Երբեք մի ասա «երբեք»

Երբեք մի ասա «երբեք»

Երբ իշխանությունը չունի հստակ ծրագիր եւ երկրի զարգացման տեսլական, երկրին սպառնում է անվերջ ցնցումների ընթացք։ Դրա արդյունքում է, որ, ասենք, «Լիդիան Արմենիա»-ի 8-ամսյա նամակագրությանը ոչ մի հոդաբաշխ պատասխան չի տրվում, եւ պետությունը հայտնվում է միջազգային արբիտրաժի վտանգի առաջ։ Դրա արդյունքում է, որ ձեռնամուխ են լինում կառավարության կառուցվածքում, Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելուն  եւ մի փոքր դիմադրության հանդիպելուց հետո սկսում են նահանջել, երբ որեւէ մասնագիտական խումբ փողոց է դուրս գալիս եւ պայքարում դրա դեմ։ Նույնը՝ տարբեր օրենսդրական նախաձեռնությունների, օրինակ, թմրամիջոցների օգտագործման ազատականացման կամ խաղային բիզնեսը սահմանափակելու հարցում։

Կայուն ծրագիր ու երկրի կառավարման պատկերացումներ չունենալու մասին է խոսում այն, որ մինչ իշխանության գալը խոսում էին պետական վարկեր վերցնելու վտանգների մասին, այսօր արդեն խոսում են վարկ վերցնելու անհրաժեշտության մասին։ Խոսում էին արագաչափերից հրաժարվելու մասին, պարզվեց՝ արագաչափերն են կանոնակարգում երթեւեկությունը։ Պայքարում էին տրանսպորտի թանկացման դեմ, հիմա խոսում են նման սակագներով նորմալ տրանսպորտ ունենալու անկարելիության մասին։ Տարբեր խնդիրներ լուծելու պատկերացումների բացակայությունն է պատճառը, որ հայտարարեցին անցումային արդարադատության մասին, ապա, հանդիպելով իրավաբանների առարկություններին, սառեցրին գաղափարը։ Անգամ Ղարաբաղի հարցում խրոխտ հայտարարություններից հետո․ Հայաստանը չի բանակցի Արցախի փոխարեն եւ Արցախի անունից, պարզվեց՝ կարող է նաեւ բանակցել։ Առհասարակ, խելացի խոսք կա՝ երբեք մի ասա «երբեք»։ Ավելացնենք՝ կտրուկ հայտարարություններ մի արա, կյանքն ավելի բազմաշերտ է, քան կարող է թվալ ոմանց։