2 կինոտոն մեկ օրում․ կկայանա «Անահիտ» մրցանակաբաշխությունը

2 կինոտոն մեկ օրում․ կկայանա «Անահիտ» մրցանակաբաշխությունը

7 տարի առաջ ստեղծված Հայաստանի ազգային կինոակադեմիան ապրիլի 16-ին կանցկացնի Ազգային կինոյի երկրորդ «Անահիտ» մրցանակաբաշխությունը։ «Ապրիլի 16-ը հայկական կինոյի ստեղծման թվերից մեկն է: Կարծում եմ՝ շուտով մենք դիմում կներկայացնենք կառավարությանը եւ օրենսդիր մարմիններին, որպեսզի ապրիլի 16-ը պաշտոնապես ընդունվի որպես հայկական կինոյի օր»,-ասում է կինոակադեմիայի հիմնադիր անդամ, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը։ 

Մրցանակները տրվելու են 12 հիմնական անվանակարգերում` լավագույն խաղարկային, վավերագրական, կարճամետրաժ, անիմացիոն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր, դերասան, դերասանուհի, նկարիչ, կոմպոզիտոր, ձայնային ռեժիսոր, ինչպես նաեւ կավելանա կինոդեբյուտ անվանակարգը: Կտրվի նաեւ հատուկ մրցանակ՝ հայկական կինոյում մեծ ավանդի համար։ 

Ընտրությանը մասնակցելու են միայն հայկական կինոակադեմիայի անդամները, որոնք նույնպես կարող են հայտ ներկայացնել մրցանակաբաշխությանը, բայց այդ դեպքում ընտրության իրավունք այլեւս չեն ունենա։ Ժյուրիի մեջ ընդգրկված են լինելու կինոակադեմիայի բոլոր անդամները, որոնց գնահատականները լինելու է բաց եւ թափանցիկ։   

Կինոգործիչներն իրենց հայտերը կարող են ներկայացնել այսօրվանից մինչեւ մարտի 11-ը՝ Կինոյի տուն, կամ ուղարկել հայտերը ակադեմիայի նորացված կայքին՝ armfilmacademy.am։ Մրցանակաբաշխությունը ուղիղ եթերում ցուցադրելու ցանկություն է հայտնել Հանրային հեռուստաընկերությունը։ 

Քանի որ «Անահիտ» առաջին մրցանակաբաշխությունը տեղի էր ունեցել 2017թ-ին, ապա այս տարվա մրցանակաբաշխության մեջ կընդգրկվեն թե 2017թ-ի, թե 2018թ-ի ֆիլմերը․ «Ափսոսում եմ, որ անցած տարի չարեցինք, որովհետեւ դա մեր լակմուսի թուղթն է, թե ինչ են մի տարվա ընթացքում ստեղծել կինոգործիչները, շատերը չգիտեն, որ 40-50 ֆիլմ է ստեղծվել այդ ընթացքում»,-ասում է Խաչատրյանն ու ներկայացնում մրցանակաբաշխության ռեժիսորին՝ Էդգար Բաղդասարյանին, ում կարծիքով մրցանակաբաշխության կարեւորությունը նրանում է, որ դրանով որոշակի խթան ու վեկտոր ցույց կտրվի երիտասարդ սերնդին։ Ըստ Բաղդասարյանի, մրցանակաբաշխությունն ինչ-որ առումով նման է լինելու Golden Globe Award-ին․ «Սա փառատոն չի, այլ մրցանակաբաշխություն, որը փաստում է իրողությունը՝ այն, ինչ կա։ Այս պահին սա ունենք եւ սրանից պիտի ընտրենք լավագույններին»,-նշեց ռեժիսորը։