Աբովյանում պարտվեց իշխանությունը, հաղթեց հեղափոխությունը

Աբովյանում պարտվեց իշխանությունը, հաղթեց հեղափոխությունը

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում երեկ հաղթեց գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը։ Նա վայելում էր ԲՀԿ-ի եւ անձամբ Գագիկ Ծառուկյանի աջակցությունը, բայց, անկախ դրանից, աբովյանցիները նրան լավ էին վերաբերվում ու դժգոհ չէին նրա աշխատանքից։ Հեղափոխական իշխանությունները, սակայն, որոշել էին հեղափոխությունը նաեւ Աբովյան «մտցնել» ու մտցրին։

Պարզապես դա տեղի ունեցավ ոչ թե իրենց թեկնածուին՝ Գրիգոր Գուլյանին անցկացնելու տեսքով, այլ ազատ ու արդար ընտրություններ ապահովելով։ Դրա արդյունքում ընթացավ թեժ պայքար, եւ ընդամենը 395 ձայնի տարբերությամբ Գեւորգյանին հաջողվեց հաղթել Գուլյանին։ Սա, ինչ խոսք, հեղափոխություն էր Աբովյանում, մի քաղաքում, որը մշտապես իշխանությունների թեթեւ ձեռքով «հանձնված» է եղել Գագիկ Ծառուկյանի «տիրապետությանը»։ Այս քաղաքին մոտ չեն եկել ՀՀԿ-ականները, թողել են, որ Ծառուկյանի թիմն այստեղ իշխի։ Նիկոլ Փաշինյանը փորձեց խախտել այս «ավանդույթը»՝ առաջադրելով իր թեկնածուին, անգամ եկավ-քայլեց Աբովյանում, քայլերթին մասնակցեցին հիմնականում Երեւանից ժամանած ՔՊ-ականներ, ընտրություններից մի օր առաջ էլ ԱԱԾ-ն քրգործ հարուցեց քաղաքապետարանում հայտնաբերված չարաշահումների մասով, էլ չենք ասում, որ Կոտայքի մարզպետ, Աբովյանի բնակիչ Ռոմանոս Պետրոսյանն էլ խրոխտ կեցվածքով «ճակատամարտի» առաջին գծում էր եւ ամեն ինչ անում էր, որ իրենց թեկնածուն հաղթի, բայց այս բոլոր ջանքերն անցան ապարդյուն։ Աբովյանցին ընտրեց Վահագն Գեւորգյանին։ 

Ճիշտ է, ՔՊ-ականները ծանր են տանում այս փաստը, իսկ մարզպետն ուղղակի իր տեղը չի գտնում, երեկ իր հարցազրույցներում նա խայթում էր ԲՀԿ-ականներին ու հաղթած քաղաքապետին, բայց այս ամենի տակից դիվանագիտորեն դուրս եկավ Նիկոլ Փաշինյանը։ Նա երեկ կայացած հայ-իտալական բիզնես ֆորումի ժամանակ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ սա հեղափոխության հաղթանակն էր, եւ որ ժողովրդավարությունն այդպիսի բան է՝ մե՛կ կարող է հաղթել իշխանության թեկնածուն, մե՛կ՝ ընդդիմության, հին բարքերն այլեւս չեն գործում։

ՔՊ-ի պարտված թեկնածու Գրիգոր Գուլյանը, որն ակամա հայտնվել էր մարզպետ-քաղաքապետ «հակամարտության» կիզակետում՝ որպես թեկնածու, Վահագն Գեւորգյանի հաղթանակի եւ իր պարտության վերաբերյալ գնահատականներում բավականին զուսպ եւ համեստ գտնվեց՝ ի տարբերություն իրեն սատարող մարզպետի։ «Ես դա չեմ համարի էդպես պարտություն, որովհետեւ Աբովյանում աննախադեպ էին նման ընտրությունները։ Ամեն դեպքում, յուրաքանչյուրս շարունակելու ենք մեր գործը՝ ի շահ համայնքի, ես դա իմ մասով եմ ասում»,- ասաց Գրիգոր Գուլյանը։

- Ինչո՞վ էին աննախադեպ։

- Աննախադեպ էր, որովհետեւ նման արդյունք, նման հավասար պայքար, որ թվերն են ցույց տալիս, ես՝ ինքս, չեմ հիշում նման դեպք։

- Կիրակի ամբողջ օրը հասարակությունը հետեւում էր ընտրություններին, եւ քննադատություններ էին հնչում, որ իշխանությունը՝ ի դեմս Կոտայքի մարզպետի, վարչական ռեսուրսն ու լծակներ է կիրառում, որ հաղթանակ ապահովի իշխանական թեկնածուին, ընդհուպ՝ մարզպետն անգամ վստահված անձի վկայական է վերցրել։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ։

