Դատարանը Բրյուսովի նախկին ռեկտորի հայցը կասեցրել է, ռեկտորի ԺՊ-ի հայցն է քննում

Դատարանը Բրյուսովի նախկին ռեկտորի հայցը կասեցրել է, ռեկտորի ԺՊ-ի հայցն է քննում

Օրերս Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հայտարարեց բաց մրցույթ՝ ռեկտորի պաշտոնի համար: Համաձայն հայտարարության, ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել ՀՀ այն քաղաքացին, որն ունի գիտական աստիճան եւ առնվազն հինգ տարվա ակադեմիական եւ գիտական գործունեության ստաժ: Ցանկացողները դիմումները կարող են ներկայացնել մինչեւ մարտի 14-ը, իսկ մրցույթը նախատեսված է մարտի 29-ին, ժամը 11:00-ին, Բրյուսովի անվան համալսարանում: Հոգաբարձուների խորհրդի հայտարարությունը շատերին զարմացրեց, քանի որ նախորդ մրցույթի արդյունքները դեռ վիճարկվում են դատարանում, իսկ համալսարանի հոգաբարձուների խորհուրդը ռեկտորի նոր մրցույթ է հայտարարում։

Հիշեցնենք, որ դեռեւս 2022 թ. դեկտեմբերի 9-ի հոգաբարձուների խորհրդի նիստում փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով Բրյուսովի ռեկտորի պաշտոնում ձայների մեծամասնությամբ ընտրվել էր Կարինե Հարությունյանը: Սակայն կառավարությունը մինչ օրս չի հաստատել Կարինե Հարությունյանի՝ ռեկտորի պաշտոնում ընտրվելու արդյունքները: Ավելին` ընտրություններից հետո «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամը եւ Կարինե Հարությունյանն առանձին հայցադիմումներով դատական գործընթաց սկսեցին կառավարության դեմ` պահանջելով պարտավորեցնել կառավարությանը՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Կարինե Հարությունյանի ընտրության արդյունքները հաստատելու վերաբերյալ ընդունել բարենպաստ վարչական ակտ:

Բրյուսովի արդեն նախկին ռեկտոր Կարինե Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր հայցը կասեցվել է, քանի որ համալսարանի ներկայիս ռեկտորի ԺՊ Դավիթ Գյուրջինյանը եւս հայց էր ներկայացրել՝ ռեկտորի մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով․ «Այդ դատական գործընթացն ընթացքի մեջ է եւ արդեն մեկ տարուց ավելի է՝ ընթանում է։ Ինչպես գիտեք, ես ինքս էլ տվել էի հակընդդեմ հայց, բայց դա կասեցվել է դատավորի կողմից, որովհետեւ փոխկապակցված գործեր են, մինչեւ պարոն Գյուրջինյանի հայցով որոշում կկայացվի, նոր դրանից ելնելով՝ իմ հակընդդեմ հայցը կքննարկվի։ Ասացին՝ օրենսդրության համաձայն, զուգահեռաբար չի կարող քննվել, քանի որ փոխկապակցված գործեր են, եւ նա ավելի շուտ է հայցը ներկայացրել, քան ես»։

Ինչպե՞ս է գնահատում դատական պրոցեսը, գործընթացը ձգձգելու միտում կա՞ արդյոք։ «Չեմ կարող ասել, որովհետեւ ընդհանուր տեղեկացնում են, որ դատավորները խիստ զբաղված են, եւ հնարավոր սեղմ ժամկետներում են դատական նիստերն անցկացվում․․․, հիմա ես չգիտեմ դատավորների ծանրաբեռնվածության աստիճանը, որպեսզի այդպիսի դատողություն անեմ»,- ասում է Կ․ Հարությունյանն ու նկատում, որ  մոտավորապես 2-3 ամիսը մեկ են նիստերը հրավիրվում, մի քանիսը հետաձգվել են, եւ դեռ չգիտի, թե դատական պրոցեսն ինչքան կտեւի, հաջորդ նիստը մարտին է նախատեսված․ «Եղել է, որ պարոն Գյուրջինյանը փաստաբան է ներառել, իսկ փաստաբանը եկել ասել է, որ դեռ գործի հանգամանքներին լավ ծանոթ չէ, ժամանակ է խնդրել, ու նիստը հետաձգվել է»։ Հայցվորի կողմից ինչ-որ շոշափելի փաստեր ներկայացվե՞լ են, որ նախորդ ընտրության արդյունքները կեղծվել են, կամ լուրջ խախտումներ են եղել։ «Իմ տեսանկյունից՝ ոչ»։

Ինչպե՞ս է գնահատում հոգաբարձուների խորհրդի հայտարարությունը՝ ռեկտորի նոր մրցույթ անցկացնելու մասով։ «Գիտեք, ես էլ էի կարդում, որ քանի դեռ դատական գործընթացը գնում է, նոր մրցույթ չի կարող հայտարարվել, բայց գուցե ինչ-որ իրավական կարգավորում կա, որ իրենց թույլ է տվել առանց դատարանի որոշման նախորդ նիստն անվավեր ճանաչել կամ չճանաչել, որովհետեւ 2 հնարավոր ելք կա՝ կա՛մ ճանաչել, կա՛մ չճանաչել։ Ու քանի դեռ այդ դատական գործընթացը գնում է, չի կարող նոր մրցույթ հայտարարվել, բայց դե հայտարարել են, ու ես անկեղծորեն չգիտեմ, թե դրա հիմքը որն է»։

Բրյուսովի նախկին ռեկտորն արդեն մեկ տարուց ավելի է՝ չի եղել համալսարանում, ասում է՝ որպես դասախոս, իր դասերը շարունակել է մինչեւ 2022-ի ուսումնական տարվա ավարտը եւ վերջ, որից հետո այլեւս ոտք չի դրել համալսարան։