Ինչով կպատասխանի վարչապետի «միզեռին» Սերժ Սարգսյանը

Ինչով կպատասխանի վարչապետի «միզեռին» Սերժ Սարգսյանը

Մինչ համաշխարհային գիգանտները ստրատեգիական կոմբինացիաներ են իրականացնում հարավկովկասյան շախմատային խաղատախտակի վրա, հայաստանյան քաղաքական պլատֆորմում եռում է ոչ պակաս հետաքրքիր մի խաղի՝ պրեֆերանսի հերթական պարտիան, որը խաղարկվում է հզորների հովանու ներքո՝ նրանց մշակած կանոններով։ Պարտիան նորից սրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տարեվերջյան ասուլիսում արցախյան հիմնախնդրի հետ կապված «միզեռ» ազդարարելով։ Պրեֆերանսի սիրահարները գիտեն, որ պարտիայի միջնամասում հայտարարված միզեռը անհնար է դարձնում դանդաղ եւ սիմետրիկ հունով զարգացող պրոցեսը։

Այս հանճարեղ խաղի կանոնները չիմացողների համար նշենք, որ պրեֆերանսը բավականին նման է բլոտին՝ այստեղ եւս մինչ խաղափուլի բուն խաղարկումը մասնակիցների միջեւ տեղի է ունենում առեւտուր, պատվերների արձանագրում՝ բլոտային սլենգով ասած՝ «բազար», քաղաքական գործիչների պարագայում՝ ծրագիր։ Առեւտուրն ընթանում է գրեթե նույն՝ բլոտային տրամաբանությամբ, ուստի այդ փուլում հաղթող է դուրս գալիս այն մասնակիցը, ով ամենախրթին պատվերը, հայտն է իջեցնում եւ հետո ի կատար ածում։ Հակառակ դեպքում, նաեւ ձախողված միզեռի դեպքում շահած են դուրս գալիս մյուս մասնակիցները։ Պրեֆերանսում մեծ դեր են խաղում առեւտրային փուլում դրսեւորված խորամանկ մոտեցումները, ստրատեգիական մանյովրները, ուստի պատվեր իջեցնողը կարող է դրսեւորել որոշակի զգուշավորություն՝ ելնելով իր խաղաքարտերից, կամ ռիսկի դիմել, գնալ սրացումների՝ մրցակիցների պատվերները բարձրացնելու եւ նրանց պարտության մատնելու հեռահար նպատակով։ Թեեւ պրեֆերանսում արկածախնդրությունն այդքան էլ չի ողջունվում, եւ այստեղ դա հազվադեպ են կիրառում։

Հետեւաբար, երբ խաղի առաջատար Նիկոլ Փաշինյանը հայտարարում է միզեռ, ապա պետք է ենթադրել, որ շատ մեծ է դրա իրագործման հավանականությունը, այլապես դժվար է բացատրել, թե բացարձակ ֆավորիտի համար ինչ իմաստ ունի ավելորդ արկածախնդրությունը, որն իր ձեռքբերումները կդնի հարվածի տակ։ 

Բայց պետք չէ նաեւ բացառել, որ գուցե Փաշինյանը գնում է այդ քայլին՝ ելնելով մեզ դեռեւս անտեսանելի կարեւոր հանգամանքներից։ Միզեռն այնքան հզոր կոմբինացիա է, որ պարտիայի միջնամասում այն իրականացնողը կարող է միանգամից հաղթանակ ապահովել իր համար, իսկ տապալվելու դեպքում՝ կորցնել բոլոր շանսերը։ Միզեռը պրեֆերանսի մեխն է։ Այսպիսով, հայաստանյան քաղաքական դաշտի խորամանկ մաեստրոն, բոլորի համար անակնկալ, պատվիրեց միզեռ՝ մի պատվեր, որը կարծես թե իրեն պետք չէր, քանի որ խաղի երկրորդ հատվածը կարող էր անցկացնել հանգիստ եւ հաղթել։

