ՉԺՀ-ՌԴ միությունը հաշվարկով ամուսնություն է

ՉԺՀ-ՌԴ միությունը հաշվարկով ամուսնություն է

ՉԺՀ նախագահը հերթական անգամ ժամանել է Մոսկվա, Կրեմլ` ՌԴ նախագահի հետ հերթական՝ օրեր տեւող բանակցություններ վարելու, մի քանի հազար էջ համաձայնություններ ստորագրելու եւ, ինչպես միշտ, դրանք թղթին թողնելու համար: Սի Ցին Պինն ու Վլադիմիր Պուտինն արդեն երեւի տասը տարի հանդիպում են ամենամյա հաճախականությամբ ու նույն սցենարով` աշխարհին ազդարարելու, որ իրենք միասին են, իրենց փոխհարաբերություններն ամենասերտ մակարդակում են, իրենք ունեն ընդհանուր շահեր եւ նման հանկերգեր` հակաարեւմտյան դիրքերից աշխարհին ներկայանալու մոտիվներով: Իհարկե, Ռուսաստանն էլ, Չինաստանն էլ մեծապես կախված են Արեւմուտքից, եւ, ասենք, երբ Արեւմուտքը ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ է սահմանում, Չինաստանը դրանք չի խախտում, ՌԴ խնդրանքներին չի ընդառաջում եւ զենք չի մատակարարում, բայց PR մակարդակում հակաարեւմտյան կեցվածքը երկուսի համար էլ այցեքարտ է: 

Արեւմուտքում էլ առիթը չեն կորցնում Չինաստանին եւ Ռուսաստանին բացատրելու, որ իրենց միասնության մասին հայտարարությունները PR արշավ են, որի հիմքում միայն Արեւմուտքի հեգեմոնիային հակադրվելու մղումն է, ուրիշ ոչինչ: Տարօրինակ կլիներ, եթե երկուշաբթի մեկնարկած Պուտին-Սի հանդիպման առիթով այս ամենը հերթական անգամ չկրկնվեր: Այս անգամ կրկնողը եղավ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին, բայց, ի պատիվ իրեն, անվերջ կրկնվող ֆրազը թարմությամբ մատուցելու միջոց էր գտել, ասել էր. «Չինաստանի եւ Ռուսաստանի ամուսնությունը հենվում է հաշվարկի վրա, ոչ թե` կապվածության»: Բնականաբար, նաեւ շարունակել էր, որ այդ երկու երկրները խորապես չեն վստահում իրար եւ խորը հակասություններ ունեն, նրանց միավորողը լոկ Արեւմուտքին հակադրվելու մղումն է եւ ԱՄՆ-ի առաջնորդության մերժումը: 

Այնպես որ, Մոսկվայում Սի Ցի Պին-Վլադիմիր Պուտին հանդիպումից նորություն առանձնապես չէր ակնկալվում, ամեն ինչ սկսվել էր՝ ինչպես միշտ, եւ ավարտվեց՝ ինչպես միշտ․ տեսախցիկների առջեւ կեցվածքներ, միմյանց հասցեին բաժակաճառեր եւ սրտի կսկիծ Արեւմուտքի առաջնորդությունից: Միակ տարբերությունը նախորդ տարիներից այն էր, որ 2022-ին ՌԴ-ն պատերազմ է սանձազերծել Ուկրաինայում, եւ Չինաստանը մեկ տարի անց 12 կետից բաղկացած, մանրամասները հիմնականում անհայտ, զինադադարի մի առաջարկ էր ասպարեզ բերել, ինչն առավելապես PR ակցիա էր: Համարյա PR ակցիա էր նաեւ ՉԺՀ նախագահի` Մոսկվա ժամանելուն զուգահեռ Ճապոնիայի վարչապետի` Կիեւ մեկնելը:

Իսկ, ա՛յ, անցյալ շաբաթ Չինաստանի միջորդությամբ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն աննախադեպ իրադարձություն էր Մերձավոր եւ Միջին Արեւելքում Չինաստանի երբեւէ ունեցած դերակատարման կտրվածքով: Այլ հարց, որ տարածաշրջանում Չինաստանի կշռի եւ ներգրավվածության նման բարձրացում արձանագրելով՝ Պեկինի հնարավորությունները, այդուհանդերձ, չարժե գերագնահատել: Իրականում Չինաստանն օբյեկտիվորեն ո՛չ Թեհրանի, ո՛չ էլ Էր-Ռիադի նկատմամբ ազդեցության այնպիսի լծակներ չունի, որ կարողանար նրանց մերձեցնել, առանց նման նախաձեռնություն` սկզբնապես հենց կողմերից բխած լինելու: Միջազգային լրատվամիջոցներն ասում են, որ Իրան-Սաուդյան Արաբիա շփումները` դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հեռանկարով, սկսվել են 2 տարի առաջ: Սակայն նախ հակիրճ վերհիշենք, թե այդ հարաբերությունները երբ եւ ինչպես խզվեցին: 

