Հայաստանի բոլոր ուժային կառույցներն այսօր ղեկավարվում են Ադրբեջան- Թուրքիայի կողմից

Հայաստանի բոլոր ուժային կառույցներն այսօր ղեկավարվում են Ադրբեջան- Թուրքիայի կողմից

ՀՀ ԱԱԾ-ն ապրիլի 10-ին Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ բնակավայրի մոտակայքում հայ հովվի հետ կապված միջադեպի մասով հաղորդագրություն է տարածել։ ԱԱԾ-ն ափսոսանք է հայտնում, որ նման միջադեպ է եղել և վստահեցնում է ադրբեջանական կողմին, որ իր պարտքին հավատարիմ զինծառայողը պատժվելու է։

Արցախցի ազատամարտիկ Աշոտ Սևյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ  սահմանագիծ պահող զինվորը կրակել է, որպեսզի հովվի անվտանգությունն ապահովի եւ հոտը հետ բերի։

«Դա նորմալ է։ Բայց մենք նախ պետք է առաջնային քննարկենք ոչ թե հովիվի ու հոտի մոլորվելը, այլ պետք է քննարկենք, թե թուրքերը ոնց հասանք այդտեղ։ Թուրքերը ո՞նց հասան Խնձորեսկ, որ հովիվն էլ շփոթվեց։ Ներողություն խնդրելու փոխարեն Ազգային Անվտանգությունը նման հարցերի պիտի պատասխանի, ոչ թե Ադրբեջանի կողմին, այլ հայկական կողմին։ Երկրորդը, բնական է, ինչքան զինվորական կա սահմանամերձ գոտում, նույնիսկ եթե թուրքերը մտնեն գյուղեր, չգիտես ինչեր էլ անեն, զինվորը մտածելու է՝ կարո՞ղ է կրակեմ ու ԱԱԾ-ն ինձ էլ պատժի։ Դե դրանից հետո չգիտեմ ինչ ասել, բնական է, որ զորքդ չի կրակելու ընդհանրապես։ Լավագույն դեպքում զենքը գցելու է` փախնի կամ զենքը ձեռքին նահանջելու է՝ թողնելով անվտանգությունը, որովհետև մարդու համար կյանքը քաղցր է, ինքը գնացել է սահման է պահում։ Պատկերացրեք, թշնամու կողմից սահմանախախտման դեպքում կրակելու համար մարդը պատժվում է, այդ մարդը մտածում է, էլ մնամ ի՞նչ անեմ>,-ասաց Սևյանը։

Նման քայլերով զինվորին ելք չեն թողնում։ Ենթադրենք, հովիվը չի շփոթվել` երկու գյուղացի են շփոթվել։ Այդ հատվածում կանգնած զինվորի համար առաջնային քայլը ո՞րը պետք է ՝ լինի՝ կրակով ապահովել վերջիններիս նահանջը։ Բայց եթե պիտի կրակի ու այդ մարդուն կամ մարդկանց չկարողանա հանել, իսկ հետո ԱԱԾ-ի կողմից դատվի` կրակելու համար, այդ մարդը որպես ի՞նչ կյանքը տա՝ հարցադրում է անում ազատամարտիկը։

«Մարդուն 50/50 վիճակի մեջ են դրել, մարդը չգիտի կրակի, չգիտի` ինչ անի։ Հարձակման դեպքում զինվորը պատասխան չի տալու, լավագույն դեպքում զենքը վերցնելու է՝ նահանջի, առանց զենք չի գա, որովհետև մի հատ էլ դատվելու է զենքը կորցնելու համար։ Զենքը վերցնելու է նահանջի՝ ժողովրդին թողնի մենակ։ Հիշո՞ւմ եք 11 հազար դասալիքների մասին, հիմա ասելու են 10 հազարն են փախել, իրենք իրենց համար քարոզչությունն արդեն ստեղծում են։ Ազգային Անվտանգությունը դրա պատասխանը պիտի տա, ոչ թե ներողություն խնդրի Ադրբեջանից, այլ բացատրություն տա՝ ադրբեջանցին ինչի՞ է հասել այդտեղ։ Իմ հիշելով ադրբեջանցին Խնձորեսկից համարյա 300 կմ հեռու էր, բայց եկավ հասավ Խնձորեսկ»,- ասաց ազատամարտիկը։

Մեր հարցին, արդյոք չի՞ ստացվում, որ ՀՀ ուժային կառույցները պաշտպանում են ադրբեջանցիներին, ոչ թե ՀՀ քաղաքացուն, Սևյանն ասաց, որ եթե պատերազմ էլ լինի, օրինակ, Ադրբեջան-Իրան կամ Թուրքիա-Իրան, ապա բացառել չի կարելի, որ ՀՀ ներկա իշխանությունները կարող են հրաման տալ՝ Իրանին հարվածելու, ոչ թե ադրբեջանա-թուրքական տանդեմին։

«Ուժայինները իրենք են, իրենք փորձում են զինվորի մեջ եղած դուխը՝ լավից-վատից մարդիկ սկսել են խելքի գալ, փորձում են դա կոտրել։ Եկեք ենթադրենք հովիվ չլիներ՝ բնակիչ լիներ։ Եթե այդ հովիվն ընկներ ադրբեջանցիների ձեռքը՝ կարող է Չաուշեսկուների սպանությունը դնեին իր վրան ու դատեին։ Կամ 2020 թվականին պատերազմում կռվող զինվորները, ում այս նույն ղեկավարությունն ուղարկել էր կռվելու, չգիտես ինչի «ուրիշ պետություն», ո՞ւր են նրանք՝ Ադրբեջանի բանտերում։ Ազգային Անվտանգությունը թող նման խնդիրներ լուծի, որ մարդիկ կյանքը, առողջությունը դրել են երկիրը պաշտպանելու համար, իսկ հիմա փտում են Ադրբեջանի բանտերում։ Նման ձևի խնդիրներ պիտի լուծեն։ Ցավում եմ, բայց Հայաստանի բոլոր ուժայիններն էլ, բոլորը անխտիր, այսօր ղեկավարվում են Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջան- Թուրքիա։ Իմ անձնական կարծիքն է, իրենց քայլերը հայանպաստ չեն՝ թրքամետ են»,-ասաց Սևյանը։

Գնալով ժողովրդի վրա ճնշումն ուժեղացնելու են, իսկ քիչ հետո էլ ադրբեջանցի «փախստականների» վերադարձ կկազմակերպեն, թշնամուն կլցնեն Հայաստան, ավելի շատ ճնշումներ կիրագործեն, այդպես ճնշելով ժողովրդին ու ստիպելով համակերպվել նոր իրողություններին։ 

«Չեմ սիրում նայել, բայց այս երկու օրը նայում եմ Ազգային Ժողովի նիստերը՝ մարդն ինչ ուզում անում է։ Ինչ ուզում ասում է, մարդիկ մանդատները վերցրած՝ աշխատավարձով ապրում են, իրենց հետաքրքիր չի հայրենիք գաղափարը։ 30 հազարից ավել զոհ ենք տվել այս քանի պատերազմներում ու իրենց ասածը բերեցին ապացուցեցին՝ նրանք զոհվել են հանուն ոչնչի։ Առաջին դեմքի տիկինն է ասում, միայն այդ բառի համար Ազգային Անվտանգությունը պիտի պատասխանատվության կանչեր։ Մարդն այսօր Հայաստանում արժեք չունի՝ քարոզչություն, փող, պետք լինի Ոսկեպարն էլ կտան, պետք լինի` այնտեղ մի քանի հազար զոհ էլ կտան, կասեն` չկարողացանք պաշտպանել»,-ասաց արցախցի ազատամարտիկը։

Պատերազմների մասնակիցը նկատում է, արդեն քանի տարի է պատերազմական վիճակի մեջ ենք, սակայն մոբիլիզացիա չի իրականացվում։ Պարզ է, որ սա ծրագիր է՝ մոբիլիզացիա չի լինի։ Իսկ այսօր տարածված լուրերը, որ դպրոցներում ահաբեկչական ակտեր են հնարավոր, Սևյանը անվանում է սպիտակ եղեռն՝ մարդկանց անընդհատ լարվածության, վախի, ապատիայի մեջ պահելու համար։

«Մարդիկ արդեն սկսելու են գիշեր-ցերեկ մտածել, ամեն սիրենայի ժամանակ կիսամեռ վիճակում ասելու են, ինչ ուզում ես տուր՝ միայն պրծնենք սրանից։ Բայց չեն պրծնելու, միշտ այսպես քիչ-քիչ տանելու են՝ Հայաստանից մնալու է Ալեքսանդրապոլ՝ 8-10 հազար քառակուսի կիլոմետր, դա էլ հարց է՝ կթողնեն, թե ոչ։ Բայց անկախ իրենց ուզածից, որովհետև դա միայն մեզանից չի կախված... կան հարևան պետություններ, որոնց Հայաստանի կործանումը ընդհանրապես ձեռք չի տալիս»,-եզրափակեց Աշոտ Սևյանը։