում Հայաստանի ԱԳՆ-ն։

Եվ որքան էլ զարմանալի է, այս անգամ ռուսական կողմն էր ակնհայտորեն  շահագրգռված պարզաբանմամբ, քանի որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հաջորդ օրը օպերատիվ կերպով  ասուլիս հրավիրեց։ Եվ թեեւ հայտարարվեց, որ, այո, հետաքրքրված են Հայաստանում գործող ամերիկյան կենսալաբորատորիաների թափանցիկությամբ (ըստ որում՝ ոչ միայն Հայաստանի, այլեւ հետխորհրդային տարածքի բոլոր երկրների), բայց, ըստ էության,  պարզաբանվեց, որ խոսքը դեսպանատների ռազմական կցորդների մասին չէ։

Ըստ որում, դեսպան Կոպիրկինն անընդհատ ընդգծում էր, որ այս հարցում հայկական կողմն էլ բավականին կառուցողական դիրքորոշում ունի, որ կա փոխըմբռնում եւ այլն։ ՌԴ դեսպանն անգամ ընդգծեց, որ ՀԱՊԿ շրջանակներում կա պայմանավորվածություն այն մասին, որ ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում երրորդ երկրների զինվորականների առկայությունը ենթադրում է այդ հարցի քննարկում ՀԱՊԿ-ի՝ որպես ռազմաքաղաքական կառույցի անդամ երկրների հետ։
«Որեւէ արգելքի մասին խոսք լինել չի կարող։ Նորից եմ ասում՝ քանի դեռ այս հարցերի քննարկումն ընթանում է, երբ կլինեն պայմանավորվածությունները եւ ինչ տեսքով՝ չեմ կարող ասել»,- հայտարարեց Սերգեյ Կոպիրկինը։ Լեոնիդ Ներսիսյանի խոսքով՝ նման լաբորատորիաներ կան Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում։

«Պաշտոնապես սրանք միանգամայն օրինական գործունեություն են ծավալում․ ինֆեկցիոն ֆոնի վերահսկողություն, տարբեր այլ գործառույթներ, բայց ունեն ամերիկյան ֆինանսավորում, մասամբ՝ նաեւ Պենտագոնի, եւ այդ իսկ պատճառով, ռուս-ամերիկյան այս լարված հարաբերություններին ֆոնին, որոշ շրջանակների մոտ կան որոշ մտահոգություններ։ Իսկ որոշների մոտ՝ անգամ պարանոիդալ»,- ամփոփում է փորձագետը։