Բերման է ենթարկվել 22 անձ, ևս 3 անձ ներկայացել է ինքնակամ․ Քննչական կոմիտե

 Բերման է ենթարկվել 22 անձ, ևս 3 անձ ներկայացել է ինքնակամ․ Քննչական կոմիտե

Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի հանգամանքները, անմիջական մասնակիցություն ունեցած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 22 անձ, ևս 3 անձ ներկայացել է ինքնակամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն։ 

13 անձ ձերբակալվել է՝ անկարգություններին մասնակցելու կասկածանքով, հարցաքննվել։

7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

5 անձ քրեական գործի շրջանակում ունի վկայի դատավարական կարգավիճակ:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ևս 11 անձի հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական  տալու ուղղությամբ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ, ինչի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։