Ինչեւէ, վարչապետը պատվիրեց միզեռ եւ իր հակառակորդներին կանգնեցրեց բարդ դիլեմայի առաջ՝ թողնել խրթին պատվերը վարչապետի ուսերին եւ փորձել միզեռից ծանրաբեռնված Փաշինյանին կապել Բաքու ուղեւորվող «շոգեքարշի՞ց», թե՞ շարունակել առեւտուրը, առավելագույնս բարձրացնելով պատվերը՝ հասցնելով այն ծայրահեղության։ Պրեֆերանսի կանոններով, միզեռին՝ ամենամինիմալիստական պատվերին, ծածկում է միայն ամենամաքսիմալիստական պատվերը, երբ մյուս մասնակիցներից որեւէ մեկը հայտարարում է, որ տվյալ խաղափուլի բոլոր 10 խաղարկումներում կհաղթի ինքը, առնվազն՝ 10-ից 9-ում։ 

Հետեւաբար, երբ Փաշինյանն ազդարարում է, թե արցախյան խնդրի հայանպաստ լուծմանը հասնելն արդեն շատ վաղուց անհնար է դարձել, ապա սա կարելի է թարգմանել այնպես, որ վարչապետին ներկայացված է ոչ հայանպաստ տարբերակ, որի դեմ պայքարելու ճանապարհն ինքը չի տեսնում։ Այս հայտարարությունից հետո մյուս երկու խաղացողների՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի համար այլեւս անհնար է դառնում այս պարտիան շարունակել նույն՝ դանդաղ, մաշեցնող ոճով՝ հաշվարկված միկրոագրեսիաներով եւ հակառակորդին հյուծելու ստրատեգիական հնարքների կիրառմամբ։ Հետեւաբար, նախկին նախագահներն ուղղակի ստիպված են ակտիվանալ, եւ նրանք կա՛մ պետք է ավելի զորեղ, մաքսիմալիստական ծրագրերով ու հայտարարություններով հանդես գան, կա՛մ փորձեն Փաշինյանի կողմից հնչեցված միզեռն ակտիվորեն վիճարկել ու վիժեցնել, ինչը, բնականաբար, նույնպես որոշակի ակտիվություն է ենթադրում։ Ռոբերտ Քոչարյանի արձագանքը երկար սպասել չտվեց՝ Փաշինյանի հայտարարությանն անմիջապես հաջորդեց երկրորդ նախագահի ասուլիսը, որտեղ նա բոլորի համար հասկանալի լեզվով պատասխանեց վարչապետի հնչեցրած միզեռին, ասելով՝ «փաս»։

Այսինքն, Քոչարյանը նախընտրեց որոշման, պատվերի բեռը թողնել Փաշինյանի ուսերին, եւ, ամենայն հավանականությամբ, երկրորդ նախագահը կփորձի արդյունքի հասնել՝ խաղալով վարչապետի կողմից հայտարարված պատվերի ձախողման կոնտեքստում՝առանց ավելորդ շտապողականության եւ ավելորդ ռիսկերի։ Ռոբերտ Քոչարյանի պարագայում միանգամայն հասկանալի է այս մոտեցումը՝ երկրորդ տեղում ընթացող մասնակցի համար երկնքից ընկած մանանա է, երբ իր գլխավոր մրցակիցը՝ խաղի առաջատարը, գնում է այսպիսի սրացման, կարելի է ասել՝ արկածախնդրության, եւ հասկանալի է, որ վերջինիս ձախողումն ուղղակիորեն նշանակելու է իր՝ Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը։ «Փաս» ասելուց հետո գուցե հաջողվի Նիկոլ Փաշինյանին նստեցնել մի գեղեցիկ «շոգեքարշ» եւ իր իսկ նախաձեռնած երկաթուղով ճանապարհել Բաքու։ Ի դեպ, Փաշինյանի «պատվերի» ձախողման պարագայում երրորդ տեղում ընթացող Սերժ Սարգսյանը նույնպես ինքնաբերաբար հայտնվում է՝ Փաշինյանին Բաքու տեղափոխող «շոգեքարշում», բայց, ի տարբերություն Փաշինյանի, միզեռի ձախողման պարագայում այդ «շոգեքարշը» Սերժ Սարգսյանի համար հատուկ կանգառ կկատարի վերջինիս առանձնատան մոտ, եւ նա վերջնականապես ու հիմնովին կանցնի պատվավոր թոշակի։ 

