Ո՛չ խիզախ եք, ո՛չ լեզվանի, ո՛չ կռվարար

Ո՛չ խիզախ եք, ո՛չ լեզվանի, ո՛չ կռվարար

Երեկ դիտում էի Ազգային ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը եւ մտածում՝ ինչպե՞ս հասանք այս օրվան, ինչպե՞ս եւ ե՞րբ գլորվեցին այս մարդիկ անմակարդակության եւ անդաստիարակության այս անդունդը, որ ոչ միայն իրենց դիմաց նստած մարդուն չեն հարգում, այլ նաեւ իրենց լսողներին, իրենց ընտրողին։ Սրանց թվում է՝ ողջ երկիրը տգետ, չար, մաղձով համակված, ընտանիք չունեցող, տարրական դաստիարակություն չստացած, չկայացած մարդկանցից է կազմված։ Որովհետեւ միայն նման մարդիկ կարող են լսել ու չվրդովվել, նորմալ համարել այդ բառամթերքը, հարաբերությունների այդ մակարդակը, օրենսդիր մարմնի՝ երկրի ամենաբարձր ատյանի այս որակը։ Քիչ թե շատ նորմալ միջին կրթություն ստացած մարդը միայն նողկանք կարող էր զգալ՝ լսելով, օրինակ, ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին կամ ՔՊ կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանին։ Գոնե շարքային կուսակցականներ լինեին սրանք: Ոչ, սրանք ղեկավար կազմում են, կնշանակի՝ արտահայտում են Նիկոլ Փաշինյանի ճաշակն ու համապատասխանում են պատգամավորի, պաշտոնյայի մասին առաջնորդի պատկերացումներին։ Բայց որքան էլ ախուվախ անենք եւ անիծենք մեր չար բախտը, որ նման իշխանության հետ է մեզ «հանդիպեցրել», առավել ողբալի է մեր դրությունը, քանի որ սրանց այլընտրանքն էլ չկա` այս տարիներին մենք չկարողացանք նորմալ, առողջ, գրագետ ընդդիմություն ձեւավորել, եղածն էլ փոշիացրինք ու քամուն տվեցինք:

Իհարկե, պետք է արժանին մատուցել Էդգար Ղազարյանին, որը գոնե այնքան համարձակություն ունեցավ, որ առաջադրվեց` չվախենալով կանգնել ՔՊ կոչվող ոհմակի առաջ եւ մեն-մենակ հակադարձելով նրանց կազմակերպված հարձակումներին: Այն էլ՝ ուղիղ եթերում եւ ընդդիմության պաշտպանությունն էլ չունենալով: Համարձակությունն այսօր գործող ընդդիմության ներկայացուցիչներին շատ է պետք, որովհետեւ եթե անգամ շատ խելոք լինես, գրագետ, պատրաստված եւ պատրաստ` մինչեւ վերջ գնալու, առանց համարձակության դուրս կմղվես հետզհետե ջունգլիների նմանվող այս քաղաքական դաշտից: Թերեւս հենց այդ ճանապարհով էլ քաղաքական դաշտից դուրս մղվեցին Արթուր Վանեցյանը, Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը, Արթուր Ղազինյանը, Վահե Հակոբյանը, Օնիկ Գասպարյանը եւ շատ ուրիշներ, որոնք այդքան խիզախ չեղան ու ընկրկեցին իշխանավոր անդաստիարակների տոտալ հարձակումների ու վայրագ մեթոդների առաջ: Այդ խիզախության, մարտունակության պակասի պատճառով նաեւ չկայացավ խորհրդարանական ընդդիմությունը, որը մի քանի կազմակերպված կոնֆլիկտից, ծեծուջարդից հետո կամաց-կամաց զիջեց իր դիրքերը, մինչդեռ 2021-ին խոստանում էր ՔՊ-ի կյանքը դժոխքի վերածել:

Ընդդիմությունն այնքան խիզախություն ու լեզվանիություն չունեցավ, որ մասնակցեր, օրինակ, ԱԺ-կառավարություն հարցուպատասխաններին եւ հենց տեղում մերկացներ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության անդամների ստերը: Նաեւ բավարար կռվազանություն չունեցավ, որ քացի տվող տարբեր խոզերի նույն եղանակով պատասխաներ, որովհետեւ քացի տվող անասունին խոսք հասկացնել ուղղակի հնարավոր չէ, ոչ էլ լկտի դեմագոգին ու անպատժելիությունից հաբրգած թմրամոլին կարելի է կիրթ խոսքերով կարգի հրավիրել: Դրանց նմանները միայն ուժի ու հարվածի ուժգնությունն են հասկանում, իսկ խորհրդարանական ընդդիմությունն իր պատվից վեր էր համարում ուժով եւ համարժեք պատասխանել: Իրենք, տեսեք-տեսեք` կիրթ են ու դաստիարակված, իրենք օրենքի շրջանակներից դուրս չեն գալիս:

Բայց միայն խիզախության, կռվելու, հայհոյելու անընդունակությունը չխանգարեց այս ընդդիմությանը: Նաեւ մտքի ու կրեատիվության պակասն ու սխալվելու անհուն վախը: Իհարկե, ոչինչ չանողը չի էլ սխալվում, եւ այդ չսխալվելու ձգտումից ելնելով էլ՝ ընդդիմությունը որդեգրեց ոչինչ չանելու մարտավարությունը: Չմասնակցենք նիստերին, հարցուպատասխաններին, որ մեզ չվիրավորեն: Թեկնածու չառաջադրենք, որ չխայտառակվենք, մեկ է` պարտվելու ենք: Չմասնակցենք քննարկումներին, բանավեճերին, որ մեզ չանպատվեն, մեկ է` մեր խոսքը տեղ չի հասնում: Չքննադատենք, որ մեզ չհայհոյեն: Այս շարքը վերջ չունի: Սա ոչինչ չանող մարդկանց պահվածքն է` ամեն գնով արդարացնել իրենց ոչինչ չանելը: Բայց ոչինչ չանողները ոչնչի չեն էլ հասնում` նրանք դոփում են տեղում, մնում նույն կետում, որ կետում էին գործընթացի մեկնարկին:

Ասենք, ինչո՞ւ թեկնածուներ չառաջադրել ընտրովի պաշտոններում, ինչո՞ւ զիջել օրենքով իրենց հասնող այդ իրավունքը: Ինչո՞ւ չառաջադրել ՀՀ նախագահի թեկնածու, իսկ ՀՌՀ հանձնաժողովների թեկնածուների առաջադրումն ու չընտրվելը չդարձնել քաղաքական պայքարի լուրջ թեմա: Չպայքարել եւ չթմբկահարել իշխանությունների կողմից ընդդիմությանը հասանելիք պաշտոնները զավթելու քայլերը, միջազգային կառույցներին չներկայացնել դա: Ով կսպասեր, որ իշխանությունն առանց աչք թարթելու կզավթի ընդդիմությանը հասանելիք ԱԺ փոխնախագահի եւ հանձնաժողովների նախագահների պաշտոնները: Այս թերի ու տգետ իշխանությունն ինչպես է նման «կրեատիվ» քայլեր ձեռնարկում, իսկ դուք` իբրեւ գրագետ ու խելացի, դրանց հակադրվելու անընդունակ եք: