Կրկնակի հացադուլ՝ գործի վերանայման համար

Կրկնակի հացադուլ՝ գործի վերանայման համար

Ցմահ դատապարտված Վաղարշակ Ավետիսյանին հանդիպել եմ վեց ամիս առաջ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում՝ առաջին անգամ հացադուլ հայտարարելու օրերին: Վաղարշակը դատապարտվել է 20 տարեկանում՝ դաժանաբար սպանելու համար: Արդեն 11 տարի է` կրում է պատիժը մի բանի համար, որը, իր պնդմամբ, ինքը չի կատարել: Բանտարկված է, իր ասելով` նախաքննական ու դատաքննական մարմինների կամայականության հետեւանքով:

«Դատախազը թղթի վրա գրում էր՝ վիզ վեկալ, կասես ինքնապաշտպանություն ա եղել: 20 տարեկան ես, քեզ 12 տարի կտան, 30-ում կհելնես։ Ասում էի՝ չէ, եթե ես չեմ սպանել, ինչի՞ վիզ վեկալեմ: Երդվում ա, որ ցմահ ա տալու: Ասում եմ` տուր, բայց ներքուստ չեմ հավատում, որ 20 տարեկան տղուն կարա ցմահ տա: Ու պատկերացնո՞ւմ եք, երբ դատարանում երիտասարդ տղայի համար ցմահ դատավճիռ են կարդում: Եվ դա անում ա մի դատավոր, որն ամբողջ դատի ընթացքում տետրիս ա խաղում»,- պատմում էր Վաղարշակը:

Վաղարշակն ուզում է, որ իր գործը վերանայեն: Անմեղությունն ապացուցելու համար կրկնակի դատաքննություն է պահանջում: 11 տարի բողոքներ է ներկայացրել արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին, բոլոր ժամանակների ղեկավարներին: Գրել է, որ իրեն հանիրավի են դատապարտել: «Դիմումներն առանց կարդալու, ռեպլիկ-պատասխաններ են ուղարկել, որոնք վերաբերել են վաղաժամկետ ազատմանը»:

Վարչությունից պատասխանել են, որ 20 տարի կալանքը կրելուց հետո, եթե տույժեր չունենա, կներկայացնեն վաղաժամկետի: «Բայց դիմումս կապ չունի վաղաժամկետի հետ: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»,- պնդում է դատապարտյալը:

Հեղափոխությունից հետո, հույս ունենալով, որ նոր Հայաստանի արդարադատությունը հաշվի կնստի ոչ թե շինծու, այլ իրական փաստերի հետ, որից էլ կախված կլինի իր եւ բախտակիցների ճակատագիրը, շարունակել է գրել, միաժամանակ հացադուլ հայտարարել՝ խնդրին ուշադրություն հրավիրելու նպատակով:

Հացադուլը դադարեցրել է միայն այն բանից հետո, երբ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հանդիպել է իր հետ: Դրանից հետո լիահույս է եղել, որ գործը վերջապես կվերանայեն: Ամիսներ են անցել նրա առաջին հացադուլից, բայց «սայլը տեղից չի շարժվել»:
Վեց ամիս անց երկրորդ հացադուլն է հայտարարել՝ անժամկետ, ու արդեն հինգերորդ օրն է՝ պատկան որեւէ մարմին, որեւէ իրավապաշտպան կամ նման կազմակերպություն չի այցելել դատապարտյալին: Նույնիսկ հետաքրքրություն չի ցուցաբերվել բարձրացված խնդրին: