Հաղորդում հանցագործության մասին

Հաղորդում հանցագործության մասին

Ես լրագրող եմ: Լրագրող, որը համարձակվում է քննադատել: Հայաստանում, բարեբախտաբար, լրագրողներին չեն սպանում: Նրանց պատժելու համար կիրառում են ավելի նուրբ ձեւեր: Իմ պարագայում կիրառում են բնակարանիս ապակիները կոտրելու հնարքը: Իբր, դա պատահականորեն անում են քաղաքի տարբեր մասերից՝ հատկապես Կոնդ թաղամասից Մաշտոցի պող. 5, 5ա, 5բ, 5գ, 5դ շենքերի բակում տեղակայված ֆուտբոլի խաղահրապարակ եկած խուլիգանական հակումներ ունեցող անչափահասները:

Բայց իմ բնակարանի ապակիները փշրում են անմիջապես այն բանից հետո, երբ ես տպագրում եմ հերթական քննադատական հոդվածս: Հունիսի 13-ին ինտերնետում տեղադրեցի «Հայաստանցի, քո ինչի՞ն է պետք Նախիջեւանը Սյունիքով Ադրբեջանի հետ կապող ճանապարհը» վերնագրված հոդվածս, եւ նույն օրը հերթական անգամ կոտրեցին իմ տան ապակիներից մեկը: Խաղահրապարակը շրջապատված է բավականին բարձր պարսպով, կոտրված ապակին էլ այնպիսի հեռավորության ու բարձրության վրա էր գտնվում, որ անհնար է համարել, թե այդ հերթական վանդալիզմը պատահականության արդյունք է:

2022-ին, բացի ապակիներ կոտրելուց, կիրառվեց նաեւ պատժի մեկ այլ խորամանկ մեթոդ․ պապիկիս՝ Վահան Տերյանի արձանը շրջափակեցին նորատունկ ծառերով, որպեսզի վատացնեն արձանի տեսանելիությունը: Ես արձագանքեցի «Հրապարակ» օրաթերթում տպագրված «Ինչպես «պատժել» 100 տարի առաջ վախճանված հայ դասականին» հոդվածով:

Մի քանի շաբաթ անց ծառուղու կողքի ծառերը հանեցին: Բայց որոշ ժամանակ անց, երբ տպագրեցի հերթական քննադատական հոդվածը, դրանց փոխարեն տնկեցին եղեւնիներ: Կարող եք գնալ եւ համոզվել, որ Օղակաձեւ այգում գտնվող եւ ոչ մի արձան կամ քանդակ, բացի Վահան Տերյանին պատկերողը, ծառերով շրջափակված չէ: Բացի այդ, քանդակը լուսավորող լուսարձակը մշտապես կա՛մ փչացած է, կա՛մ էլ այնքան թույլ լույս է արձակում, որ արձանը մթության մեջ չի երեւում:
Իմ պարագայում տեղի է ունենում կրկնակի հանցագործություն. բացի ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը) կատարվում է նաեւ այդ հանցագործությունը կատարելու համար անչափահասների ներգրավում:

Իմ գործընկեր լրագրողներին, լրատվամիջոցներին, լրագրողների իրավունքները պաշտպանող կազմակերպություններին, նաեւ Հայաստանի լրագրողների միություն կազմակերպությանը, որի անդամն եմ ես, խնդրում եմ տարածել այս ինֆորմացիան:

Երեւանի քաղաքապետարանին խնդրում եմ Երեւանի բակերի բարեկարգման ծրագրում ներառել նաեւ Մաշտոցի պող. 5, 5ա, 5բ, 5գ, 5դ շենքերով շրջափակված բակը, որի բնակիչներն այդ խաղահրապարակի պատճառով զրկված են նորմալ բակ ունենալու հաճույքից, որտեղ կարող են խաղալ նրանց երեխաները, եւ հանգստանան մեծերը: Փոխարենը քաղաքի տարբեր մասերից՝ հատկապես Կոնդ թաղամասից, այնտեղ են հավաքվում խուլիգանական հակումներ ունեցող անչափահասներ, խարույկներ են վառում, ռազբորկաներ անում, խանգարում այդ բակում ապրողների հանգիստը: Նրանք կարողացել են ջարդել նույնիսկ 3-4 մետր բարձրության վրա գտնվող բասկետբոլի վահանակները, երկաթե խողովակների հարվածներով պատռել խաղահրապարակը երիզող մետաղե ցանցապատերը:

Գրիգոր ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