Լաչինի միջանցքի շրջափակում․ օր 100-րդ, միջազգային արձագանք

Լաչինի միջանցքի շրջափակում․ օր 100-րդ, միջազգային արձագանք

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման 100-րդ օրն է։ Ներկայացնում ենք եվրոպացի պաշտոնյաների արձագանքները։

Թիմ Լաուֆթոն․ բրիտանացի պատգամավոր - Ներկայիս վիճակը 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կոպտագույն խախտում է։ Անցյալ տարի սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվել է ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։ Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է Հայաստանի անքակտելի մասը։ Ադրբեջանը ԼՂ բնակչության էթնիկ զտման քաղաքականություն է վարել, այդ թվում՝ ահաբեկիչների միջոցով։ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակումներ են եղել, Ադրբեջանն ավերել է հայկական մշակութային ժառանգությունը։ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ եւ Իսրայելի տեխնիկայով, Սիրիայից բերված վարձկանների միջոցով էթնիկ զտում է իրականացրել Լեռնային Ղարաբաղում։ Գրավել է Հադրութը, Շուշին, որոնք հայկական տարածքներ են։ Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ռուս խաղաղապահները պետք է պահպանեին Լաչինի միջանցքը, որը միակ կապուղին է ՀՀ եւ ԼՂ միջեւ։ Ադրբեջանը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պետք է ապահովի անխափան կապը Լաչինի միջանցքով։

Ջեսիկա Մորդեն, ՄԹ խորհրդարանի անդամ - Լեռնային Ղարաբաղում հումանիտար ծանր վիճակը շարունակվում է։ ԼՂ ժողովուրդը չի կարողանում տեղաշարժվել, ծանր ձմեռվա իրավիճակում էներգետիկ բլոկադայի մեջ է, սննդի, դեղորայքի պակաս կա։ ՄԹ կառավարությունն ի՞նչ է անում այս սարսափելի վիճակին վերջ տալու համար։ Ես ՀՀ-ում հանդիպել եմ ԼՂ փախստականներին, ծանոթացել նրանց ծանր իրավիճակին։ Ներկայիս եռակողմ հայտարարությունը խոցելի վիճակում է։ 120 հազար մարդ շրջափակման է ենթարկված։ Սա միտումնավոր գործողություն է։ Գազն են անջատել ձմռան ցուրտ ամսին, երբ -5 է, դպրոցներն են փակ, հիվանդանոցները չեն կարողանում բուժօգնություն տրամադրել, երեխաները բաժանված են իրենց ծնողներից։

Գիլս Ուոթլինգ, բրիտանացի պատգամավոր - Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը։ ՀՀ-ն դիմել է ՌԴ-ին՝ հույսով, որ նա կպաշտպանի իրեն Ադրբեջանի ագրեսիայից։ ՌԴ խաղաղապահները ձախողվել են։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ այս իրավիճակը կշարունակվի այնքան, ինչքան որ պետք է՝ մինչեւ Ադրբեջանի պահանջները չկատարվեն։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է՝ ով ցանկանում է, կարող հեռանալ, ճանապարհը բաց է։ Լաչինի միջանցքը պետք է բացվի: Ինձ ՀՀ դեսպանը տեղեկացրել է վերջին զարգացումների վերաբերյալ։

Ջիմ Շենոն, ՄԹ պառլամենտի անդամ - Լաչինի միջանցքի փակումն աղետ է, 120 հազար հայ քրիստոնյա բլոկադայի մեջ է, գազ, հոսանք, սնունդ, դեղորայք չկա։ Genocide Watch-ն իրավիճակն էթնիկ զտում է համարում։ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական ժառանգությունը։ ՄԹ կառավարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում քրիստոնյա հայերին պաշտպանելու համար։ ՌԴ միջնորդական առաքելությունն այլեւս չի աշխատում։ ՌԴ խաղաղապահները չեն կարողանում ապահովել Լաչինի միջանցքի բացումը։ Ադրբեջանն ապօրինի ռուսական գազ է արտահանում Եվրոպա։

Ջոն Ուայթինգդեյլ, բրիտանացի խորհրդարանական - Ես այցելել եմ ԼՂ, տեսել ժողովրդավարական ուղիով ընտրված իշխանություններին, ովքեր ցանկանում էին ժողովրդավար պետականություն կերտել։ Ես Ադրբեջանի կողմից պատժամիջոցների ցուցակում եմ։ 2015թ․ ՄԹ կառավարության ներկայացուցիչն էի ՀՀ-ում՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին։ Ադրբեջանի ներկայացուցիչը ԵԱՀԿ ԽՎ-ում ինձ ասում էր, որ Լաչինի միջանցքը ՀՀ-ն օգտագործում է զենք, ականներ տեղափոխելու համար, ինչը խիստ կասկածելի է։