- Ապատեղեկատվություն է, ոչ մի վարչական ռեսուրս, համենայնդեպս՝ մեր կողմից, չի կիրառվել, մարզպետն արձակուրդի մեջ է եղել եւ որպես Աբովյանի քաղաքացի՝ իրավունք ուներ լինել վստահված անձ։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես վարչական ռեսուրսներին, ես հերքում եմ՝ ի՞նչ վարչական ռեսուրսի մասին է խոսքը։ Իսկ թիմի հետ կապված, որ վարչապետն էլ է այցելել, մենք դրան բազմիցս անդրադարձել ենք, որ սա կուսակցության աշխատանքն է, կուսակցությունն է ինձ առաջադրել, եւ որպես կուսակցության առաջնորդ՝ վարչապետն իրավունք ուներ այցելելու նաեւ քաղաք Աբովյան։

- Պարոն Գուլյան, գուցե Դուք շատ արժանի թեկնածու էիք Աբովյանի քաղաքապետի համար, այդուհանդերձ, այնպիսի տպավորություն էր, որ ինչպես մյուս քաղաքներում, այնպես էլ Աբովյանում մարդկանց պարտադրում եք ձայն տալ ավելի շատ ՔՊ-ին ու Նիկոլ Փաշինյանին, այլ ոչ թե բուն թեկնածուին, ում այդքան էլ լավ չէին ճանաչում։

- Գիտե՞ք, ես չէի մեկնաբանի այդ մեկնաբանությունն այն իմաստով, որ իմ կարծիքն այլ է, իսկ նման տեսակետ ձեւավորելիս ինձ թվում է՝ պետք է առաջնորդվել քաղաքացիների կարծիքով։ Քաղաքացիները պետք է ասեն՝ ինչպես են ընտրել ինձ, ես ո՞նց կարող եմ ասել։

- Այսինքն, եթե Դուք առաջադրված չլինեիք ՔՊ-ի կողմից, եւ Նիկոլ Փաշինյանն էլ չսատարեր Ձեզ, Դուք՝ ինքներդ, կհավաքեի՞ք այդքան ձայն։

- Շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Քաղաքացին թեկնածուին քվեարկում է իր կատարած աշխատանքով, իր կենսագրությունից ելնելով, իր գործունեությունից ելնելով, իր աշխատանքային փորձից ելնելով, նաեւ՝ իր կուսակցական պատկանելությունից։ Միանշանակ չի կարելի ասել՝ կոնկրետ այս գործո՞նն է հաշվի առնվել։

- Հիմա Ձեր դեպքում ո՞ր գործոնն է ավելի շատ հաշվի առնվել, եւ Ձեր կատարած ո՞ր աշխատանքն են աչքի առաջ ունեցել Ձեզ ձայն տվողները։

- Բոլոր գործոններն էլ հաշվի են առնվել, նաեւ իմ կատարած աշխատանքը, որ այժմ ես աշխատում եմ Կոտայքի մարզպետարանում, բայց մինչ այդ ունեցել եմ 18 տարվա տեղական ինքնակառավարման բնագավառում երկարամյա աշխատանքային փորձ։

- Պատրա՞ստ եք շնորհավորել հաղթած թեկնածուին։

- Ես սպասում եմ ԿԸՀ վերջնական արդյունքներին եւ ըստ այդմ՝ իմ անելիքը կանեմ։

ՀԳ․ Մենք զրուցեցինք նաեւ պարտված թեկնածուներից ամենաքիչ ձայն հավաքած Արթուր Ղազարյանի հետ։ Նա ասաց, որ բոլորի համար ընտրություններում հավասար պայմաններ էին ստեղծված։ «Կարող է սատարող ուժեր կային պետական ռեսուրսներից, բայց դա ինձ ոչ մի բան չի ասում։ Աբովյանցին իր քայլն արեց ու իր որոշումը կայացրեց՝ անկախ սատարող ուժերից, անկախ ամեն ինչից»,- ասաց նա։ Բայց չմանրամասնեց, թե ովքեր ինչ պետական ռեսուրս են չարաշահել․ «Բաներ կան՝ տեսել եմ, բայց էլի չեմ ուզենա մեկնաբանեմ։ Բաներ կան՝ հա, ակներեւ են եղել թե՛ պատգամավորների քանակից, թե՛ Աբովյան մտած նախարարների քանակից։ Նախարարներն էդքան չէին գալիս Աբովյան»։ Արթուր Ղազարյանը, ի տարբերություն Գրիգոր Գուլյանի, «դուխով» ասաց, որ շնորհավորելու է Վահագն Գեւորգյանին․ «Չէ՞ որ ես էլ եմ Աբովյանի քաղաքացի ու ես էլ եմ ապրում էս քաղաքում»։