Լավ գո՞ղ ես, լավ թալանչի՞ ես, ուրեմն իրավունք ունես բարձր պաշտոն զբաղեցնել

Լավ գո՞ղ ես, լավ թալանչի՞ ես, ուրեմն իրավունք ունես բարձր պաշտոն զբաղեցնել

2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններից հետո կազմավորված խորհրդարանը փաստացի կարճ կյանք ունեցավ, 5 տարի գործելու փոխարեն միայն մեկուկես տարի աշխատեց: Թե ինչ աշխատանք հասցրեց անել այն, տեսանելի է խորհրդարանի պաշտոնական կայքից: Չարածի եւ ապագա խորհրդարանի առջեւ ծառացած մարտահրավերների, հեղափոխական խորհրդարանի անելիքների մասին արտահայտվում են անցած գումարման պատգամավորները, որոնք ապագա խորհրդարանի կազմում չեն լինի։ 

ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը, որը Ռոբերտ Քոչարյանի մասին իր անզգույշ հայտարարության  պատճառով դեռեւս այս տարվա հուլիսին ստիպված եղավ մանդատը վայր դնել, մեզ հետ զրույցում ասաց, որ նախեւառաջ պետք է հրաժարվել «պետությունից մազ պոկելու» արատավոր սկզբունքից, որը բնորոշ է եղել նախկին խորհրդարանին, եւ պատգամավորները հարկատուներիս՝ բյուջեի հաշվին, չհիմնավորված ծախսեր են կատարել՝ գործուղումներ եւ այլն։

«Նախկինում ամբողջ խնդիրը եղել է նրանում, որ կառավարման համակարգը, ըստ էության, չի եղել արդյունավետ եւ ենթադրել ու պահանջել է այն, ինչ մենք ունեինք, եւ ինչի պատճառով եղավ ապրիլյան այս ըմբոստությունը»,- ասաց Վարդան Բոստանջյանը։ Միեւնույն ժամանակ անցած խորհրդարանում եւ առհասարակ իշխանության այլ մարմիններում, Բոստանջյանի գնահատմամբ, մենք ունեցել ենք «բնությունից տված» տաղանդավոր երիտասարդ սերունդ, որը փորձել է կառավարման համակարգում դերակատարում ստանձնել, սակայն ընդհանուր կառավարման փիլիսոփայությունն այնպիսին է եղել, որ նրանց առաջընթացի նախապայմանը եղել է արատավոր գործընթացներում թրծված լինելու պահանջը։ «Մարդիկ, զգալով իրենց պոտենցիալը, ձգտում էին բարձունքի, բայց բարձունքն իրենց առջեւ խնդիր էր դնում՝ արդյոք դու գո՞ղ ես, լա՞վ գող ես, լա՞վ թալանչի ես, ուրեմն իրավունք ես ձեռք բերում համակարգում ավելի բարձր պաշտոնների հայտնվել։ Հենց սրանից է, որ պետք է ձերբազատվենք, քանի որ այս հակասական ու ողորմելի վիճակն էր, որի պատճառով մենք հայտնվեցինք այս վիճակում»,- ասում է Բոստանջյանը։