Քերոլ Մոնագեն, ՄԹ պառլամենտի անդամ - Լաչինի միջանցքի փակումը թշնամանքի վերջին դրսեւորումն է Ադրբեջանի կողմից։ Ընտանիքները բաժանված են, դեղորայք, գազ, հոսանք, սնունդ չկա։ Հումանիտար ծանր վիճակ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղում։ ՄԹ կառավարությունն ի՞նչ է անում, որպեսզի բացվի Լաչինի միջանցքը։ Արդյոք ՀՀ եւ Ադրբեջանի գործընկերների հետ երկխոսությո՞ւն է պահպանում։ ՄԹ-ն լուրջ առեւտրային կապեր ունի Ադրբեջանի հետ։ «Բրիթիշ Փեթրոլիումը» լուրջ կապեր ունի։ ՄԹ-Ադրբեջան առեւտրաշրջանառությունը 1 մլրդ ֆունտ ստեռլինգ է։ Սրանք լուրջ լծակներ են ՄԹ կառավարության ձեռքում՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար։ Մենք պետք է դիտարկենք պատժամիջոցները, օդային հաղորդակցության բացումը ԼՂ-ի համար։ 120 հազար մարդ ծանր իրավիճակում է:

Մարթին Դեյ, բրիտանացի պատգամավոր - Հումանիտար աղետ է Արցախում, ինչպես հայերն են ասում։ Լաչինի միջանցքը միակ կապուղին է, որն արգելափակված է Ադրբեջանի կողմից։ 120 հազար մարդ դաժան տառապանքների է ենթարկված։ Genocide Watch-ը զգուշացնում է ցեղասպանության նախանշանների մասին։ Ալիեւը հայտարարում է, որ Երեւանն Ադրբեջանի պատմական տարածք է։ Ադրբեջանը կեղծ խոսույթներ է ստեղծում ԼՂ հայերի էթնիկ զտման համար։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՄԹ կառավարությունը՝ Լաչինի միջանցքը բացելու համար։

Դեյվիդ Ռութլի․ բրիտանացի պատգամավոր - Մեր ուղերձը հստակ է՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի, եւ բանակցությունների միջոցով խաղաղություն բերվի։ Մենք աջակցում ենք միջազգային ջանքերին, այդ թվում՝ ԵՄ եւ ԵԱՀԿ։ ՄԹ կառավարությունն ակտիվ շփման մեջ է հումանիտար կազմակերպությունների հետ՝ Կարմիր խաչի, մենք կշարունակենք ոչ կառավարական կազմակերպությունների հետ տեղում համագործակցությունը։ ՄԹ կառավարությունը 350 հազար ֆունտ ստեռլինգի աջակցություն է տրամադրել Լաչինի միջանցքի բացման ու հումանիտար հետեւանքների վերացման համար։ Ռազմագերիները պետք է վերադառնան իրենց հայրենիք, մենք առաջ ենք տանում այդ հարցը։ ՄԹ կառավարությունը հանձնառու է Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիային։ ՄԹ-ն չի արգելափակել Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ ԱԽ գործող նախագահի հայտարարությունը։ Այս պահին չենք կարող քննարկել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հարցը։ Մենք ողջունում ենք ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը ՀՀ-ում։

Շվեյցարիայի ԱԳՆ․ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է անհապաղ վերականգնվի - ԵԱՀԿ հատուկ խորհրդի նիստում Շվեյցարիան մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքով մուտքի շարունակական խոչընդոտների եւ դրանից բխող մարդասիրական հետեւանքների կապակցությամբ։ Այս մասին նշված է Շվեյցարիայի ԱԳ Դաշնային դեպարտամենտի Եվրասիական բաժնի Twitter-ի միկրոբլոգում․ «Մարդկանց եւ առաջին անհրաժեշտության ապրանքների ազատ տեղաշարժը պետք է անհապաղ վերականգնվի»: Ի դեպ, Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ, վերին պալատի անդամ Շառլ Ջուլյարը, ինչպես նաեւ ստորին պալատի անդամ Նիկոլա Վալդերը «Լեռնային Ղարաբաղ. կարո՞ղ է Շվեյցարիան նպաստել հայերի նոր ցեղասպանությունից խուսափելուն» վերտառությամբ 2 հարցում է ուղղել Դաշնային խորհրդին։