Իրան-Սաուդյան Արաբիա. բնական ախոյաններ

Իրանն ու Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերությունները դադարեցրին մոտ 8 տարի առաջ: Պատճառները կուտակվել էին հետզհետե․ դրանց թվում էր եւ այն, որ ինչ-որ ժամանակ հաջի (Hajj) ուխտագնացության ժամանակ (երբ տարբեր երկրներից մահմեդականներ են գնում Սաուդյան Արաբիա՝ Մեքքա, Մեդինա) մարդկանց մեծ կուտակումներից, տապից եւ այլնից մեծ թվով իրանցի ուխտագնացներ էին մահացել: Մեկ ուրիշ անգամ սաուդյան իշխանություններն ինչ-որ ամբաստանությամբ՝ Իրանի հետ կապված, նշանավոր շիա հոգեւորականի էին մահապատժի ենթարկել, փոխադարձաբար՝ Թեհրանում էլ Սաուդյան Արաբիայի դեսպանատան, դիվանագետների վրա էին հարձակումներ եղել: Եթե ճիշտ եմ հիշում, դրանից հետո երկկողմ դիվանագիտական հարաբերությունները խզվեցին: Բացի այս մատնացույց արվող դեպքերից, Իրանում երեւի 1979-ի կրոնական հեղափոխությունից ի վեր եւ մանավանդ Իրան-իրաքյան պատերազմից հետո Իրանն ու Սաուդյան Արաբիան երդվյալ ախոյաններ են, որ պայքարում են տարածաշրջանային գերակայության համար: Իսկ 2003-ին ԱՄՆ-ի գլխավորությամբ Իրաքի դեմ սկսված պատերազմից հետո Թեհրանն ու Էր-Ռիադն ամբողջ Մերձավոր Արեւելքում proxy-ներով պատերազմում են իրար դեմ` Եմենից միչեւ Իրաք, Լիբանան ու Սիրիա: Ինչո՞ւ են իրար այդպես մերժում այդ երկու երկրները: Բազմաթիվ պատճառներով, որոնցից մեկն էլ այն է, որ Սաուդյան Արաբիայում սուննի իսլամի ամենապահպանողական ու վայրագ ճյուղն է մոլեգնում` վահաբիզմը: Իրանում էլ շիա հոգեւորականներն են իշխանությունն ու շքերթի հրամանատարը: Այդ 2 կղերական համակարգերն ուրիշ ի՞նչ պետք է անեն, եթե իրար չհակադրվեն եւ հնարավորության պարագայում չբախվեն: Մեծ հաշվով, Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ մրցակցությունը, փոխադարձ մերժումը, անգամ proxy-ներով պատերազմելը որքան էլ աղետաբեր, բայց բնական վիճակ է: 

Հետեւաբար, հետաքրքիրն այստեղ այն է, թե այժմ ինչ է պատահել, աստղերը երկնքում այդ ի՞նչ հերթականությամբ են դասավորվել, որ Թեհրանն ու Էր-Ռիադը որոշել են իրենց օրինաչափ վատ հարաբերությունները շոշափելի բարելավել: Ընդ որում՝ ոչ միայն դիվանագիտական հարաբերություններ են հաստատում, այլեւ, ասենք, փոխադարձաբար պարտավորվել են իրենց կողմից վերահսկվող media-holding-ներով (լրատվամիջոցների միավորումներով), որ ծածկում են համարյա ամբողջ Մերձավոր Արեւելքը, դադարեցնել մեկմեկու հասցեին թիրախավորված քննադատությունն ու հայհոյախոսությունը: 

Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ, փոխհարաբերությունների կարգավորման նպատակով շփումներն Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջեւ սկսվել են մոտ երկու տարի առաջ: Այսինքն՝ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում Թրամփի ու թրամփիզմի դարաշրջանն ավարտվեց, եւ Սպիտակ տուն վերադարձած Ջո Բայդենն Իրանի հանդեպ որդեգրեց նոր քաղաքականություն` միջուկային JCPOA համաձայնագրի շրջանակում Թեհրանի հետ վերսկսելով բանակցություններ: Եթե Թրամփի պաշտոնավարման շրջանում Սաուդյան Արաբիային, ավելի ճիշտ` այդ երկիրը միանձնյա ղեկավարող եւ Թրամփի դստեր ու փեսայի` միացյալ Ջարվանկայի հետ (ինչպես Թրամփի հոգեւոր հայր Սթիվ Բենոնն էր նրանց կոչել) անձնական մտերմություն ունեցող արքայազն Մուհամեդ բին Սալմանին թվացել էր, թե եկել է իր աստեղային ժամը, ԱՄՆ-ն կարող է ռազմական բախման գնալ Իրանի հետ, հետեւաբար՝ ժամանակն է ողջ հասակով կանգնելու որպես Իրանի ախոյան ու Իսրայելի բարեկամ (իսրայելյան օդանավերին Սաուդյան Արաբիայի օդային տարածքով թռչելու իրավունք տալն այդ շրջանակում էր), ապա Ջո Բայդենի oրոք պարզ դարձավ, որ քաղաքական քամիները հաճախ են ուղղություն փոխում: 

