Գտնումների հույսը կորուստների ճանապարհն է

Գտնումների հույսը կորուստների ճանապարհն է

Հայաստանը՝ որպես անկախ պետություն, Ռուսաստանին պետք չէ ու չի եղել։ Այն մտայնությունը, որ Հայաստանն առանց Ռուսաստանի չի կարող գոյատեւել ու պահպանել իր տարածքային ամբողջականությունը, պարզապես թյուրընկալում է։ Իսկ ի՞նչը կարող է մեր ճանապարհը լուսավորել, մեզ հույս ու հավատ ներշնչել, տանել ազգանպաստ, պետականանպաստ գործողությունների։ Ես կասեի՝  այն ամենը, ինչը վերանձնական է։ Մենք՝ հայերս, ամեն ինչին նայում ենք անձնականի չափանիշներով։ Արցախյան ազատամարտին մասնակցելու եւ մարտիկներ զորահավաքելու համար Վանո Սիրադեղյանն ու Վազգեն Սարգսյանը մարդկանց խոստանում էին գրոշների դիմաց սեփականաշնորհման կարգով տալ գործարաններ, արտադրամասեր, հանքեր եւ այլ մեծարժեք օբյեկտներ։ Ազատամարտում մեր ազգանվեր, անաչառ հերոսներից շատերը Մոնթեի պես՝ անհայտ հանգամանքներում զոհվեցին։ Պատերազմի ավարտից հետո ՀՀ տնտեսության գերակշիռ մասն անցավ «կռվածների» ձեռքը, իշխանությունը՝ նույնպես։

Վճարովի հայրենասիրությունը բերեց այնպիսի պետական համակարգերի ստեղծման, որ մեր երկիրը լքեց նրա ճակատագրով ապրած ժողովրդի սերուցքը։ Հիմա էլ սնքրտալով սպասում ենք, թե Պուտինը երբ է Արցախի անկախությունը ճանաչելու։ Քանի դեռ կա Ռուսաստանը, քանի դեռ մենք առկախվելու ենք նրանից, միշտ տարածքներ ենք կորցնելու ու միջազգային խնդիրներ ենք ունենալու։ Նա այդպես է վարվում իր բոլոր թույլ բարեկամների հետ։ Այսօր հայ ազգի գերակա խնդիրն է՝ Հայաստանը դնել այնպիսի ուղու վրա, որ մենք օր առաջ մեր տնտեսական ու քաղաքական թերարժեքության բարդույթից ազատվենք ու խաղաղ ճանապարհով հաղթահարելով Ռուսաստանի գրավիտացիան՝ նոր ուղեծիր դուրս գանք։

Չի եղել արցախյան ծանր ու անլուծելի խնդիր, այն մեր քաղաքական էլիտան էր այդպես ներկայացրել, որ հանգիստ թալաներ երկիրը՝ Ադրբեջանի կողմից ամեն րոպե սպասվող ենթադրյալ ռազմական գործողությունների վտանգի տակ։ Այն, որ այդ քաղաքական էլիտան իր գործողություններով Արցախի ու Հայաստանի ամրոցների դարպասներն էր բացել Ադրբեջանի առջեւ, հիմա կամաց-կամաց հաստատվում է։ 

ՀՀ-ում վերջին 30 տարում կառուցվել են այնքան շատ եկեղեցիներ, որոնց վրա ծախսված գումարներով կարելի էր Արցախի հողի վրա ապրող ամեն մի մրջյունին մեկական թնդանոթով զինել, իսկ Աստված կեղծ աղոթքներ քիչ կլսեր։ Մանուկներին ու երեխաներին մորթվելուց փրկելն ավելի աստվածահաճո գործ է, քան երկնաքեր եկեղեցիներ կառուցելը։ Խոսրովի անտառները հարուստների ու իշխանավորների համար վերածվել էին որսատեղիի։

Հրազդանի կիրճի ռեստորաններում ու երկրի անհամար խաղատներում հարուստներն ու իշխանավորները գիշեր-ցերեկ գինարբուքի մեջ էին,  երբ ապրիլյան պատերազմն էր ընթանում, ու մեր զինվորները մարտադաշտում անգամ խմելու ջուր չունեին։ Սա իշխանավորների կողմից մեր պետականության նկատմամբ դավադրություն չէ՞ր։ Գումարի ու գույքի տեսքով նրանց կողմից մեր երկրում հանցավոր ճանապարհով կատարված տասնյակ միլիարդավոր դոլարների յուրացումները եթե չլինեին, ու այդ գումարները մնային մեր պետբյուջեում ու ծախսվեին մեր պաշտպանական կառույցների հզորացման համար, նախ ապրիլյան պատերազմը չէր լինի, իսկ եթե լիներ, ապա օրեր հետո Կասպից ծովն էլ մերը կլիներ, եւ ոչ թե տարածք կզիջեինք ու հարյուրավոր զինվորներ կկորցնեինք։ Այսօր այդ տականքներն ու ազգադավներն ընդդիմություն են խաղում, որ պետությունն «առողջանա»։ Հայաստանում ավելի շատ «գողականների» որջեր կային, քան գիտական ամբիոններ։ Այդ ամբողջ կեղտը ներմուծվում էր Ռուսաստանից, որն էլ մեր քաղաքացիական գիտակցությանը մեծ վնաս է հասցրել՝ ներողամիտ չենք, մեր ազգին անհարիր դաժանություն ունենք, հասարակական վայրերում լսում ենք շան կաղկանձ հիշեցնող երաժշտություն ու հաճախ ոհմակային պահվածք ենք ցուցաբերում կենցաղային մակարդակի վեճերի ժամանակ։

Ռուսաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո տարբեր երկրների ներեց տրիլիոն դոլարի պարտքեր, իսկ նրա փրկության համար բոլորից շատ արյուն թափած հայերից, որպես գույք՝ պարտքի դիմաց, խլեց պարտքից տասնապատիկ ավելի գույք։ Ռուսական իշխանավորները մեր մեջ սիրում են միայն իրենց համախոհներին ու մեր ազգուրացներին։

Իրականության առողջ գիտակցումը, հանրային շահի վերադասումը, անձնվեր հայրենասիրությունը, պետականապաշտությունն ու անաչառ ազգասիրությունը մեզ կօգնեն հեռահար նպատակներ հետապնդելու ու դրանց հասնելու։ Եթե որեւէ քաղաքական ուժի այսօր ժողովուրդը չի վստահում, եւ նա չի կարող իշխանության մեջ գործել, թող գիտակցի եւ ուղղի իր սխալը, նաեւ արժանապատվորեն տանի իր պարտությունը, ոչ թե թակարդներ լարի ու վայնասուն բարձրացնի։ Հայաստանը «թատերական» գործողություններ շատ է տեսել, բայց մեր ժողովրդի մոտ բնազդի մակարդակով նստած է անհանդուրժողականությունը․ աշխատեք այն չարթնացնել, իշխանությունն արդեն ժողովրդինն է, դուք նրանում այլեւս տեղ չունեք։