«Հրապարակ». ՔՊ-ն՝ քաղաքական էմիգրանտների հանգրվան

«Հրապարակ». ՔՊ-ն՝ քաղաքական էմիգրանտների հանգրվան

Հայաստանի 18 համայնքում սեպտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գործող իշխանության հույսը նախկին ՀՀԿ-ականներն ու ՀՀԿ-ի «տասովշչիկներն» են։ Երեկ մենք նրանցից մի քանիսին ներկայացրել էինք, շարունակենք թեման։ Մի շարք համայնքներում ՔՊ համամասնական ցուցակը գլխավորում են կամ առնվազն այդ ցուցակում պատվավոր տեղեր են զբաղեցնում տարիներ շարունակ համայնքապետի պաշտոն զբաղեցրած եւ աղմկահարույց պատմություններից հայտնի անձինք։

Այսպես՝ Արագածոտնի Ծաղկահովիտ համայնքում ՔՊ ցուցակի առաջին համարը Նորաին Հակոբյանն է, ով շուրջ 20 տարի զբաղեցրել է Ծաղկահովիտի համայնքապետի պաշտոնը։ 2012-ին համայնքի ղեկավարի ընտրությունում նա եղել է ՀՀԿ անդամ, 2017-ին՝ անկուսակցական։ Քաղաքական այս էմիգրանտը մի ընտրության  էլ ՀՅԴ-ով է առաջադրվել։ 2014 թ. ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետի հատկանիշներով նրան մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր չափերի գույք յուրացնելու համար: Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ Նորաին Հակոբյանը, 2002-2012 թվականներին զբաղեցնելով Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, շարունակաբար վատնել է իրեն վստահված Ծաղկահովիտ համայնքի հաշվեկշռում հաշվառված եւ համայնքին պատկանող ընդհանուր 4 միլիոն 249 հազար 102 ՀՀ դրամ արժողությամբ առանձնապես խոշոր չափերի գույքը:

Մեղադրյալը յուրացրել է նաեւ համայնքի հաշվեկշռում հաշվառված խողովակները` համայնքին պատճառելով 4 միլիոն 661 հազար 480 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Քրեական գործը հարուցվել է 30.04.2014թ.՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Քրեական գործ հարուցելուց միայն 7 ամիս անց որոշում է կայացվել՝ Նորաին Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը: Սակայն 10 մլն դրամ գրավ մուծելուց հետո նա ազատվել է կալանքից: Ի վերջո, 2016-ի հունիսի 13-ին ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշել է սույն քրեական գործի վարույթը կարճել եւ դադարեցնել քրեական հետապնդումը՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Այնպես որ, երկիրը թալանած նախկինների մասին հայտարարող ՔՊ-ն նրանցից մեկին գրել է ցուցակի առաջին հորիզոնականում։

Նույն մարզի Ալագյազ համայնքում ՔՊ թեկնածուն «Հայփոստ»-ի ավագ օպերատոր Անզոր Ուռուսյանն է։ Նրա նախընտրական շտաբը ղեկավարում է ՀՀԿ-ական Հրաչյա Նազարեթյանը։
Վայոց Ձորի Եղեգիս համայնքում ՔՊ թեկնածուն Արթուր Ստեփանյանն է՝ 2017-ին որպես ՀՀԿ-ական ընտրված համայնքապետը։ Դրանից առաջ էլ նա Քարագլուխ համայնքում է տարիներ շարունակ պաշտոնավարել։ Ստեփանյանը վայելում է հայտնի քարագլխեցի պաշտոնաթող գեներալ Հովոյի հովանավորությունը, ունի քրեական անցյալ, ինչի շնորհիվ էլ տասնամյակներ շարունակ համայնքային իշխանություն է ղեկավարում։ 2017-ի ընտրություններից հետո մեկ տարի շարունակ խոշորացված համայնքի բնակիչները բողոքի ցույցեր էին անում՝ Ստեփանյանի հրաժարականի պահանջով, նրանք չէին ուզում, որ «քրեական անցյալով» մարդը ղեկավարի խոշորացված համայնքը։

Արենիում էլ ՔՊ ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Հուսիկ Սահակյանը, ով այդ պաշտոնում ընտրվել է 2017-ին՝ որպես ՀՀԿ-ական։ Եղել է Ռինդի համայնքապետ։ Ռինդն այժմ Արենի խոշորացված համայնքի մաս է կազմում։

Կոտայքի մարզի Ակունք համայնքում ՔՊ ցուցակը գլխավորում է Հունան Ռուբենյանը, ով 1996-ից ղեկավարում է համայնքը։ 2012 եւ 2017 թվականների համայնքապետի ընտրություններում նա եղել է ԲՀԿ անդամ։ Ռուբենյանի ղեկավարած համայնքի խոշոր գնումներին 2018-ի հունիսին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը։ Դիցուք՝ համայնքը մեկ տարվա կտրվածքով նախատեսել է ձեռք բերել 3 մլն 50 հազար դրամի բենզին, բջջային հեռախոսների ծառայությունների համար՝ 1 մլն 763 հազար դրամ, խնջույքների կազմակերպման համար` 4 մլն դրամ: Ակունքի համայնքապետարանը նախատեսել է գնել նաեւ 300 հազար դրամի խոհանոցային սարքեր, 384 հազար դրամի ծաղկային կոմպոզիցիաներ եւ այլն։ Ի դեպ, Ռուբենյանն է այս տարվա հուլիսին «Ծառուկյան հիմնադրամին» դեպի Հատիս լեռան գագաթ ջրագիծ կառուցելու շինթույլտվություն տրամադրել․ Հատիսը գտնվում է Ակունքի տարածքում։

Ջրվեժում ՔՊ համամասնական ցուցակը գլխավորում է 1991-ից համայնքապետի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Պետրոսյանը, ով 2012-ի եւ 2017-ի ընտրություններում ընտրվել է ԲՀԿ-ի քվոտայով։