Լավ էլ քննադատում են, բայց մնում են ռամկեքի մեջ

Լավ էլ քննադատում են, բայց մնում են ռամկեքի մեջ

Արմեն Սարգսյանի հրաժարականն անսպասելի է եղել ՔՊ-ականների համար, խոստովանեց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ «Ես չեմ հավատում, որ դա ինչ-որ գործընթացների արդյունքում է եղել, հետեւաբար, անսպասելի էր ինչ-որ իմաստով։ Ժամանակին, երբ ստանձնել է այդ պաշտոնը, նոր Սահմանադրությունն արդեն ընդունված էր՝ 2015 թ․, հետեւաբար, ինքը տեղյակ է եղել այդ ամենից»,- ասաց նա։

- Նախկինների գրած Սահմանադրությունն էր դա։

- Սերժ Սարգսյանի ժամանակ գրված Սահմանադրությունը, երբ նոր Սահմանադրությունն ընդունվեց, եւ մենք անցում կատարեցինք պառլամենտական համակարգին, ես համոզված եմ, որ այդ քայլով մի մակարդակով բարձրացավ Հայաստանի ինքնիշխանությունը։

- Այսինքն՝ Սերժ Սարգսյանը բարձրացրե՞ց Հայաստանի ինքնիշխանությունը։

- Եթե այդ նախաձեռնությունը հիմնականում Սերժ Սարգսյանինն էր, ուրեմն, այո։

- Փաստորեն, լավ բաներ էլ են արել նախկինները։

- Իհարկե, արել են, հնարավոր չէր, որ ամեն ինչ վատ լիներ։

- Ո՞րն էր, օրինակ, վատը։ Ամենավատ բաներից մեկը, ասում են, այն էր, որ թույլ տվեց՝ դուք գաք իշխանության։ 

- Դա՝ Ձեր կարծիքով, իսկ էն իրողությունները, որ ձեւավորված էին ոչ միայն իր պատճառով, այլ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ժամանակահատվածից սկսած՝ Ռոբերտ Քոչարյանով շարունակված, երբ որ մենք խոսում էինք ընտրակաշառքների մասին, այս կամ այն բացասական երեւույթի մասին, ասում էինք, որ իրավաբանական ֆակուլտետում կաշառակերությունը շատ բարձր մակարդակի է, պատերի տակ ծվարած՝ փողեր էին հավաքում եւ այլն, մեզ տենց վեհաշուք տեսքով ասում էին՝ բա ապացուցեք։

- Բա ինչո՞ւ չեք ապացուցում։

- Բա, որ կարանայինք ապացուցել, էլ հեղափոխությունը չէր լինի, չէ՞։ Ես էն ժամանակվա մասին եմ ասում։ 

- Բայց հիմա էլ չեք կարողանում ապացուցել։

- Դժվար ա, բայց կապացուցեն ամեն ինչը։ Կամաց-կամաց ամեն ինչ իր տեղն ա ընկնում։

- Փաստորեն, Ձեր ասածից ստացվում է, որ Դուք այսօր վայելում եք Սերժ Սարգսյանի փոխած Սահմանադրության պտուղները։ Սուպերվարչապետական համակարգ ձեզ նվեր թողեց։

- Ոչ էդ իմաստով, որ մենք վայելում ենք։ Եթե ժամանակը թույլ տար, ես ավելի մանրամասն կասեի, թե որն է, իմ պատկերացմամբ, էական տարբերությունը նախագահական եւ պառլամենտական համակարգի։

- Իսկ մենք հիմա պառլամենտական համակարգ ունե՞նք դե ֆակտո։

- Ունենք։

- Որտե՞ղ է դա, եթե կառավարությունն ինչ ասում է, դակում են պատգամավորները։

- Դա ընդամենը առաջին հայացքից է էդպես, որ կառավարությունն ինչ ասում է, Ազգային ժողովը դակում է։ Դա խաբուսիկ պատկերացում է։ Կարող է թերություններ լինեն, էս 3 տարվա աշխատանքի արդյունքում երեւում է, որ, ասենք, Սահմանադրությունը որոշ տեղերում վերանայման կարիք ունենք, մասնավորապես՝ դատական համակարգում, ինչպես նաեւ լիազորությունների բաշխման իմաստով։ Դա ուրիշ հարց ա։ Բայց պառլամենտական համակարգը նախագահականից տարբերվում է, իմ հասկանալով, էական մի բանով՝ վարչապետը պատգամավորներից մի գլուխ ա բարձր, նախագահը պատգամավորներից մի 2-3 գլուխ ա բարձր։ Եվ էստեղ շատ լուրջ հարցեր են առաջանում։

- Հիմա Փաշինյանն ուզում է նորից սահմանադրական փոփոխություններ սկսել, որպեսզի դառնա նախագահ եւ 2 գլուխ բարձր լինի պատգամավորներից, եւ դուք նրան «մեծարգո նախագահ» դիմեք, ոչ թե ընդամենը «մեծարգո վարչապետ»։

- Ես, անկասկած, տեր կլինեմ քաղաքական թիմի որոշմանը, բայց իմ ուժերի ներածի չափով պայքարելու եմ, որպեսզի մենք պահպանենք պառլամենտական համակարգը։

- Դուք աստվածացնում էիք Նիկոլ Փաշինյանին, հիմա որ նախագահ դառնա, էլ ավելի մեծ բարձունքում կհայտնվի նա Ձեզ համար։

- Դե, տեսնում եք, շատ ժամանակ, մանավանդ քո նման երիտասարդները շատ լավ են հասկանում իմ ասածների իմաստը եւ տողատակը։ Էդ իմաստով չեմ ասում, ես Նիկոլ Փաշինյանին երբեք չեմ աստվածացրել եւ, ընդհանրապես, գտնում եմ, որ աստվածացնելը շատ վտանգավոր բան է ցանկացած հասարակության համար։

- Բայց Ձեր վերջին հարցազրույցներից մեկում նման բաներ էիք ասել։

- Ես ասել եմ՝ դաստիարակվել եմ իր պահվածքով, դա աստվածացնե՞լ է, իհարկե՝ ոչ։

- Ո՞նց կարելի է Նիկոլ Փաշինյանի պահվածքով դաստիարակվել։ Օրինակ՝ ի՞նչ արժեքներ է սերմանել Նիկոլ Փաշինյանը Ձեր մեջ։

- Լավ, արդեն խորանում ենք։

- Լավ․ ձեր թիմում քննարկվե՞լ է նախագահի թեկնածուի հարցը։

- Իհարկե ոչ, դա ընդամենը երեկ երեկոյան է եղել, եւ մենք պետք է մեկ շաբաթ սպասենք։

- Բոլո՞րդ էիք անակնկալի եկել, նա, ինչպես հասկացանք, ոչ մեկի հետ չի քննարկել իր հրաժարականը։

- Մեզ համար, համենայնդեպս՝ խմբակցության համար, դա անսպասելի որոշում էր։ Ես չգիտեմ՝ կառավարության մեր գործընկերները տեղյա՞կ են եղել, թե՞ ոչ։ Մենք առիթ չենք ունեցել դա քննարկելու։

- Իսկ հնարավո՞ր է՝ Ձեզ առաջադրեն այդ պաշտոնում։ Շատերը Ձեզ լավ են վերաբերվում, ասում են՝ ավելի լավ է, որ Հովիկ Աղազարյանը լինի, քան, ասենք, Էդմոն Մարուքյանը կամ Արամ Սարգսյանը։

- Ես Էդմոն Մարուքյանի մասին շատ բարձր կարծիքի եմ եւ կարծում եմ, որ ինքը բոլոր տվյալներն ունի՝ էդ պոստում գտնվելու համար, բայց, բոլոր դեպքերում, ուրիշ գործընթացների արդյունք պետք է լինի։ Արամ Սարգսյանի մասին նույնպես շատ բարձր կարծիքի եմ։

- Ձեզ հարմար ընդդիմություն են, դրա՞ համար եք բարձր կարծիքի։

- Չէ, Էդմոն Մարուքյանն ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, օրինակ, իրենց պահեցին բարձր մակարդակի վրա։

- Դա ո՞րն է, ձեզ չքննադատե՞լը։

- Լավ էլ քննադատում էին, շատ էլ լավ քննադատում էին, էն, որ կիրթ էին քննադատում, դա քննադատություն չի՞ համարվում։ Շատ լավ քննադատում էին, բայց դուրս չէին գալիս չափից, մնում էին ռամկեքի մեջ եւ իրենց պատրաստակամությունը՝ նոր ընտրությունների գնալու, էն դեպքում, երբ որ, անկասկած, ռիսկ կար, որ իրենք չեն հայտնվելու խորհրդարանում, դա շատ մեծ դրվատանքի արժանի քաղաքական դիրքորոշում էր։