Որեւէ պայմանավորվածություն Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ գոյություն չունի

Որեւէ պայմանավորվածություն Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ գոյություն չունի

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին երեկ ասուլիսի ժամանակ հիշեցրին ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եւ Կարեն Կարապետյանի այն հայտարարության մասին, թե պատերազմի օրերին մեր տանկերը վառելիք չեն ունեցել։ Աշոտյանն էլ հիշեցրեց, որ այդ հանձնաժողովի ստեղծման հարցը նախկինում երբեւէ Փաշինյանի ու նրա թիմի կողմից չի բարձրացվել։ Փոխարենը ուշագրավ միտք արտահայտեց Կարեն Կարապետյանի մասով․ «Ինչ վերաբերում է պարոն Կարապետյանի հայտարարությանը, որը դրոշակ է դարձվել մեղադրող կողմի կողմից, կարծում եմ՝ այս հանգամանքով համաձայն եմ, որ այդ քննիչ հանձնաժողովը քանի որ ստեղծվել է, ապա այն պետք է որ հարցերի պատասխաններ ստանա տարբեր մարդկանցից, այդ թվում՝ Կարեն Կարապետյանից»։

Ասուլիսից հետո Արմեն Աշոտյանին հարցրինք՝ իսկ Սերժ Սարգսյանը պատրա՞ստ է ներկայանալ այդ հանձնաժողովին ու պատասխանել հարցերի, քանզի հանձնաժողովի անդամները չէին բացառել, որ կարող է նրան էլ հրավիրեն։ «Այս պահին որեւէ պաշտոնական հրավեր քննիչ հանձնաժողովի աշխատանքներին որեւէ ՀՀԿ-ական չի ստացել, այդ թվում՝ կուսակցության ղեկավարը։ Սերժ Սարգսյանը, վստահաբար, չունի ոչ մի բան թաքցնելու ո՛չ ապրիլյան պատերազմին նախորդած քաղաքական իրավիճակի, ո՛չ բուն պատերազմի, ո՛չ հետպատերազմյան իրավիճակի վերաբերյալ։ Կոնկրետ հրավերի դեպքում որոշումը կկայացնենք։ Վստահ եմ՝ նա ոչ մի բան թաքցնելու չունի, ավելին՝ գուցե ի՞նքը հարցեր ունի»։

- Ի դեպ, քանի դեռ հիշել ենք Կարեն Կարապետյանին, ո՞ւր է նա հիմա, ի՞նչ է անում, կապ ունի՞ ձեզ հետ ձեր նախկին կուսակից ընկերը։

- Ես ունեմ շատ ջերմ, անձնական վերաբերմունք իր հանդեպ, երբեմն, ինչ-որ մի պարբերականությամբ, ոչ շատ հաճախ, որոշակի շփումներ ունենում եմ՝ հաղորդակցման միջոցներով․․․

- Իսկ կուսակցության մակարդակով կամ Սերժ Սարգսյանի մակարդակով շփում կա՞ նրա հետ։

- Չեմ կարող ասել։

- Տեղեկություն կա, որ Կարեն Կարապետյանը նեղացած է հեռացել ՀՀԿ-ից, որովհետեւ չեն արդարացել նրա քաղաքական ակնկալիքները։

- Ես չեմ տեսել Կարեն Կարապետյանից նեղացածություն կուսակցության հանդեպ, որովհետեւ ինքը, մինչեւ կուսակցությունից դուրս գալը, եղել է ոչ միայն ՀՀԿ անդամ, այլեւ առաջին տեղակալ։ Ու նա սպասեց մինչեւ խորհրդարանական ընտրությունների ավարտը, նոր դուրս եկավ։

- Այդ դեպքում ինչո՞ւ դուրս եկավ կուսակցությունից։ Ինչո՞ւ, օրինակ, Դուք մնացիք, որ դարձյալ կուսակցության փոխնախագահն եք, իսկ ինքը գնաց՝ իր հետ տանելով նաեւ իր «7000 սպարտացիներին»։

- Մենք տարբեր հետագծերով ենք եկել կուսակցություն, մենք տարբեր քաղաքական անցյալ ունենք։ Բացի այդ, այս տարիներին այդպիսի հազարներ եկել են ու գնացել են կուսակցությունից։

- «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի» թեզի տակ այսպիսի մի տրամաբանական շղթա կա․ ասում են՝ Կարեն Կարապետյանը որոշել էր «քցել» Սերժ Սարգսյանին՝ համագործակցելով Նիկոլ Փաշինյանի հետ, բայց վերջում Փաշինյանը, համագործակցելով Սերժ Սարգսյանի հետ, «քցեց» Կարեն Կարապետյանին՝ դառնալով վարչապետ։

- Այդ վերսիաները վաղուց են շրջանառվում, կոնսպիրոլոգիա կա դրա տակ, հետաքրքրություններ կան, ես չեմ կարող ասել, որ այս պահին կարող եմ Ձեզ հաղորդել ամբողջական ինֆորմացիա, որովհետեւ գուցե ամբողջականին չեմ տիրապետում կամ եթե տիրապետեի էլ, չէի ասի այս պահին։ Կարծում եմ՝ այդ հարցերը պատեհ պահին, երբ նախագահը շփվի լրատվամիջոցների հետ, կարող եք ուղղել իրեն։

- Ասում են՝ հեղափոխության արդյունքում պետք է Կարեն Կարապետյանը գար իշխանության՝ դառնալով վարչապետ, բայց քանի որ նա արդեն Սերժ Սարգսյանի թիմից դուրս էր խաղում, Սարգսյանը որոշեց պատժել նրան՝ Նիկոլ Փաշինյանի միջոցով նրան դուրս թողնելով խաղից։

- Վստահաբար, Ձեր հարցն ավելի հետաքրքիր հնչեց, քան իմ պատասխանը։ Ես կոնսպիրոլոգիական թեորիաներին փորձում եմ ընդհանրապես ուշադրություն չդարձնել։ Ես ինձ գիտնական մարդ եմ համարում, իսկ գիտության մեջ կարեւոր են փաստերը։

- Բայց մենք քաղաքականության մասին ենք խոսում, ոչ թե գիտության։

- Նույնն է, ես փաստեր չունեմ, որպեսզի այս պահին ինչ-որ կերպ աջակցեմ Ձեզ այս էրքյուլպուարոյական փնտրտուքի մեջ։

- Պարզապես տեսակետ կա, որ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» գրեթե կախարդական խոսքերն իրականում Կարեն Կարապետյանին էին վերաբերում։

- Եկեք պահենք ինտրիգը։ Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո դարձավ վարչապետի պաշտոնակատար, իսկ վերջնական իշխանափոխությունից հետո կանոնավոր մասնակցում էր կուսակցության նիստերին, հավաքներին, եւ նման տեսակի մեղադրանքներ՝ իրեն ուղղելու, ես՝ անձամբ, որեւէ հիմքեր չունեմ։ Ինչ վերաբերում է այդ հայտնի, արդեն թեւավոր դարձած խոսքին, առաջարկում եմ Ձեզ՝ know how անել ու դրա լատիներեն տարբերակն ունենալ։

- Ձեր կարծիքով, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին որեւէ կերպ չի մոտենում, նրա նկատմամբ որեւէ քրեական հետապնդում չի իրականացվում։ Փաշինյանի կողմից մերժված Սերժ Սարգսյանի հետագիծն այդքան մաքո՞ւր է, որ ոչինչ չեն գտնում, թե՞ պայմանավորվածություն կա, որ նրան առայժմ ձեռք չտան։

- Որեւէ պայմանավորվածություն Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, որոնք վերաբերում են Սերժ Սարգսյանի անձին եւ ճակատագրին, գոյություն չունի եւ գոյություն ունենալ չի կարող։ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի ընտանիքի տարբեր անդամների հանդեպ տարաբնույթ պրոցեսների սկիզբ դրել է։ Այնպես չէ, որ երրորդ նախագահը չի թիրախավորվել գործող իշխանությունների կողմից։ Ավելին, ապրիլյան պատերազմի այս քննիչ հանձնաժողովի թիրախում ակնհայտ է, որ նաեւ Սերժ Սարգսյանն է։ Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը 2 նախագահ միաժամանակ նստեցնել չէր կարող։ 

- Այսինքն՝ հնարավոր է, որ Կարեն Կարապետյանի մատնանշած վառելիքի խնդիրը վերջում բարդվի Սերժ Սարգսյանի՞ վրա։

- Կարեն Կարապետյանը եթե իմանար, որ իր այդ արտահայտությունը երկու տարի հետո այդքան ցիտելու են, ես վստահ եմ՝ տասը կչափեր ու կմտածեր՝ կտրե՞ր, թե՞ չկտրեր այդ արտահայտությունը։