«Դաշնային խորհուրդը պատրա՞ստ է իր միջնորդական քաղաքականությամբ առավել անմիջական ներգրավվածություն ունենալ տարածաշրջանում, միջազգային հանրության, մասնավորապես՝ Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների հետ հնարավոր համակարգմամբ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի թույլ չտա ԼՂ հայերի ցեղասպանություն։ Պատրա՞ստ է, արդյոք, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նորընտիր անդամ, Ֆրանսիայի հետ համատեղ, որն արդեն իսկ դատապարտել է այս բռնի գործողությունները, Խորհրդի ուշադրությունը հրավիրել այս հարցին»:

Իսպանիայի պատգամավորներ․ ապահովել Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժը - Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի հետ Հայաստանի միակ ցամաքային կապը։ Միեւնույն ժամանակ, դադարեցվել է գազամատակարարումը, իրավիճակ, որը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի եւ լարվածության աճ է գրանցել տարածաշրջանում։ Այս պատճառով եւ Եվրոպական հանձնաժողովի դիրքորոշմանը համահունչ՝ Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը.
- Անհանգստությամբ հետեւում է Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող տարբեր իրադարձություններին:
- Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովելու միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան։ Ազատ տեղաշարժի սահմանափակումները մեծ տառապանք են պատճառում բնակչությանը եւ կարող են ստեղծել հումանիտար ճգնաժամ։
- Կոչ է անում կողմերին՝ լուծելու եւ հարթելու տարաձայնությունները երկխոսության եւ բանակցությունների միջոցով:
- Հորդորում է միջազգային կառույցներին՝ կանխելու տարածաշրջանում նոր հումանիտար ճգնաժամը։

Չեխիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդա - Խորապես մտահոգված եմ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ։ Հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու սադրանքները, 120 հազար մարդու կենսապահովման հիմնական աղբյուրից զրկելը առաջացնում են մարդասիրական ծանր հետեւանքներ։ Ադրբեջանը պետք է վերաբացի միջանցքը, ապահովի տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ առանց որեւէ նախապայմանի։ Առաջընթացի ճանապարհը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորման շուրջ բանակցությունների շարունակությունն է, սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը եւ տարածաշրջանում կայուն խաղաղության եւ կայունության հաստատումը։

Կիպրոս-Արցախ միջխորհրդարանական բարեկամության խումբ։ 
Խումբը խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի դեմ ուղղված շարունակական ցեղասպանությունը - Լաչինի միջանցքը փակելու քարոզչական նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռ ամիսներ առաջ: Ակնհայտ է, որ այդ սադրանքը կազմակերպվել է Ադրբեջանի պետական իշխանությունների կողմից՝ նպատակ ունենալով կտրել Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությունից, հետեւաբար՝ նաեւ արտաքին աշխարհից։ Ադրբեջանն արդեն իսկ դադարեցրել է բնական գազի հոսքը դեպի Արցախ, զրկել Արցախը դեղորայքից, սննդից, ինչպես նաեւ մանկական սննդից եւ ծանր խնդիրներով հիվանդներին դեպի Երեւան տեղափոխումից։ Եվ այս ամենը՝ այն ժամանակ, երբ Արցախը ենթարկվում է խստաշունչ ձմռան: Լեռնային Ղարաբաղը կանգնած է սկսվող պարենային եւ հումանիտար ճգնաժամի առաջ: Ստեղծված իրավիճակն ուղղակիորեն հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետին, համաձայն որի.

ա) Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ:

բ) Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու ապրանքների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի միջանցքով:

Բուլղարիայի խորհրդարան․ Արցախի աջակցության հռչակագիր - 2023 թ․ հունվարի 31-ին հրապարակված հռչակագիրը ներկայացրել է «Վերածնունդ» կուսակցության նախագահ Կոստադին Կոստադինովը․ «Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով 51 օր է՝ տուժում են 120 հազար մարդ եւ 30 հազար երեխա։ Այս 120 հազար մարդն ու 30 հազար երեխաները տառապում են ամեն օր: Ճգնաժամն աննախադեպ է, քանի որ այն 21-րդ դարում էթնիկ ցեղասպանության օրինակ է։ Սա Հայոց ցեղասպանության շարունակությունն է»։ Այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, «մշակութային ցեղասպանություն է, որի նպատակն է՝ վերացնել հազարամյա պետությունը, որն այս հողերը բնակեցրել է ավելի քան երեք հազար տարի»։