Աղքատությունը վտանգ է մեր պետականության համար

Աղքատությունը վտանգ է մեր պետականության համար
Ռազմիկ Մարտիրոսյան

1999-2003թթ․ ՀՀ սոցապնախարար Ռազմիկ Մարտիրոսյանը, անդրադառնալով այսօրվա առաջնահերթ խնդիրներին, մեզ հետ զրույցում նշում է․ « Այսօր կան բազմաթիվ հրատապ խնդիրներ, որոնք հասարակությունը չի դարձնում քննարկման թեմա։ Օրինակ՝ աղքատությունը։ Ինչպե՞ս կարելի է այսօր Հայաստանում հանդուրժել աղքատությունը։ Դա միայն նախորդ եւ ներկա կառավարությունների խնդիրը չէ, դա ողջ հասարակության խնդիրն է։ Հասարակությունն ինքն  այն պետք է դարձնի օրակարգի ամենաքննարկվող թեմաներից մեկը եւ ինքը փնտրի լուծումներ։ Ի՞նչ միջոցներով պետք է այս բեւեռացումը, աղքատությունը կանխել, որը մշտական վտանգ է պետականության համար եւ միշտ հասարակությանը մղելու է ատելության, հակադրության։ Պետք է քննարկել, թե ինչ ճանապարհով է հնարավոր վերացնել այդ բեւեռացումը»։

Մյուս հրատապ խնդիրներն, ըստ Ռազմիկ Մարտիրոսյանի, վերաբերում են կրթական համակարգին՝ 12-ամյա կրթությանը եւ կրեդիտային համակարգին։ 

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ «Այսօր Հայաստանում կրթությունը դարձել է դասակարգային։ Այսինքն՝ աղքատ, սոցիալապես անապահով խավը չի կարող իր երեխաներին որակյալ կրթություն տալ, որպեսզի այդ կրթությամբ էլ նրանք հաղթահարեն աղքատությունը։

Ես այն տպավորությունն ունեմ, որ այսօր մեր մեդիան ստեղծում է մեկ այլ իրականություն՝ մեդիաիրականություն, որը հասարակությանն ուղղորդում է դեպի վիրտուալ աշխարհ։ Ցավոք սրտի, այդ դեպքում հասարակությունը հայտնվում է լեզվաշարժության վիճակում, երբ բոլորը կարող են խոսել, հիշել, իսկ հասարակությունը չի համախմբվում։ Իսկ հասարակությունը կարող է համախմբվել գերխնդիրների շուրջ։ Մեզ պետք են նոր համազգային նպատակներ, որոնք էլ կարող են համախմբել հասարակությանը»։