«Շոգեքարշը» նույնպես պրեֆերանսային տերմին է, եւ այն կիրառվում է միզեռի ձախողման ժամանակ։ Ինչպես տեսնում ենք, բավականին տրամաբանական է, որ հայաստանյան քաղաքական դաշտի ամենակարգապահ խաղացողը՝ Ռոբերտ Քոչարյանը, Նիկոլ Փաշինյանի պատվերին արձագանքեց շատ արագ եւ հստակ։ Եթե պարզեցնենք, ապա Ռոբերտ Քոչարյանը եւս մեկ անգամ խուսափեց հստակ ծրագիր հնչեցնելուց, այլ նախընտրեց գնալ Փաշինյանի ծրագրերը ձախողելու ճանապարհով, ինչի հաջողելու պարագայում նա հայտնվում է առաջատարի դիրքում՝ ազատվելով ե՛ւ գործող վարչապետից, ե՛ւ երրորդ տեղով ընթացող Սերժ Սարգսյանից։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա իդեալական կոնստրուկցիա է, բայց պրեֆերանսում, ինչպեսեւ քաղաքականության մեջ, ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, ու այս կոնստրուկցիայի խորքում եւս կարեւոր նյուանսներ են թաքնված․ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանին պարտության մատնելու համար Ռոբերտ Քոչարյանին անհրաժեշտ է Սերժ Սարգսյանի անվերապահ աջակցությունը, բայց այս դեպքում էլ Սերժ Սարգսյանն է հայտնվում անբարենպաստ դիրքում, որովհետեւ եթե նա սկսում է աջակցել Քոչարյանին, ապա ստացվում է, որ ինքն իրեն պարտության ուղու վրա է կանգնեցնում, քանզի այս դասավորվածության մեջ սեփական խաղ չտանելու եւ միայն Փաշինյանի միզեռի դեմ խաղալու պարագայում երրորդ նախագահը չի կարող առաջին տեղում հայտնվել՝լավագույն դեպքում կարող է խաղն ավարտել արծաթե մեդալով։ Իսկ բազմակի չեմպիոնի համար դա նույն դառը պարտությունն է խորհրդանշում։ 

Բայց պատկերը կտրուկ փոխվում է, երբ սկսում ենք ամեն ինչ դիտարկել երրորդ տեղով ընթացող Սերժ Սարգսյանի դիտակետից, եւ ամենեւին էլ պատահական չէ, որ նա ժամանակ վերցրեց՝ իր խոսքը հնչեցնելուց առաջ։ Սերժ Սարգսյանի համար շատ բարդ է Ռոբերտ Քոչարյանի «փասը» կրկնելը, որովհետեւ դա ազդարարելուն պես ինքը՝ երրորդ նախագահը, ուղղակիորեն համաձայնում եւ համակերպվում է իր պարտության հետ։ Այնուհետեւ, խաղի կանոններից ելնելով, պիտի բացի բոլոր խաղաքարտերը եւ սկսի խաղալ միայն Նիկոլ Փաշինյանի ազդարարած միզեռի խափանման կոնտեքստում, եւ անգամ հաջողության հասնելու դեպքում հռչակավոր կոմբինատորը հայտնվելու է պարտվողի դերում։ Գուցե պատվավոր պարտվողի, բայց․․․։ Կա նաեւ հարցի մյուս կողմը, չի բացառվում, որ Փաշինյանն ունի իր հնչեցրած միզեռն իրականացնելու բոլոր հնարավորությունները, եւ գուցե այդ պատվերը նրան հուշել են շախմատի խաղատախտակի մոտ հավաքված ամենակարող մասնակիցները։ Իսկ այս դեպքում, փաստորեն, «փաս» ասելով՝ Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ՝ առանց պայքարի, կհանձնվի նորաթուխ խաղացողին՝ Նիկոլ Փաշինյանին, ինչն արդեն ոչ թե պատվավոր թոշակի, այլ դիսկվալիֆիկացիայի հիմք է։ Ստացվում է, որ սրացումներից խուսափելու պարագայում Սերժ Սարգսյանը նորից կարող է հայտնվել մի իրավիճակում, երբ անգամ ոչինչ չունենալով կորցնելու՝ չկարողացավ վա-բանկ գնալ եւ նորից պայքարից հրաժարվեց ու պարտվեց։ 

