Եկեղեցու բացմանը կմասնակցեն միայն նո՞ր իշխանությունները

Եկեղեցու բացմանը կմասնակցեն միայն նո՞ր իշխանությունները

Ինչպես հայտնի է, ապրիլի 7-ին սպասվում է ԵԿՄ արտահերթ համագումարը, չնայած, մեր տեղեկություններով, նախապես քննարկվել էր ապրիլի 3-ին հրավիրելու տարբերակը, սակայն  տեղափոխվել է ապրիլի 7։ Ոչ թե այն պատճառով, որ սա կանանց տոնն է, եւ ԵԿՄ-ն որոշել է կանանց «նվեր» անել՝ Սասուն Միքայելյանին ԵԿՄ նախագահ ընտրելով։ Բանն այն է, որ այդ օրը Ստեփանակերտում տեղի կունենա Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի բացման հանդիսավոր արարողությունը, որին հրավեր է ուղարկվել ինչպես ՀՀ վարչապետին, այնպես էլ քաղաքական նախկին եւ ներկա բարձրաստիճան այրերին՝ Արմեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոս եւ այլք։ Եվ որպեսզի Փաշինյանը չգնա Արցախ եւ հանկարծ չհայտնվի նախկինների հետ նույն միջավայրում, ԵԿՄ համագումարը նշանակվել է նույն օրը, որին մասնակցելը կհամարվի եկեղեցու բացմանը չմասնակցելու հարգելի պատճառ։ 
Որքան էլ տարօրինակ է, սակայն ԵԿՄ-ում գաղտնի են պահում հրավիրյալների ցանկը․ փոխնախագահներ Արա Կետիկյանն ու Ղուկաս Ուլիխանյանը «ցրողական» պատասխաններ տվեցին։

Առաջինն ասաց, թե խորհրդակցության է, միայն հաստատեց Փաշինյանին հրավեր ուղարկելու փաստը՝ հարկ համարելով նշել․ «Ուրախ կլինենք, որ վարչապետը մասնակցի», իսկ Ուլիխանյանն էլ ասաց, որ Կետիկյանն է զբաղվում այդ հարցերով։ ԵԿՄ մամուլի խոսնակ Ռուզաննա Ղազարյանն էլ հայտնեց, որ իրենք ծանուցել են, որպեսզի կառավարության լրատվականը հավատարմագրի լրագրողներին․ «Այստեղից էլ կարելի է հետեւություն անել, որ վարչապետը մասնակցելու է»։ Իսկ այլ հրավիրյալնե՞ր, օրինակ՝ ԵԿՄ վարչության ՀՀԿ-ական ներկայացուցիչներին հրավեր ուղարկվե՞լ է՝ Տարոն Մարգարյան, Սերժ Սարգսյան, Սուրիկ Խաչատրյան եւ այլք։ Խոսնակն ասաց, թե չի կարող պատասխանել հարցին, քանի որ տեղյակ չէ։ Առաջարկեցինք տեղեկանալ եւ փոխանցել մեզ։ «Եթե այդ տեղեկությունը հրապարակման ենթակա լինի, ես կտեղեկացնեմ ձեզ»։ Այսինքն՝ հրապարակման ենթակա՞ չէ։ «Ես չասացի՝ ենթակա չէ, պարզապես ինձ հայտնի չէ դեռ, ես հիմա չունեմ այդ ինֆորմացիան, գուցե հրավիրել են, գուցե հրավիրում են»։ 

Մենք փորձեցինք վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից ճշտել, թե որ միջոցառմանն է մասնակցելու Փաշինյանը, սակայն նա հայտնեց, թե տեղյակ չէ, կճշտի, կասի, իսկ հետո չպատասխանեց մեր զանգերին։ Եկեղեցու բացման միջոցառման պաշտոնական կազմակերպիչն Արցախի թեմն է, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը մեզ հետ զրույցում ասաց, որ հրավերներ ուղարկվել են շատերին, դեռեւս միայն ԱԱԾ տնօրենն է հաստատել հրավերը եւ մասնակցելու է։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արտերկրյա հանդիպման է այսօրվանից՝ Հորդանանի Թագավորություն եւ Պորտուգալիա, այդ պատճառով էլ չի մասնակցի։ Սերժ Սարգսյանն էլ, ըստ ամենայնի, չի մասնակցի, թեեւ պաշտոնապես ճշտել չհաջողվեց։ Ի դեպ, Պարգեւ սրբազանն ասաց, որ դա ժողովրդական միջոցառում է լինելու, եւ ցանկացած ոք կարող է մասնակցել։