«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ն այսօր ասելիք չունի՞

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ն այսօր ասելիք չունի՞

Կայքերից մեկում պատահաբար աչքովս ընկավ իմ կողմից շատ հարգված Վարուժան Հոկտանյանի՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարի հարցազրույցը «Գոլդեն փելես» հյուրանոցի ճակատագրի մասին։ Նա խոսում է այդ հյուրանոցի աճուրդի թափանցիկության մասին, կարծիք է հայտնում, որ սա փորձնական տարբերակ է, որով իշխանությունն ուզում է իմանալ, թե հաջորդ գույքերն առգրավելիս ինչպես վարվի՝ կկարողանա՞ արդյոք դրանք վաճառել, գնորդ կգտնվի՞ եւ այլն։

Պարզվում է՝ պարոն Հոկտանյանի միակ մտահոգությունն այն է, թե ինչպես է իրացվելու բռնագանձվող գույքը, քանի որ «բոլորը գիտեն, որ Վովա Գասպարյանից, Սերժ Սարգսյանի եղբայրներից, հիմա նաեւ Աղվան Հովսեփյանից գուցե բռնագանձեն գույք, եթե դատական պրոցեսն ավարտվի հօգուտ պետության, եւ այդ դեպքում ի՞նչ է արվելու այդ գույքի հետ»:

Մարդը պետության, իրավապահների, իշխանությունների համար է մտահոգ, հասկանո՞ւմ եք՝ կկարողանա՞ն խլած գույքն իրացնել, թե՞ խնդիրներ կառաջանան։ Մինչդեռ ժամանակին նրան եւ իր ներկայացրած կազմակերպությանը մարդու իրավունքներն էին հետաքրքրում, իշխանությունների չարաշահումները։ Իսկ եթե նման անօրինական եւ կասկածելի գործընթացներ իրականացվեին, ասենք, 2015- 2016 թվականներին, պարոն Հոկտանյանը բոլորովին այլ հարցադրումներ կաներ։ Օրինակ՝ կհետաքրքրվեր, թե ինչպես է այդ գույքն անցել պետությանը, արդյո՞ք պետական պաշտոնյաները չեն չարաշահել իրենց դիրքը եւ ռեկետ չեն արել՝ մարդուն ստիպելով հրաժարվել գույքից։ Ինչո՞ւ բռնագանձման գործընթացը պատշաճ ընթացակարգով չի անցել եւ դատարանի կողմից չի վավերացվել։

Եվ առհասարակ՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպությունն ասելիք չունի՞ այսօր տեղի ունեցող բազմաթիվ գործընթացների հետ կապված։ Օրինակ, որ ՏԻՄ ընտրություններից առաջ եւ հետո բազմաթիվ համայնքապետերի են ձերբակալել, իսկ ԱԺ պատգամավորներին անօրինական կերպով ամիսներ շարունակ պահում էին կալանքի տակ։ Որ Հայաստանում խոսքի ազատությունը սահմանափակող օրենքներ եւ կանոնակարգեր են ընդունվում, որ օրեցօր իշխանությունը նահանջում է թափանցիկության, ժողովրդավարական սկզբունքից, եւ այսօր կառավարության նիստի 90 հարցից 87-ը չզեկուցվող հարցեր են, ո՞ր օրենքներով են նաեւ սահմանափակում հասարակության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը եւ Վարուժան Հոկտանյանն ասելիք չունե՞ն համայնքների խոշորացման, ՏԻՄ ընտրությունների եւ դրանից հետո տիրող վիճակի մասին՝ չէ՞ որ ժամանակին ընտրական իրավունքի ջատագովներն էին, իսկ այսօր օրը ցերեկով գործող իշխանությունն ընտրված քաղաքական ուժերից ուղղակի խլում է հաղթանակը եւ տեռորի ենթարկում ընտրված անձանց՝ նրանց նկատմամբ պատմության մեջ չգրված ճնշումներ գործադրելով։

Իսկ 2011-ին այս կազմակերպությունն իշխանությունից պահանջում էր․
«Դադարեցնել ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը
• ապահովել պատշաճ պայմաններ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի համար
• ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ զինված ուժերում եւ իրականացնել խաղաղ պայմաններում տեղի ունեցող սպանությունների պատշաճ քննություն»։  
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ն ասելիք չունի՞ Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժի սահմանափակումների հետ կապված, ընդդիմադիր պատգամավորներին ծեծի ենթարկելու փաստի առիթով՝ չէ՞ որ քրեական գործի հարուցումը մերժվեց։ Իսկ տարիներ առաջ այդպես չէր․ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը, օրինակ, 2015 թվականին պահանջում էր, որ էթիկայի կանոնները խստորեն պահպանվեն, եւ պահանջում էր պատժել «ՀՀ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանին, ով, խոսելով ՀՀ պաշտպանության նախարարի (այժմ՝ նախկին) կնոջ վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակվող նյութերի մասին, խոստացել էր հրապարակումների ենթադրյալ պատվիրատուներին գլխատել եւ, բռնելու դեպքում, բռնաբարել»։ Հիմա, երբ Անդրանիկ Քոչարյանը, Վիգեն Խաչատրյանը կամ Վահագն Ալեքսանյանն են նման հայտարարություններ անում լրագրողների հասցեին՝ կարելի է։