Հասկանալի է, որ մեր քաղաքացիներն անձնազոհություն, խիզախություն եւ այլ որակներ են ակնկալում հայրենի քաղաքական գործիչներից, եւ խնդիրն անգամ պարզունակ փառասիրության մեջ էլ չէ, այլ շատ ավելի խորն է, եւ եթե մասնակիցը սկսում է խաղալ մյուս մասնակցին աջակցելու կոնտեքստում, ապա դա ամենեւին էլ հայրենիքին նվիրվել կամ հանուն հայրենիքի պայքարել չի նշանակում, դա նշանակում է, որ զենքերը վայր դնող մասնակիցն ամբողջությամբ հրաժարվում է իր ծրագրերից, տեսլականից եւ երկրի համար կարեւոր որոշումների ժամանակ իր խոսքն ասելու հնարավորություններից։ 

Նույն արտաքին քաղաքականության հարցում Ռոբերտ Քոչարյանը, օրինակ, միավեկտոր՝ պրոռուսական կուրսի կողմնակից է, իսկ Սերժ Սարգսյանը՝ կարծես ավելի բալանսավորված արտաքին կուրսի, եւ հարց է առաջանում՝ արդյոք ողջամի՞տ կլինի Հայաստանն ամբողջությամբ մտցնել կայծակնային արագությամբ գահավիժող կայսրության տիրույթ, թե՞, այնուամենայնիվ, պետք է քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվելու հնարավորությունները գոնե մասամբ պահպանել։ Նույն արցախյան խնդրի հարցում՝ առավել քան հասկանալի է, որ Ռուսաստանը եթե անգամ ցանկանա գնալ խնդրի հայանպաստ լուծման, ապա առանց Արեւմուտքի կձախողվի։

Փոխարենը Ռուսաստանն առայժմ բավարար ռազմական ռեսուրս եւ կամք ունի նոր ձեւավորված ստատուս քվոն պահպանելու, իսկ Արեւմուտքն ունի խնդրի լեգիտիմ լուծման համար անհրաժեշտ բոլոր բանալիները, բայց դրանց մեջ, գոնե այս պահին, չեն տեղավորվում մեր պատկերացրած հայանպաստ լուծումները։ Բացի այդ, եթե մենք Ռուսաստանի հետ ենք, քաղաքակիրթ աշխարհի կողմից Արցախի հարցը դիտարկվում է շատ սպեցիֆիկ երանգներով։ Իսկ Արեւմուտքի հետ սերտ համագործակցության պարագայում Ռուսաստանը կսկսի իր ռեսուրսներն ու հնարավորություններն օգտագործել մեր դեմ՝ հօգուտ հակառակորդի։ Հետեւաբար, երբ քննարկում ենք քաղաքական ֆիգուրների միավորվելու, միասնական ճակատով պայքարելու հարցը, նաեւ այս ամենը պիտի կարողանանք դիտարկել, որ պատկերն ամբողջանա, իսկ քննադատությունն արգումենտացված լինի։ 

Մի խոսքով, բավականին դժվար է կռահել, թե կոնկրետ որ ուղղությամբ կշարժվի Սերժ Սարգսյանը, հատկապես որ մինչ այժմ նա աչքի չի ընկել շրջադարձային, կտրուկ խաղաոճով։ Բայց փաստ է, որ պրեֆերանսի եւ քաղաքականության կանոնների համաձայն, միզեռին՝ ամենամինիմալիստական պատվերին, ծածկում է ամենամաքսիմալիստական պատվերը, իսկ թե հայաստանյան քաղաքական իրականության մեջ ինչ տեսք կարող է ունենալ դա, եւ արդյոք Սերժ Սարգսյանն ի զորո՞ւ է այն իրականացնել, կհանդուրժե՞ն դա արտաքին խաղացողները, եւ որքանո՞վ է դա հնարավոր ներկայիս իրողություններում, կերեւա առաջիկայում։

Պողոս Պողոսյան