Արաքս գետը կբերի՞ Ադրբեջանի դին

Բայդենի` իշխանության գալով, Վաշինգտոնում դադարեց հակաիրանյան հիստերիան, փոխարենը Պաղեստինի (ինչը վերջնահաշվում նշանակում է` ողջ արաբական աշխարհի) հարաբերություններն Իսրայելի հետ սկսեցին վատթարից սահել դեպի վատթարագույն: Հետեւաբար, Սաուդյան Արաբիան պիտի ձգտեր ավելի հավասարակշիռ դիրքի գալ տարածաշրջանում, ինչի շրջանակում էլ երկու տարի առաջ սկսվել են Իրանի հետ հարաբերությունների կարգավորման շփումներ: Այժմ, երբ իրերի դրությունն այնտեղ է հասել, որ պաղեստինցիները «ֆաշիստից» ու «ապարտեիդից» բացի այլ որակում չեն օգտագործում Իսրայելի իշխանությունների հասցեին, Աբրահամյան համաձայնությունները (Abraham Accords) մնացել են մեռյալ կետում, Իրանն էլ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենի առջեւ դռներն է վերստին բացել, ինչը միջուկային համաձայնագրի կայացմանը նպաստող որոշիչ քայլ է, ավելի քան օրինաչափ է, որ Սաուդյան Արաբիայի եւ Իրանի հարաբերությունները կարգավորվեն: 

Պատահական չէ, որ հենց հայտարարվեց Թեհրանի եւ Էր-Ռիադի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին, նույն երեկոյան Իսրայելում լեզվակռիվը սկսվեց իշխանության եւ ընդդիմության միջեւ: Նեթանյահուն ու Յեիր Լապիդն իրար քարածեծ էին անում` մեկը մյուսին սխալների եւ տապալման մեջ մեղադրելով, որի արդյունքում Իսրայելի համար այդքան աննպաստ զարգացում է արձանագրվել: Եվ այստեղ էլ թաղված է շան գլուխը: Մթնոլորտում Իրանի եւ Իսրայելի միջեւ հնարավոր բախման հեռանկար գոյություն ունի, եւ չի բացառվում՝ դա է նպաստել, որ Սաուդյան Արաբիան փորձի օր առաջ իր հարաբերությունները երկու երկրների միջեւ ու հանդեպ հավասարակշռել: 

Իրոք կլինի՞ բախում Իրանի եւ Իսրայելի միջեւ, թե ոչ` դժվար է ասել: Դա հավանական դարձնող գործոնների մասին ամբողջ մի հոդված կարելի է գրել: Հայաստանի համար էականն այն է, որ եթե Իսրայելի եւ Իրանի միջեւ ռազմական բախում լինի, համարյա առանց կասկածի Իսրայելը գոնե լրտեսական նպատակներով օգտագործելու է Ադրբեջանի` 44-օրյա պատերազմի արդյունքում զբաղեցրած Ֆիզուլիի, Ջեբրաիլի շրջանները: Եթե Իրանին լսենք` Իսրայելն առհասարակ այդ տարածքներում արդեն ռազմական ներկայություն ունի եւ Ադրբեջանի հետ էլ՝ համարյա լատենտ ռազմաքաղաքական դաշինք: Ի վերջո, հազիվ թե պատահական է, որ 2023-ի տարեսկզբից ի վեր ընդամենը 1-2 ամսում Բաքուն արդեն իր դեսպանատունը փակել է Իրանում, Ադրբեջանում իրանական գործակալական ցանցեր են օրումեջ «բացահայտում», Իսրայելի պաշտպանության նախարարն ու հատուկ ծառայությունների ղեկավարներն են Ալիեւի հետ հանդիպել, Ադրբեջանի առաջին ռեզիդենտ դեսպանը Թել-Ավիվ է ժամանել: 

Այս ամենից կարելի է հուսալ եւ ակնկալել, որ եթե Իրանի եւ Իսրայելի միջեւ իրոք ռազմական բախում սկսվի, Ադրբեջանը գրողի ծոցում կհայտնվի, քանի որ Իրանն առանց մի խնդրի կքայլարշավի Ադրբեջանի վրայով: Ոչ ոք թող չկարծի, թե երկրաշարժի փլատակների տակ մնացած ու Մերսինում, Սեկեւկիայում ամեն երկրաշարժի հետ Akkuyu չավարտված ատոմակայանի վնասվելուց դողացող Թուրքիան իր տնտեսական, քաղաքական, դիվանագիտական ներկայիս ճգնաժամերի մեջ ի զորու է լինելու լուրջ ընդդիմանալ Ադրբեջանում Իրանի քայլարշավին: 
Ինչ խոսք, Իսրայելն էլ, Իրանն էլ այն պետությունները եւ ժողովուրդները չեն, որոնց չարիք ցանկանաս, այն էլ` պատերազմի նման… Աստված մի արասցե` ազնվորեն: Բայց, այնուամենայնիվ, եթե Իրանի եւ Իսրայելի միջեւ բախում լինի, համարյա վստահաբար` Արաքս գետը Ադրբեջանի դին կբերի, եւ դրան պետք է Հայաստանը պատրաստ լինի: