Ազատ անկում

Ազատ անկում

Մեր երկրի, տարբեր ինստիտուտների եւ հատկապես երկրի ղեկավարի «ազատ անկումը» շարունակվում է: Ամեն օր մի նոր կարմիր գիծ է հատվում, մի նոր քայլ արվում դեպի հակաժողովրդավարական, անօրինական, անթույլատրելի իրականություն: Թավշյա, անարյուն հեղափոխությամբ 6 տարի շարունակ պարծեցող Նիկոլ Փաշինյանը մի գիծ էլ հատեց` հատուկ միջոցների կիրառում կարգադրեց, որի արդյունքում Երեւանում խաղաղ ցուցարարի արյուն թափվեց: Մինչ օրս նրան մեղադրում էին իր քաղաքական սխալների արդյունքում տեղի ունեցած պատերազմի եւ 5 հազար զոհի համար, հիմա արդեն կարող ենք ասել, որ միտումնավոր եւ վերեւից եկած հրահանգով հայ ոստիկանը հայ քաղաքացու արյուն է թափել, եւ Մարտի 1-ի դատավարություն անող, նախկինում հատուկ միջոցների կիրառումը եռանդով դատապարտող Նիկոլ Փաշինյանը հրահանգել է դա, արդարացրել, եւ սիրտը, երեւի, փառավորվել է Երեւանի կենտրոնում թափված հայի արյունը տեսնելով:

Կարող ենք 24 ժամ շարունակ խոսել, զուգահեռներ անցկացնել նախկին ու ներկա Նիկոլների միջեւ, բայց դրանք այլեւս ոչ մի առումով կոռեկտ չեն, եւ անիմաստ է այդ մասին հարցադրումներ հնչեցնելը` մարդն անցել է Ռուբիկոնը, հանգիստ թողնենք նրան: Իսկ ի՞նչ են մտածում մյուսները: Օրինակ, ԱԱԾ եւ ՆԳ ղեկավարները, երբ ամեն օր երկրում դաժան սպանություններ ու հանցագործություններ են տեղի ունենում, իսկ իրենց ենթակա կառույցները ոչ թե հասարակական կարգն են պաշտպանում, հանցագործների դեմ պայքարում, այլ հայրենիքի համար պայքարող մարդկանց դեմ: Հենց ոստիկանության բաժանմունքի դիմաց քիլլերը մարդ է սպանում, ոստիկանությունը չի բռնում, գինու փառատոնին մարդ են դանակահարում` ոստիկան չկա: Դիվերսանտը սահմանն է անցնում` ԱԱԾ-ն չկա: Դուք Նիկոլի՞ իրավապահներն եք, թե՞ Հայաստանի Հանրապետության: