Իսկ Փաշինյանը տեղյա՞կ է իր «ֆեյքերից»

Իսկ Փաշինյանը տեղյա՞կ է իր «ֆեյքերից»

Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստին հերթական՝ «հանգիստ նստեք տեղներդ» ֆորմատի էմոցիոնալ հայտարարությունն արեց։ Նրա այս պահվածքը գնալով ավելի մտահոգիչ է դառնում։ Այնպիսի տպավորություն է, որ վարչապետն ամեն փոքր բանից բռնկվում է եւ դիմում իրավապահների, այս պարագայում՝ ԱԱԾ-ի օգնությանը։ Այս անգամ վարչապետին զայրացրել էին ֆեյսբուքյան այն գրառումները, թե ԱԳԼՃԿ-ներում գազի թանկացման մեջ մեղավոր է կառավարությունը՝ իր անհեռատես որոշմամբ, որ պետք է այսուհետ գազը վաճառեն ոչ թե խորանարդ մետրով, այլ՝ կիլոգրամով։ Վարչապետը դա համարեց մանիպուլյացիա ու Արթուր Վանեցյանին հանձնարարեց զբաղվել մանիպուլյացիա տարածող իրական եւ «ֆեյք» օգտատերերով։ «Մանիպուլյատիվ տեղեկատվություն կա, թե իբր կառավարությունն էն օրենքի նախագիծը, որ ընդունել ա, գազի թանկացումն էդ օրենքի հետ ա կապված։ Ես ուզում եմ ընդգծել, որ էդ օրենքը դեռ չի քննարկվել, նույնիսկ առաջին ընթերցմամբ չի քննարկվել Ազգային ժողովում։ Երկրորդն էլ՝ մեր փորձագիտական գնահատականներով, այդ օրենքը չի կարող գազի գնի փոփոխման պատճառ դառնալ։ Մենք էստեղ կարող ենք ուրիշ խնդրի հետ գործ ունենալ, որ ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել, եւ էստեղ պետական մարմինների արձագանքը պետք է շատ կոշտ լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Նա կարծիք հայտնեց, որ այդ մանիպուլյացիաներն անում են որոշ նախկին օլիգարխներ, նախկին իշխանությունները, եւ սկսեց սուր ճոճել նրանց գլխին։ «Ես էլի բոլորին ուզում եմ զգուշացնել արդեն վերջին անգամ, որ մեր բարեկրթությունը որեւէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե չէ շատ դաժան հակահարված կստանան՝ անձնապես, բոլորը՝ առանց բացառության։ Որեւէ մեկը թող չտրվի գայթակղությանը՝ ժողովրդի վստահության կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու»,- ասաց վարչապետը՝ կամաց-կամաց բարձրացնելով ձայնի տոնը։ 

Պարոն Փաշինյանը հաշվի չէր առել երկու հանգամանք։ Նախ այն, որ տարիներ շարունակ ինքն է ԱԺ բարձր ամբիոնից մանիպուլյատիվ ելույթներ ունեցել՝ քննադատելով նախկին ռեժիմին, ինչն էլ հանգեցրեց ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը։ Տարիներ ի վեր վարչապետի արած մանիպուլյացիոն հայտարարությունների մեծ մասն այսօր մնում է օդում կախված, Փաշինյանը չի կարողանում վարչապետի աթոռից հիմնավորել ԱԺ ամբիոնից որպես ընդդիմադիր պատգամավոր արած իր հայտարարությունները։ Ամենավառ օրինակը Սաշիկի արագաչափերի մասին թեզն է, որը հերքեց հենց իր իսկ խմբակցության պատգամավորը։ Հեղափոխությունից հետո էլ, հատկապես նախընտրական շրջանում, կրկին մանիպուլյացիաներ են եղել։ Ու հիմա նա մանիպուլյացիաների դեմ է պայքարում, որը, ի դեպ, քրեորեն հետապնդելի արարք չէ։

Մյուս կողմից՝ եթե նույնիսկ իրենց որոշումը գազի մասով չէր կարող ազդել գազի գնի վրա, ապա դարձյալ իրենք են մեղավոր, որ մարդիկ այդպես են մտածում։ Կառավարության նախագծում նշված էր, որ կգ-ով վաճառքի մասին որոշումը պետք է ուժի մեջ մտներ ապրիլի 1-ից, եւ տնտեսվարողների մի մասը, թերեւս, դա նկատի ունենալով՝ արդեն ավտոմատ ապրիլի 1-ից անցել է կիլոգրամի, ու, հավանաբար, տեսել են՝ իրենց դա ձեռք չի տալիս, որոշել են թանկացնել։ Մյուսներն էլ, նրանց նայելով, թանկացրել են։ Ու ոչ ոք չի խորացել, որ այս հարցը դեռ ԱԺ-ում չի քննարկվել ու չի ընդունվել։ Բացի այդ, այսպիսի ռադիկալ փոփոխություններից հետո պետք է գործեն նաեւ վերահսկողական մարմինները՝ ՊՎԾ, շուկայի վերահսկողության տեսչություն, հարկային ծառայություն եւ այլն, որ թույլ չտան կամայական գնագոյացումներ տնտեսվարողների կողմից։ Բայց նրանք ուշքի եկան ու սկսեցին գործի անցնել, երբ համացանցում աղմուկ բարձրացավ, որ գազը թանկացել է։ 

Նիստից հետո Արթուր Վանեցյանին հարցրինք, թե ինչպես է պայքարելու «ֆեյքերի» դեմ, որոնք մանիպուլյացիաներ են տարածելու։ Վանեցյանը շատ զգուշավոր պատասխան տվեց, որից զգացվեց, որ ԱԱԾ տնօրենն անպատրաստ է, ու դեռ իր համար պարզ չէ՝ ինչ ասել է «ֆեյքերի» դեմ պայքար։ «Ուրեմն ֆեյքերի դեմ պայքարը, որը որ պետք է լինի, պետք է լինի շատ զգույշ, շատ մտածված։ Եթե գրառումների մեջ, դա ֆեյք կլինի, թե սովորական անձ, չկա հանցակազմ, այդտեղ իրավապահ մարմինները որեւէ գործունեություն իրականացնելու առիթ չունեն»,- ասաց նա։