Գևորգյան ճեմարանի մասնաճյուղ է բացվում կաթողիկոսի եղբոր թեմում 

Գևորգյան ճեմարանի մասնաճյուղ է բացվում կաթողիկոսի եղբոր թեմում 

Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի կողմից 1874թ. hիմնադրված Գևորգյան հոգևոր ճեմարանը, որը Հայաստանի մինչև այժմ գործող ամենահին հոգեւոր բարձրագույն ուսումնական հաստատությունն է և միակ աստվածաբանական համալսարանը, շուտով Պետերբուրգում ունենալու է ճեմարանի մասնաճյուղ։ Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունում այն արդեն գրանցված է որպես բարձրագույն ուսումնական հաստատություն։ 

Ի՞նչ է այս մասնաճյուղն իրականացնելու, ո՞ւմ համար է եկեղեցական կադրեր պատրաստելու՝ միայն Ռուսաստանի՞ թեմի, թե՞ նաեւ մյուս թեմերի, ինչո՞ւ Արցախում չի բացում, երբ խոսակցություններ են պտտվում, թե բոլոր ենթակառուցվածքները կան՝ Արցախը լավ վանական համալիրներ ունի՝ բարեկարգ կից շինություններով, որոնք կարող եբ ուսանողական կացարաններ լինել։ Այս հարցերի պատասխանն ուզում էինք ստանալ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանից, բայց նա ողջ օրը չպատասխանեց մեր հարցերին։ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Յուրաքանչյուր թեմ իր հնարավորությունն ունի՝ իր թեմի հոգևոր ծառայությունն արդյունավետ կազմակերպելու հարցում և նման հոգևոր-կրթական ուսումնական հաստատություն բացել։ Թեմի առաջնորդի հնարավորություններից է կախված։ Նաև՝ «կարիքներից ու դիմողներից»։ Այսինքն, ըստ Արշակ սրբազանի, ճեմարանը կառուցում է ոչ անմիջականորեն Մայր Աթոռի, այլ Նոր Նախիջևանի ու Ռուսաստանի թեմը։ Սրբազանը նշեց, որ խնդիրը միայն գումարը չէ, այլև մասնագիտական ռեսուրսի հարց է։ Նշենք, որ Նախիջևանի ու Ռուսաստանի թեմի առաջնորդը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կրտսեր եղբայր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն է։ 

Այլ հարց էլ է ծագում․ եթե Ռուսաստանում բացվում է, ապա ինչո՞ւ փակվեց 1992 թվականից գործող Շիրակի դպրանոցը, որն ուներ 21 քահանա և տպագրում է «Սուրբ Յոթվերք» ամսաթերթը։ 
 «Ցայգ» հեռուստաընկերության եթերով թեմի առաջնորդն ուղիղ եթերով զրուցում էր թեմի հավատացյալների հետ «Եղիցի լույս» հաղորդաշարով։ Տպավորություն է, թե պարզապես վերցրին թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռիքից, տարան միացրին Սևանին, իսկ հետո արդեն Հառիճում ստեղծեցին ավագ դպրոցատիպ դպրանոց, որն անմիջականորեն Մայր Աթոռի իշխանության տակ  է։ Բնականաբար, Շիրակի թեմի առաջնորդ  Աջապահյանի կապը դպրանոցի հետ կտրվեց՝ մի կողմից, և Արթիկն էլ հանեց Շիրակի թեմից։
 2001թ․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն այդ կարծիքն չէ, որ դպրանոցն իր ձեռքից վերցրին։

 Ասաց, որ, իհարկե, Հառիճինը Շիրակինը չէ, բայց նույն ծրագրի շարունակությունն է։ «Տեղափոխվեց և նպատակահարմար գտնվեց դա վերածել ավագ դպրոցի։ Այդքան բան»։
Ինչ վերաբերում է դպրանոցը Մայր Աթոռի վերահսկողության տակ առնելուն, ապա Շիրակի թեմի առաջնորդն ասում է՝ բոլոր դպրոցներն էլ Մայր Աթոռի իշխանության տակ են։ 
Հարցին, թե, այնուամենայնիվ, իշխանություններին քննադատել սիրող Միքայել եպիսկոպոս Աջապահյանը չի՞ համարում, որ իրեն դպրանոցով պատժեցին, ասաց․«Ինչո՞ւ, ես ո՞վ եմ եղել։ Ես շատ հնազանդ, խելոք մարդ եմ։ Ես միշտ էլ օրվա իշխանություններին ընդդիմադիր եմ, առաջ էլ էի ընդդիմադիր, այսօր էլ»։ 

Հարցին, թե նորերի մեջ ինչն իրեն դուր չի գալիս, Շիրակի թեմի առաջնորդն ասաց՝ էհ, հիմա դա հեռախոսային խոսակցություն չէ։ Հարցրինք նաև՝ որպես թեմի առաջնորդ, տեսնո՞ւմ է, որ թեմի բնակչության կյանքը փոխվել է, լավացել է։ «Ինչ-որ հաջողության պատմություններ են ներկայացվում, 120 փաստ է ներկայացվում, որ Հայաստանում երջանկության ինդեքսն է բարելավվել, քաղաքացին ազատ ու երջանիկ է դարձել, Հայաստանը դառնալու է տաղանդների դրախտ և այլն, և այլն»,- մեր այս հարցի յուրաքանչյուր թվարկումից հետո Շիրակի թեմի առաջնորդն արձագանքում էր՝ ըհը, ըհը։ Բայց մեր այն ամփոփիչ հարցին, թե կա՞ ինչ-որ ուրախալի բան Շիրակի ժողովրդի կյանքում, ասաց․ «Չգիտեմ․․․ որքանով կարող է կապված լինել իշխանությունների հետ, բայց փողոցներ են սարքվում․․․ ինչ-որ բաներ կառուցում»…