Եթե կյանքում մի գիրք կարդացած լիներ, գրքերն այս վիճակում չէին լինի

Եթե կյանքում մի գիրք կարդացած լիներ, գրքերն այս վիճակում չէին լինի

2019 թվականի մի օր Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչները համայնքային գրադարանը հայտնաբերեցին տակնուվրա եղած: Ինչ-որ մարդիկ ներխուժել էին գրադարան եւ դարակների ամբողջ պարունակությունը դատարկել հատակին: Ակնհայտորեն, ինչ-որ բան էին որոնել: Թե ինչ, բնակիչներն ակնկալում էին իմանալ ոստիկանությունից, որին դիմել էին դեպքից անմիջապես հետո:
Բայց դեպքից երեք տարի է անցել: Իրավիճակը նույնն է, ինչ հազարավոր այլ գործերով․ ոստիկանությունը գործը «քնեցրել» է, ամենայն հավանականությամբ՝ չկարեւորելով գրադարանի վրա հարձակվող մոլագարի բացահայտումը: 

Գրադարանի նկատմամբ ոտնձգությունը չի հուզել նաեւ համայնքի նախկին ղեկավար Սամվել Գալստյանին: Բնակիչների կարծիքով՝ վերջինիս անտարբերությունն է պատճառը, որ ոստիկանությունը գործը տեղից չի շարժում: «Եթե նա կյանքի մեջ գոնե մի գիրք կարդացած լիներ, խիղճը կտանջեր՝ տեսնելով հատակին թափված գրքերը»,- ասաց գյուղապետարանից դուրս եկող տղամարդը:

Հիմա Ջրառատն Արաքս խոշորացված համայնքի կազմում է: Համայնքապետը հարեւան Ջրարբիի գյուղապետ Ղազար Ղազարյանն է: Իսկ Ջրառատի նախկին ղեկավար Սամվել Գալստյանը՝ երբեմնի ոստիկանապետ Լյովա Երանոսյանի զարմիկը, այլեւս պաշտոնազուրկ է: Զրուցակիցս Ջրառատի գորշ կյանքը կապում է Սամվել Գալստյանի վատ կառավարման հետ:

«Միայն իր շահի մասին էր մտածում: Եթե իրենց օբյեկտներից մեկը մտած լինեին, գործը ոստիկանությանն էլ չէր հասի. իրենք իրենցով հարիֆին կգտնեին ու հարցերը կլուծեին: Նրան սկի գյուղն ու գյուղացին չէին հետաքրքրում, էլ ուր մնաց գրադարանի ու գրքի մասին դարդ աներ: Մեր իմացածն այն է, որ գրադարանի գործը ոստիկանությունում է, բայց ոչ մի տեղաշարժ չենք տեսնում: Էդպես էլ անհայտ մնաց՝ ով էր, ինչ էր ուզում էդ գրքերից: Ինչ-որ բա՞ն է փնտրել դրանց մեջ, թե՞ ուղղակի վատություն է արել, չիմացանք: Գոնե թույլ տան՝ գրքերը հատակից հավաքենք, ախր ափսոս են»:

Տղամարդը խոշորացված համայնքի նոր ղեկավարության հետ էլ առանձնապես հույսեր չի կապում: «Մենք սկի մեր համագյուղացուն հետաքրքիր չէինք, հարեւանի՞ն ինչի պիտի հետաքրքրենք: Հետո, կարծում եմ՝ նոր ղեկավարի համար մենք արդեն ընդդիմություն ենք,  որովհետեւ ընտրություններին իրեն ձայն չտվեցինք: Չնայած Երանոսյան Լյովան իր թիմով աշխատում էր Ղազարի օգտին, բայց մեր համայնքը նրան չընտրեց»:

Նկատենք, որ Ջրառատը դեռ վարչական ղեկավար չունի: Խոշորացված համայքի կազմում գտնվող 13 գյուղերի մի մասում Ղազար Ղազարյանը վարչական ղեկավարներ է նշանակել նախկին գյուղապետերին: «Իրեն մերժած Ջրառատը կոկորդին է»,- ասաց զրուցակիցս: