Նիկոլ Փաշինյանն իր հարցերն է լուծում, իսկ Ձկնկու՞լը

Նիկոլ Փաշինյանն  իր հարցերն է լուծում, իսկ Ձկնկու՞լը

Նիկոլ Փաշինյանը Կապանում փակագծեր բացեց, թե ինչու էր այցելել ՀՔԾ։ Ասաց, որ գնացել էր «Կոշ» քրեակատարողական գաղութում իր դեմ բռնության դեպքի մի քրեական գործի շրջանակներում։ Ըստ որում, նա, իբրև թե, անկեղծանալով` ասաց, որ սկզբում անձամբ է մտածել դրան ընթացք տալու մասին, ապա մտածել է, որ «Սիրուն չէ, Տարոն», բայց հետո հայտնվել է մի այլ քաղաքացի ու գնացել, իրավապահներին այդ մասին հաղորդում է տվել։ Թե ով է այդ քաղաքացին, ինչու, ինչ քննչական գործողություններ են կատարվել, ՀՔԾ-ն այս առնչությամբ ինչպես օրեր առաջ, այնպես էլ հիմա ոչինչ չի հայտնում՝ հաղորդելով․ «Նախաքննության շահերից ելնելով՝ քրեական գործի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում»։

2010 թվականին «Կոշ» ՔԿՀ-ում բռնության դեպքի մանրամասները ներկայացրել է Փաշինյանի պաշտպան Վահե Հովսեփյանը՝ ասելով, որ նոյեմբերի 11-ին, գիշերը ժամը 2.30-ի սահմաններում Նիկոլ Փաշինյանն արթնացել է՝ զգալով տարօրինակ շարժ, որը տեւել է մոտ 20 րոպե: Դրանից հետո ինչ-որ անձինք մոտեցել են իր քնելատեղին եւ բացել են վարագույրը: Այդ ժամանակ Նիկոլը տեսել է 2 դիմակավորված անձանց, որոնք, իր տպավորությամբ, եղել են հատուկ նշանակության ջոկատայինների հագուստով` սեւ գույնի, դիմակները եղել են, ըստ իր տպավորության` գործարանային արտադրության, ինչի մասին վկայել են դիմակների աչքերի շուրջն առկա կապույտ երիզները:

Տեսնելով, որ Նիկոլն արթուն է, մի պահ կարկամել են, որոշակի դադարից հետո սկսել են ոտքերով նրան հարվածել մոտ մեկ րոպե, որի ընթացքում Նիկոլն ինչ-որ բան է գոռացել: Որից հետո այդ անձինք արդեն իսկ հավաքված կիսամերկ դատապարտյալների միջով հեռացել են: 4-5 րոպե անց եկել են հսկիչները եւ Նիկոլին տարել են հերթապահ մաս, որտեղ Նիկոլը մնացել է մինչեւ վաղ առավոտ: Քանի որ Նիկոլն այդ օրը պետք է ունենար երկարատեւ տեսակցություն, նա խնդրել է ՔԿՀ վարչակազմին, որպեսզի մի շարք իրեր, այդ թվում նաեւ իր վերմակը, որով նա ծածկված է եղել գիշերը, տանել հերթապահ մաս: Երկարատեւ տեսակցության սենյակում բացելով այդ իրերը, պարզվել է, որ վերմակի ծրարի վրա առկա են սապոգի, ինչպես նաեւ արյան հետքեր: Նիկոլ Փաշինյանը եւ փաստաբան Վահե Հովսեփյանը` ներկայությամբ հերթապահ պատասխանատու Բեգլարյանի, անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Զաքարյանի, նայել են եւ վերմակի ծրարի վրա արձանագրել յոթ սեւ գույնի հետք` ակնհայտորեն սապոգի կողմից թողնված, ինչպես նաեւ վերմակի ծրարի հակառակ կողմին` չորս հատ արնանման հետք: Արյան հետքեր առկա են եղել նաեւ Նիկոլի գիշերազգեստի վրա:

Հիշեցնենք, որ ժամանակին Փաշինյանների ընտանիքին պատկանող ՀԺ-ն հարցազրույց էր վերցրել Մոսկվայում սպանված Արմեն Իսրայելյանից (Ձկնկուլ), որը ավելի վաղ տված իր հարցազրույցում մի շարք աղմկոտ հայտարարություններ էր արել:

Իսրայելյանը, որ 2002 թվականից աշխատել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընկերություններից մեկում, ՀԺ-ին տված հարցազրույցում պնդել էր, որ Ալեքսանյանն առեւանգել է իրեն, խլել իր ունեցվածքը, մանրամասն պատմել, թե ինչից են սկսվել խնդիրները: Ավելացրել, որ իր տան անդամներին էլեկտրոնային կրիչ է տվել, որ եթե իրեն ինչ-որ բան պատահի, ապա ողջ պատասխանատվությունը պետք է կրի Սամվել Ալեքսանյանը: Իհարկե, դրանից հետո Ձկնկուլը սկսեց հերքել իրեն՝  հայտարարելով,  թե խմած է եղել, չի իմացել, որ ձայնագրում են: Իսկ հետագայում նրան սպանված էին գտել ՌԴ մայրաքաղաքում։ Հետաքրքիր է՝ ՀԺ-ի նախկին խմբագիրը որևէ խղճի խայթ չի՞ զգում Ձկնկուլի մահվան կապակցությամբ, որ ոչ մի մարդ չի գտնվում, որ գնա ու որևէ նախաքննական մարմնի տեղեկություններ հաղորդի։