Բաքվի նահանջը, կամ ինչպես բլոգերը փողոց հանեց 10 հազար ադրբեջանցու
Ադրբեջանում վերջին օրերին բավականին դրամատիկ զարգացումներ էին տեղի ունենում։ Անցյալ հանգստյան օրերին Բաքվում բողոքի ցույցի դուրս եկավ ոչ ավել, ոչ պակաս՝ 10 հազար մարդ, ինչպես նշում է ադրբեջանական ընդդիմությունը, կամ 3 հազար մարդ, ինչպես հայտարարում են պաշտոնական աղբյուրները։ Թե ում ներկայացրած թիվն է իրական, դժվար է ասել, սակայն հետաքրքրականը բուն բողոքի ցույցի փաստն է։
Պատճառը բլոգերն էր
Հայաստանյան լսարանին քիչ է ծանոթ Մեհման Հուսեյնով անունը։ Նա ադրբեջանցի բլոգեր է, լրագրող, ով ժամանակին քննադատել է Իլհամ Ալիեւին այն բանի համար, որ վերջինս երկրի առաջին փոխնախագահ է նշանակել իր տիկնոջը՝ Մեհրիբան Ալիեւային, երկրի սահմանադրությունը հարմարեցրել է Ալիեւների ընտանիքի պահանջմունքներին եւ այլն, եւ այլն։ Ինքնին հասկանալի է, որ նման քննադատությունից հետո Մեհման Հուսեյնովը երկար չէր կարող մնալ ազատության մեջ։
Եվ ահա, գործի անցավ ալիեւյան համակարգը․ կարճ ժամանակում բլոգերի վրա «գործ կարեցին», նա հայտնվեց ճաղերի հետեւում եւ արդեն երկու տարի է՝ պատիժ է կրում ադրբեջանական բանտերից մեկում՝ «լրիվ քրեական հոդվածով»։ Նա այս տարվա մարտին պետք է դուրս գար, սակայն ինչ-որ դիպվածով կռիվ է արել բանտապահների հետ, եւ նոր «գործ է կարվել» նրա վրա, որն արդեն սպառնում է 7 տարվա բանտարկությամբ։ Բլոգերը սկսել է բողոքել, փորձել ապացուցել իր անմեղությունը, սակայն ապարդյուն։ Եվ ահա, հերթական փորձը եղավ ճակատագրական։ Հուսեյնովը նստել է հացադուլի, որն էլ պատճառ դարձավ հետագա զարգացումների համար։
Պահանջները քաղաքական էին
Ադրբեջանում բողոքի ցույց անելը, այն էլ՝ զանգվածային բնույթի, բավականին բարդ է։ Պետական մեքենան կլանել է ամեն ինչ։ Հնարավորությունները գրեթե զրոյական են։ Սակայն ամեն դեպքում Մեհման Հուսեյնովի հացադուլը կարծես թե եղավ այն կայծը, որից բոց բռնկվեց։ Ադրբեջանական օրենսդրությամբ՝ չես կարող ցույց անել փողոցում, եւ բողոքավորները ստիպված ընտրել էին Բաքվի ծայրամասերից մեկում գտնվող ֆուտբոլային մարզադաշտը։ Պահանջները բազմաթիվ էին ու բազմապիսի՝ ի պաշտպանություն Մեհման Հուսեյնովին հնչած պահանջներն աստիճանաբար դառնում էին ավելի գոբալ եւ համակարգային։
Աստիճանաբար խոսվում էր երկրում առկա բռնապետական համակարգի, քաղբանտարկյալների, ընդդիմադիրների եւ ոչ իշխանամետ լրագրողների հանդեպ հալածանքների, նաեւ՝ Ալիեւների կողմից երկրից թալանված եւ օֆշորային գոտիներում պահվող գումարների ու դրանց վերադարձի մասին։ Խոսվում էր նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելու, Ալիեւի վարչակազմի՝ այս հարցով ընդհանուր լեզու գտնել չկարողանալու եւ այլնի մասին։ Պարզ ասած՝ խոսվում էր իրական Ադրբեջանի խնդիրների մասին։ Իշխող վարչախումբը սկզբում փորձեց առաջ գնալ «ընդունված պրակտիկայի» համաձայն։ Խափանվեց համացանցի գործունեությունը՝ ցույցի ուղիղ եթերի հեռարձակումը վիժեցնելու համար։ Սակայն եվրոպական կառույցները շատ օպերատիվ արձագանքեցին եւ բավականին կոշտ։ Քննարկման հարց դարձավ նույնիսկ Իլհամ Ալիեւի դեմ սանկցիաներ կիրառելու հարցը։
