Օպերային թատրոնը պատրաստվում է դատի տալ Նազենի Ղարիբյանին (տեսանյութ)

Օպերային թատրոնը պատրաստվում է դատի տալ Նազենի Ղարիբյանին (տեսանյութ)

Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը երեկ՝ մարտի 28-ին, հրաման է ստորագրել ազատել Կոնստանտին Օրբելյանին Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից։

Այդ մասին առավոտյան մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատեց հենց ինքը՝ Կոնստանտին Օրբելյանը։ Թե ինչո՞վ է պայմանավորված ազատման հրամանը, Օրբելյանը խորհուրդ տվեց Ղարիբյանին հարցնել, ինքը միայն նշեց, որ առաջին օրից Ղարիբյանն անում է ամեն ինչ, որ ինքը հեռանա թատրոնից։ Օրբելյանն ասում է, որ երբեւէ չի ունեցել կոնֆլիկտ կամ տարաձայնություններ Ղարիբյանի հետ, ավելին՝ անձնապես ծանոթ էլ չէ նրա հետ։ Գուցե դժգո՞հ է իր աշխատելաոճից․ «Ոչ, նրա պատճառաբանությունն այն է, որ ինձ ոչ օրինական ձեւով են նշանակել, դրա մասին նա խոսում է առաջին օրվանից, բայց դա իր որոշելիքը չէ, այլ՝ դատարանի, թե ինձ անօրինակա՞ն են նշանակել, թե՞ ոչ։ Ես միայն կարող եմ ասել, որ ինձ օրինական են նշանակել եւ իմ նշանակման դեպքում կառավարության հատուկ որոշում է եղել, ոչ Հասմիկ Պողոսյանը, ոչ Արմեն Ամիրյանը անօրինական ձեւով ինձ չեն նշանակել, բայց Նազենի Ղարիբյանն անընդհատ պնդում է, որ ինձ անօրինական են նշանակել»,-ասաց վրդովված Օրբելյանը։ 

Արդեն Օպերային թատրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Օրբելյանը հեգնեց, թե գուցե Նազենի Ղարիբյանը չգիտի, որ իրենք մեկ օր առաջ ստացել են «Արտավազդ» մրցանակ «Չիպոլինո» բալետային ներկայացման համար՝ Լավագույն ներկայացում անվանակարգում ․ «Թեպետ նա կարող է չիմանալ, զարմանալի չէ․․․իսկ ընդհանրապես վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք բավականին բան ենք արել՝ նոր ներկայացումներ, հյուրախաղեր եւ ոչ մի պետական գումար չեմ ծախսել դրանց համար»։

Թե ինչ է լինելու հետո, Օրբելյանը կարծում է, որ թատրոնի կոլեկտիվը նույնպես կարող է իր կարծիքը հայտնել այդ առնչությամբ։  

Ինչ վերաբերում է հայերենի իր չիմացությանը, որի մասին շատ է մատնանշվել, ապա Օրբելյանը կարծում է, որ դա հիմք չէ եւ կառավարության 2017թ-ի հուլիսի 29-ի թղթերի մեջ հայերենի իմացության մասին ոչ մի տող չկա «կոնկրետ իմ դեպքում եւ կոնկրետ Օպերայի տնօրենի պաշտոնի համար»։ Հարցին թե գուցե անձնակա՞ն խնդիր կա Ղարիբյանի հետ, Օրբելյանը կատակեց․ «գուցե ես նրա դուրը չեմ գալիս»։ 

Օրբելյանն ընդգծում է՝ Ղարիբյանի փաստարկները օրինական չեն եւ թատրոնը նրան դատի է տալու։  

Թատրոնի կոլեկտիվից որոշ արտիստներ, ովքեր նույնպես ներկա էին հանդիպմանը, Նազենի Ղարիբյանին վաղը ժամը 16․00-ին հրավիրեցին թատրոն՝ իրենց հետ հանդիպման։