ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր նախագահը մասնավոր սեկտորից է

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր նախագահը մասնավոր սեկտորից է
Գևորգ Մուրադյան

Երեկ մայր բուհում տեղի ունեցավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի գլխավոր օրակարգային հարցը խորհրդի նախագահի ընտրությունն էր։ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը խոսքի իրավունք ուզեց եւ նշեց, որ թեեւ մամուլում լայնորեն շրջանառվում էր իր թեկնածությունը, բայց ինքն ուզում է առաջադրել Գեւորգ Մուրադյանի թեկնածությունը, ով ԵՊՀ սաներից է եղել եւ կարող է լավագույնս իրականացնել  վերապահված գործառույթները։ Գեւորգ Մուրադյանից բացի, այլ թեկնածուներ չառաջադրվեցին, իսկ Մուրադյանի թեկնածությունը խորհրդի 32 անդամների կողմից անցավ միաձայն։  

Մուրադյանն իր խոսքում նշեց, որ ասպիրանտուրան նույնպես ավարտել է ԵՊՀ-ում, ուսումն ստացել է Եվրոպայում, ԱՄՆ-ում։ 2011-ին վերադառնալով Եվրոպայից՝ աշխատել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում, որից հետո՝ 2016-ին, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից հրավեր է ստացել՝ աշխատելու խորհրդականի պաշտոնում եւ զբաղվել է հիմնականում կրթության, գիտության եւ սոցիալական հարցերով։ Կառավարության փոփոխությամբ պայմանավորված՝ դուրս է եկել, այժմ աշխատում է մասնավոր սեկտորում, հիմնարկը զբաղվում է հիմնականում բիզնեսի հետ կապված հետազոտական աշխատանքներով։

Հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահն իր ելույթում ընդգծեց՝ բարձրագույն կրթությունն այսօր ամբողջ աշխարհում կանգնած է մարտահրավերների առաջ, ԵՊՀ-ն խնդիրներ ունի գրեթե բոլոր ուղղություններով, իսկ  իր առաջնային նպատակը բուհական խնդիրները դիագնոստիկա անելն է․ «Պետք է հասկանանք խնդիրների առաջնահերթությունը, ինչ պոտենցիալ ունի ԵՊՀ-ն, ինչ բարեփոխումների եւ ինչ հնարավորության դեպքում մենք կարող ենք ավելի մեծ գումարային ներհոսք ապահովել ԵՊՀ եւ շատ ավելի լավ վարձատրել մեր դասախոսներին, միջազգային բարձր որակի կրթություն տալ մեր ուսանողներին, ինչը կբերի ԵՊՀ-ի հեղինակության բարձրացմանը։ Մի բան կարող եմ խոստանալ, որ մեր բոլոր գործողություններն ուղղված են լինելու համալսարանի շահին»։ 

Ըստ Գեւորգ Մուրադյանի՝ ԵՊՀ ֆինանսական հարցերը լուծելու համար պետք է նախ հասկանալ, թե խնդիրը որտեղից է գալիս. «Խնդիրը նրանում է, որ բյուջեի այսօրվա մուտքերի մոտ 70-80 տոկոսը գալիս է ուսանողների ուսումնական վճարներից, փաստացի, դա պրոբլեմատիկ է։ Եթե նայեք միջազգային փորձին, ապա ցանկալի է, որ դա ընդհանրապես 30 տոկոսը չանցնի։ Մուտքերի մեծ մասը պետք է մեծացնել աշխատանքի հաշվին, նաեւ միջազգային կազմակերպությունների հետ՝ բիզնեսի հաշվին։ Կարծում եմ՝ թե՛ հնարավորություններ, թե՛ ցանկություն կա, եւ խոստանում եմ այդ ուղղությամբ այս տարի աշխատանք տանել»։ 

Թե որքանով են ԵՊՀ-ի ծախսերն արդյունավետ կատարվել, ծանոթացե՞լ է հաշվետվությանը, Մուրադյանն ասաց․ «Հարցեր կան, որ էֆեկտիվության տեսանկյունից պետք է բարձրացվեն, ռեկտորի հետ քննարկում դեռ չի եղել, եւ պնդել, թե որքանով են այդ ծախսերն էֆեկտիվ եղել կամ ոչ, չեմ կարողանա ասել»։ 

Իր գլխավոր անելիքը համարելու է ԵՊՀ-ն ուսանողի համար ավելի ուժեղ, գիտնականի համար գիտահետազոտական համալսարան դարձնելը, ԵՊՀ դասախոսի համար պատիվ դարձնել այն հանգամանքը, որ ինքն աշխատում է Երեւանի պետական համալսարանում եւ կրթում է ՀՀ ապագան որոշող սերունդ։  

Թե ինչպես է գնահատում նախորդ հոգաբարձուների խորհրդի աշխատանքը, որի նախագահը Սերժ Սարգսյանն էր՝ ի պաշտոնե քաղաքական անձ, ասաց. «Նման որոշումներն իրավիճակային են այն տեսանկյունից, որ եթե օրենքը չի արգելում, ապա նման հարց չկա՝ քաղաքական ղեկավար, թե ոչ քաղաքական։ Ես անձամբ դրան կարեւորություն չեմ տալիս, խնդիրը նրանում է, թե որքանով ես կարողանում այդ գործընթացի մեջ մտնել կամ չմտնել։ Կառավարչական տեսակետից, մինչեւ վերջերս խորհուրդներին տրված էին ավելի շատ վերահսկողության եւ ռազմավարության գործառույթներ, որը, կարծում եմ, խորհուրդները բավականին լավ իրականացրել են»։  

Անդրադառնալով իր՝ իշխանական թեկնածու լինելու լուրերին, նկատեց․ «Ես լավ չեմ հասկանում իշխանական եւ ոչ իշխանական թեկնածու ասվածը, ԵՊՀ խորհուրդը կազմված է 32 անդամից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ձայնի իրավունքը։ Հույս ունեմ՝ մարդիկ քվեարկել են՝ ելնելով պրոֆեսիոնալիզմից, ոչ թե հին, նոր կամ նմանատիպ այլ մոտեցումներից»։    

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր խոսքում նախ շնորհավորեց խորհրդի նորընտիր նախագահին՝ հույս հայտնելով, որ դեռ երկար կաշխատեն միասին, ապա ներկայացրեց 2017-18թթ․ ուստարվա հաշվետվությունը։ Ըստ նրա՝ ԵՊՀ-ի կարեւորագույն մարտահրավերներից է դասախոսական կազմի վերապատրաստումը, որը պահանջում է համապատասխան ռեսուրսների ու մեխանիզմների ներդրում։

Սույն տարվա ընթացքում համալսարանը զեղչեր է արել վճարովի համակարգում սովորող ուսանողների վարձերի համար, 1-ին կիսամյակում՝ 2 հազար 222, 2-րդ կիսամյակում՝ 2 հազար 568 ուսանողի համար, ընդհանուր առմամբ՝ արվել է մոտ 420 մլն դրամի զեղչ։ Իսկ ԵՊՀ աշխատողներին հատկացվել են լրավճարներ, շուրջ 140 մլն դրամ էլ ուղղվել է աշխատակիցների առողջապահական եւ բժշկական ապահովագրությանը։ Այդուհանդերձ, ինչպես նկատում է Սիմոնյանը, բյուջեի գերակշիռ մասը գնում է աշխատավարձերին։ 

ԵՊՀ-ում դասավանդող 1192 դասախոսների 71 տոկոսից ավելին ունի գիտական աստիճան։ Ըստ նրա՝ բուհի գիտական ձեռքբերումները ներկայացված են 1456 հոդվածներում, որից 58-ը՝ մենագրություն, 236-ը թեզիսներ են, որոնք ներկայացվել են տեղական եւ միջազգային գիտաժողովներին։ 

Սիմոնյանը խոսեց կառավարության վերջին որոշումներից մեկի՝ բուհերի բազային ֆինանսավորման մասին։ «Այս առաջարկը ֆինանսների նախարարությանն է, ես ուզում եմ ձեզ ասել, որ նման առաջարկի՝ օրենքի ուժ ստանալու դեպքում ԵՊՀ-ն ամսական կկորցնի 50 մլն դրամ, իսկ մեր բազային ֆինանսավորման մեջ ընդգրկված 401 աշխատողներից առնվազն կեսը կդառնա գործազուրկ, որովհետեւ դժվար է պատկերացնել, որ Երեւանի պետական համալսարանը նախկին տեմպերով կկարողանա այդ մրցույթներում հաղթել մյուս մրցակիցներին՝ բազային ֆինանսավորման ոլորտում։ Սա շատ ծանր հետեւանք կարող է ունենալ մեր գիտության զարգացման համար։ Ես ուզում եմ ձեզ խնդրել՝ ամեն ինչ անել հոգաբարձուների խորհրդի կողմից այդ նախագիծը կյանքի չկոչելու համար»,- հորդորեց Սիմոնյանը։