Իլհամը որոշեց նահանջել
Իշխող վարչակազմին զսպեց թերեւս արեւմտյան եւ հատկապես եվրոպական կառույցների կոշտ արձագանքը։ Առանց այն էլ պարբերաբար եվրոպական մամուլի գլխագրերում հանցավոր ֆինանսատնտեսական գործունեության թեմատիկայով հերոսի կարգավիճակում հայտնվող Ալիեւները որոշեցին նահանջել։ Եվ ահա հայտնի դարձավ, որ Մեհման Հուսեյնովը դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, իր նամակում պարզաբանել ստեղծված կացությունը եւ կրկին հայտարարել, որ անմեղ է։
Հուսեյնովի օգտին երաշխավորությամբ էին հանդես եկել նաեւ տեղի իրավապաշտպանները։ Արձագանքը չուշացավ։ Իլհամ Ալիեւը կարգադրեց վերանայել Մեհման Հուսեյնովի գործը։ Ընդ որում, որպես գործի վերանայման համար առանցքային սկզբունք՝ պետք է նկատի առնվեր մարդասիրության սկզբունքը եւ հաշվի առնվեր, որ Մեհման Հուսեյնովը կորցրել է մորը, խնամքին ունի տարեց հայր եւ հանդիսանում է ընտանիքի կերակրողը։
Բացի այդ, պետք է հաշվի առնվեր, որ դեռ երիտասարդ է, քրեակատարողական հիմնարկում իրեն լավ է դրսեւորել, «ուղղվում է» եւ այլն, եւ այլն։ Հանձնարարական իջեցվեց գլխավոր դատախազին՝ գործի վերանայման մակագրությամբ։ Եվ արդեն երեկ Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարեց, որ գործի վերանայման արդյունքում դադարեցվել է Մեհման Հուսեյնովի դեմ քրեական հետապնդումը։
Ուշագրավ նյուանսներ
Մեհման Հուսեյնովի հացադուլը գուցեեւ այսքան ուշադրության չարժանանար, եթե որպես հասարակական ռադիկալ քայլ՝ արված չլիներ Մնացականյան-Մամեդյարով փարիզյան հանդիպումից գրեթե անմիջապես հետո։ Իսկ այդ հանդիպման մեխն այն արտահայտությունն է, որը վերջին օրերին քննարկվում է մեզանում՝ «ժողովուրդներին պետք է նախապատրաստել խաղաղության»։
Թե ինչ նախապատրաստական աշխատանք տարվեց Մեհման Հուսեյնովի հացադուլով, դրան հաջորդած 10 հազարանոց ցույցով Իլհամ Ալիեւի դեմ, առաջիկա ամիսներին պարզ կդառնա, սակայն այս ամենը կարծես թե հակամարտության կարգավորման ընդհանուր ֆոնին Բաքվի ուղղությամբ Մեծ քաղաքականության խաղացողների «նախազգուշական կրակոցի» տպավորություն թողեց, եւ ըստ ամենայնի, կարելի է ասել, որ այդ «կրակոցի» մեսիջը տեղ հասավ։
Ի դեպ, կրկին դառնանք «մեր ոչխարներին»․ այս ամենը եղավ Փաշինյան-Ալիեւ առաջիկայում սպասվող հանդիպումից առաջ, որը, ըստ ադրբեջանական աղբյուրների, վկայակոչումով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, լինելու է եռակողմ։ Իսկ եթե եռակողմ է, եւ այս առնչությամբ Լավրովի խոսքերն են մեջբերում ադրբեջանական մամուլում, ապա կարելի է հասկանալ, թե երրորդ կողմն ով է լինելու։
Կարծիքներ