Միաժամանակ շարունակում, որ հեղափոխությունից հետո էլ այս առումով մշուշոտ է իրավիճակը․ «Որեւէ մեկը չի կարող պնդել, որ արդեն իսկ տեղի է ունենում ցանկալի փոփոխություն։ Հենց սա է կայացած նոր պառլամենտի եւ առհասարակ նոր իշխանության առջեւ։ Նրանք էլ պետք է ձերբազատվեն այն հոգեբանությունից, որ կարելի է ուրիշի հաշվին ճոխ ապրել։ Պետության շահի մասին մտածողները պետք է սկսեն համեստ ապրել, ոտքերը մեկնել վերմակի չափով։ Հերիք է պետությունը դարձնենք մեր ճոխ ապրելակերպի միջոց»։ Ճշտող հարցին, այսինքն՝ օրենսդիրների աշխատավարձը բարձր է, եւ նոր խորհրդարանը պետք է վերանայի՞ աշխատավարձերը, Բոստանջյանն այսպես պատասխանեց․ «Եթե նույնիսկ բարձր է, ապա այն պետք է համապատասխանեցնել աշխատանքի արդյունավետությանը»։ Իսկ օրենսդրական տեսանկյունից նախորդ գումարման խորհրդարանը, Բոստանջյանի կարծիքով, պետք է առնվազն «ճակատ բացեր» ՓՄՁ-ների գործունեության համար, սակայն չարեց․ «Մենք, ձեւավորելով օլիգոպոլ դաշտեր, երկրի համար արգելափակեցինք միջին խավի եւ միջին եկամուտների ձեւավորման հնարավորությունը։ Մեկուկես տարվա ընթացքում  մենք պետք է դա անեինք, ինչը չարվեց»։

Նախորդ գումարման ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը մեծ սպասելիքներ չունի նոր ձեւավորվելիք խորհրդարանից, ասում է՝ փաստը, որ մեկ ուժը ստացել է 70 տոկոս ձայն, արդեն իսկ նշանակում է «խաչ քաշել» կուսակցական բազմակարծության վրա․ «Մնացած 30 տոկոսը որքան էլ վիճեն ընդդիմության տեղի համար, միեւնույն է՝ նրանք որեւէ որոշման կայացման վրա ազդեցություն ունենալ չեն կարող, եւ դա խորհրդարանական համակարգի կայացմանը խոչընդոտող լուրջ գործոն կլինի»։ ՀՅԴ-ականը հիշեցնում է, որ նախորդ գումարման ԱԺ-ում ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն միասին այդքան ձայն չունեին․ «Իսկ սահմանադրական կարեւոր փոփոխություններն առանց 70-ի չեն կարող լինել»։ 

Տիկին Կյուրեղյանի գնահատմամբ՝ իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները մինչեւ ԱԺ լուծարումը սեփական նախաձեռնություններով հանդես չեն եկել, նախագծեր չեն ներկայացրել խորհրդարան, շարունակել են հների աշխատանքը․ «Եթե նոր ուժը եկել է հինը մերժելու, մենք ամեն դեպքում դեռեւս դա չենք տեսնում, եթե չասենք, որ նրանք շարունակում են նախորդներին»։
Դաշնակցականը չի ցանկանում ասել, թե ինչ պետք է անի նոր խորհրդարանը, որը հները չեն արել։ «Իրենք թող աշխատեն մի երկու-երեք ամիս, կտեսնենք»,- ասաց Կյուրեղյանը՝ նկատելով․ «Այս իշխանությունը մայիսին էլ չտվեց երկրի զարգացման իր տեսլականը, քարոզարշավում էլ ես չտեսա տնտեսական զարգացման այն տեսլականը, որով իրենք պետք է աշխատեն։

Հենց այսօրվա հայտարարությունը, որ մինչեւ 20 միլիոն շրջանառություն ունեցող տնտեսվարողները պետք է ազատվեն հարկից, սա նշանակում է՝ 50 միլիոնանոց շրջանառություն ունեցող ընկերությունները կարող են տրոհվել երեքի, եւ նրանք էլ հարկեր չվճարեն։ Այսինքն՝ հարկահավաքման հարցում վաղը, մյուս օրը լուրջ խնդիրներ ենք ունենալու, հետեւաբար բյուջեն լցնելու հարցում՝ եւս, ինչից հետեւանքը կարող է լինել աշխատավարձերի, թոշակների չվճարում։ Եվ ամենակարեւորը՝ ես չեմ տեսել ծրագրային որեւէ դրույթ, որն աշխատատեղերի ավելացման մասին է, հակառակը՝ տեսել եմ կրճատումների մասին»։