«Բռնել Պուտինին» օպերացիայի հետագիծը․ Չինաստանը՝ ՌԴ-ի, Ճապոնիան՝ Ուկրաինայի կողքին

«Բռնել Պուտինին» օպերացիայի հետագիծը․ Չինաստանը՝ ՌԴ-ի, Ճապոնիան՝ Ուկրաինայի կողքին

Հաագայի միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու վերաբերյալ օրդեր տրամադրելու մասին որոշումը բուռն արձագանք հարուցեց միջազգային հանրության շրջանում, առաջին հերթին՝ Ուկրաինայում։ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ եկել է պատմական պատասխանատվության պահը, իսկ առանձին պաշտոնյաներ խանդավառված նշեցին, որ սա «ռուսական ագրեսիայի» դատապարտման մեծ գործընթացի դեռ սկիզբն է։

Արեւմուտքն ու Եվրոպան, իրենց հերթին, ողջունեցին ՄՔԴ-ի որոշումը, ինչը լիովին տեղավորվում է Կիեւին՝ նրանց բովանդակ աջակցության տրամաբանության մեջ։

Հայտնի է, որ Հաագայի դատարանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշումը զգալիորեն սահմանափակում է նրա՝ աշխարհի այլ երկրներ այցելելու հնարավորությունը, համաձայն ՄՔԴ կանոնադրության եւ հաշվի առնելով կառույցին միացած երկրների գործոնը։ Սա նշանակում է, որ Պուտինին այժմ պարտավոր են ձերբակալել աշխարհի 123 երկրում, որոնք վավերացրել են Հռոմի կանոնադրությունը կամ ճանաչում են Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասությունը:

Հարկ է նշել, որ նման երկրների ցանկում են Եվրոպայի պետությունները, ամբողջ Հարավային Ամերիկան, Աֆրիկայի մի մասը եւ Ասիան։ Հատկանշական է, որ ՄՔԴ-ի իրավասությունը ճանաչող երկրները նույնպես Ռուսաստանի գործընկերներն են, օրինակ՝ Վենեսուելան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը եւ Տաջիկստանը։

Միջազգային քրեական դատարանի որոշումները ոչ մի նշանակություն չունեն մեր երկրի համար, այդ թվում՝ իրավական տեսանկյունից։ Ռուսաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի կողմ չէ եւ դրանով որեւէ պարտավորություն չի կրում։ Ռուսաստանը չի համագործակցում այս մարմնի հետ, եւ Արդարադատության միջազգային դատարանից եկող ձերբակալության հնարավոր «բաղադրատոմսերը» մեզ համար իրավաբանորեն առոչինչ են լինելու։

Սա պաշտոնական Մոսկվայի արձագանքն էր՝ Հաագայի դատարանի որոշման կապակցությամբ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շտապեց հայտարարել, թե Ռուսաստանի նախագահը ռազմական հանցագործություններ է կատարել։ Նրա պնդմամբ, Միջազգային քրեական դատարանի որոշումը՝ նրան ձերբակալելու օրդեր տալու վերաբերյալ, արդարացված է: Ամերիկայի նախագահն «ուժեղ» է անվանել ՄՔԴ-ի դիրքորոշումն այս հարցում՝ միաժամանակ նշելով, որ ԱՄՆ-ն ՄՔԴ անդամ չէ։ ՄՔԴ-ի իրավասությունը չճանաչող գերտերության առաջնորդի ոգեւորությունը չկիսեց ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը․
«Ոչինչ չի լինելու։ Կարծում եմ, եւ արդեն երկար տարիներ այդպես է եղել, որ ՄՔԴ-ն սկզբունքորեն ոչ լեգիտիմ է: Սա այն չէ, ինչի հետ ԱՄՆ-ն պետք է համագործակցի: ՄՔԴ-ն օրինական չէ, քանի որ այն պետական իշխանության իրականացումն է վակուումում՝ առանց այն զսպելու սահմանադրական շրջանակների: Իսկ դա շատ վտանգավոր հաստատություն է։ Կարծում եմ, որ ՄՔԴ-ի պահվածքն այս պահին պոտենցիալ սպառնում է Ուկրաինայի դիվանագիտական լուծմանը։ Եթե ցանկանում եք, որ բանակցություններ ընթանան, ի՞նչ եք կարծում, Վլադիմիր Պուտինի ձերբակալության հրամանը դա ավելի հավանակա՞ն է դարձնում, թե՞ պակաս հավանական»։

«Բռնել Պուտինին» օպերացիայի մյուս հանգրվանն առավել ուշագրավ էր․ ՄՔԴ-ի որոշումից հաշված ժամեր անց Մոսկվա ժամանեց մեկ այլ գերտերության՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, որի բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ժամեր եւ օրեր տեւեցին․ արդյունքում՝ երկու գերտերությունները պայմանավորվեցին «նոր ու արդար աշխարհակարգ ստեղծել, խորացնել համագործակցությունը՝ հընթացս անդրադառնալով Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ Պեկինի խաղաղության առաջարկին»։
Այս ամենի համապատկերում մի կարեւոր հանգամանք էլ կա․ Մեծ յոթնյակի (G7) երկրներից Ճապոնիան կարող է փոխել աշխարհաքաղաքական խաղաքարտերը։ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել՝ ուշադրություն դարձնել համաշխարհային միջազգային հանրության դիրքորոշմանը եւ անհապաղ դադարեցնել Ուկրաինայի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիան։

Կիեւ կատարած այցի ընթացքում Ճապոնիայի կառավարության ղեկավարը մամուլի ասուլիսում հիշեցրել է, որ դեռեւս փետրվարին G7-ի գագաթնաժողովի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից բանաձեւի ընդունման ժամանակ Ռուսաստանի Դաշնությանը կոչ է արվել՝ անհապաղ ամբողջությամբ դուրս բերել զորքերն Ուկրաինայի տարածքից։ Միաժամանակ, նա վստահեցրել է, որ Տոկիոն եւ Կիեւը կշարունակեն համագործակցել՝ այդ գործակցությունը վերածելով գլոբալ դաշնակցության։ Ի դեպ, Կիսիդայի այցն Ուկրաինա անսպասելի էր ու չհայտարարված, որն ուղղակի համընկավ Սի Ծինփինի՝ Մոսկվա այցելությանը։ Պատահականությո՞ւն էր այս ամենը, դժվար թե։ Մեծ տերությունները փոքր ժամանակ ունեն գործելու համար․․․

Արա Ալոյան