Կամ նույն «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպությունը 2013 թվականին հայտարարություն էր տարածել՝ իր անհամաձայնությունը հայտնելով «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշման առիթով», որը մերժել էր իր դիմումի հիման վրա վարույթ հարուցել ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի նկատմամբ, որը կառավարության շենքի դիմաց բողոքող ցուցարարներից մեկի աղաղակներին ի պատասխան, ասել էր․ «Էշ ա, արա՛, ի՞նչ ես գոռում, ա՛յ ոչխար»։ Իսկ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը «Թրանսփարենսիի» դիմումը մերժել էր այն պատճառաբանությամբ, որ «վարույթ հարուցելու համար Հանձնաժողովը պետք է ստանա նշված ակցիա անցկացնողների խմբի կամ նրանցից որեւէ մեկի դիմումը»:

Գնանք առաջ․ մեր աչքի առաջ քանդվեց «Հայաստանի փոքրիկ երգիչների»՝ Արամի 23 հասցեում գտնվող, պատմամշակութային արժեք հանդիսացող շենքը, կորցրինք Շուշին ու Հադրութը, Շուշիի գորգերի թանգարանը թափառաշրջիկի կյանքով է ապրում, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը լուռ է, իսկ 2014-ին ԹԻՀԿ-ն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն (պատճենը՝ ՀՀ ոստիկանություն)՝ Աֆրիկյանների տուն հուշարձան-շենքի քանդման փաստով, որով «խախտվել են ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածի, 40-րդ հոդվածի, Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կԿոնվենցիայի 5-րդ հոդվածի, «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի պահանջները, ինչն առաջացնում է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածով»: Հետո ողջ 2014-ին երկարուձիգ դատական գործընթաց իրականացրեց Հոկտանյանի կազմակերպությունը եւ իր զեկույցում խոստացավ, որ «ԹԻՀԿ դատական պայքարն Աֆրիկյանների տան համար կշարունակվի նաեւ 2015 թվականին»:

Ինչ վերաբերում է իր գործունեության հակակոռուպցիոն բովանդակությանը, այդ մասին կարծես «Թրանսփարենսին» իսպառ մոռացել է։ Դատելով նրա տարեկան զեկույցներից եւ հայտարարություններից, մեր իշխանական տարբեր մակարդակներում այլեւս չկա կոռուպցիա, իսկ եթե կա, ապա միայն առողջապահության եւ կրթության համակարգերում։ Իսկ ժամանակին անգամ իրավապահ մարմինների ղեկավարների կանանց հայտարարագրած եկամուտների նվիրատվությունների բաժինն էր ուսումնասիրում՝ արձանագրելով․ «ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի կինը տարվա ընթացքում ստացել է շուրջ 40.000 ԱՄՆ դոլարի, իսկ ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Գագիկ Մկրտումյանի կինը՝ շուրջ 100.000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն»:

Այսօր պարգեւավճարներն ու աշխատավարձերը, գնումներն ու գործուղումները, հարկային արտոնություններն ու տենդերները, փաստորեն, այլեւս որեւէ կոռուպցիոն խնդիր չեն առաջացնում։ Ինչպես խնդիր չեն առաջացնում ոստիկանության բռնություններն ու խաղաղ հավաքների ժամանակ կիրառված բիրտ ուժը։ Իսկ ժամանակին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ն անգամ «Ոստիկանության կամայականությունների շտեմարան» էր կազմում, որտեղ զետեղվում էին «ՀՀ ոստիկանության կողմից հավաքների ազատության իրավունքի խախտումները (խոչընդոտումներ, բռնություններ, ձերբակալություններ եւ այլն) փաստող լուսանկարներ եւ տեսանյութեր»:

Այսօր «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը միայն ողջունում է «2020 թ․ մարտին ընդունված օրենսդրական փոփոխությունները, ըստ որոնց՝ լրատվամիջոցներն անվճար կարող են տեղեկություն ստանալ իրավաբանական անձանց պետական գրանցամատյանից», եւ որպես խնդիր՝ նշում․ «ՀՀ նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարման ստորաբաժանման բարեվարքության հարցերով կազմակերպչի հաստիքը թափուր է»։