Շառլ Միշել-Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև «ուժինի» սեղանին վերջակետ դրվեց Արցախի գոյամարտի երեսնամյա պատմությանը

Շառլ Միշել-Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև «ուժինի» սեղանին վերջակետ դրվեց Արցախի գոյամարտի երեսնամյա պատմությանը

Ապրիլի 6-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։

Թեմայի շուրջ Hraparak.am-ը զրուցել է «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ։

- Տիկին Զոհրաբյան, ՀՀ վարչապետի Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ կարևորվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։ Ի՞նչ սպասել այս հանդիպումից։   

- Վստահաբար պնդում եմ, որ Շառլ Միշել-Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև «ուժինի» սեղանին երկու օր առաջ վերջակետ դրվեց Արցախի գոյամարտի երեսնամյա պատմությանը։ Արցախի հարցը փակվեց և նրանք, ովքեր կպնդեն հակառակը՝ ես պիտի խնդրեմ, որ ներկայացնեն առարկայական փաստեր։ Բանակցել խաղաղության պայմանագրի շուրջ, բանակցել սահմանագծման շուրջ և հայտարարության մեջ որևէ բառ  չհիշատակել Արցախի՞ց, Արցախի կարգավիճակի՞ց, ԵԱՀԿ Մինսկի խմբի մասի՞ն։ Ի դեպ, երբ Ալիևն ասում էր՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը մահացել է և պատրաստակամություն էր հայտնում սեփական ռեսուրսների հաշվին կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի հուղարկավորությունը, փաստորեն, Բրյուսելում, ըստ էության, արձանագրվեց, որ ԵԱՀԿ  Մինսկի խումբը այլևս որևէ անելիք չունի, բացի այն անատամ հայտարարությունից, որ այսօր իրենք տարածեցին, որ ողջունում են խաղաղության գործընթացը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի մեջ՝ խաղաղության գործընթաց ողջունելու մանդատ չկար։ Իրենց հիմնական մանդատը Արցախի Հանրապետության կարգավիճակի լուծման մանդատն էր։ Եվ ընդհանրապես ուզում եմ հիշեցնել Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որը փաստ է՝ տեղադրված է իրենց կայքում՝  «որ մինչև ադրբեջանական զինուժը, որը մայիսի 12-ից օկուպացրել Է յՀայաստանի Հանրապետության 41 կմ սուվերեն տարածք, դուրս չգա Հայաստանի սուվերեն տարածքից, որևէ բանակցություն՝ սահմանազատման կամ խաղաղության պայմանագրի շուրջ լինել չի կարող>։ Ես ուզում եմ հիշեցնել նաև, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ էր նույնաբովանդակ հայտարարություն արել։ Հիմա ի՞նչ փոխվեց, որ Հայաստանը կտրուկ փոխեց իր օրակարգը։ Ես կարծում եմ, որ Բրյուսելում փակվեց Արցախի օրակարգը և սա շատ վտանգավոր ազդակ, զգոնության ազդակ պիտի լինի։ Չնայած Արցախի արտգործնախարարը անմիջապես հանդես եկավ հայտարարությամբ, որ որևէ կերպ Արցախը Ադրբեջանի կազմում լինելը կնշանակի ցեղասպանություն՝ Արցախի չգոյություն, բայց՝ ցավոք սրտի, իմ լավ ընկեր Դավիթ Բաբայան, բոլոր գործընթացները տանում են  դրան։ Ես նոր եմ վերադարձել դիրքերից, առաջնագծից, և  դուք  շատ լավ գիտեք՝ Փառուխի հատվածով ադրբեջանցիները զավթել են ռազմավարական նշանակություն ունեցող Քարագլուխը, այնտեղ դիրքավորվել են և որևէ միլիմետր հետնահանջ չեն ուզում անել։ Նպատակահարմար չգտնել, կամ կոռեկտ չհամարել այդ մասին խոսելը և ասել, որ դա բացառապես ռուս խաղաղապահների խնդիրն է և մունաթ գալ․․․ Այդ դեպքում տրամաբանական հարց է առաջանում՝ բա էդ դու ինչի՞ էիր գնացել Բրյուսել և ի՞նչ էիր անում Բրյուսելում, եթե Արցախի հարցը, ըստ էության, միայն ռուս խաղաղապահների խնդիր է։ Լանչի համա՞ր էիր գնացել։ Իրավիճակն իմ գնահատմամբ Հայաստանի և Արցախի համար շատ ավելի վտանգավոր և ճակատագրական է, քան 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագրից հետո, որովհետև, այո, երկրները նաև պարտվում են, բայց դրանից հետո սենց տոտալ, հետևողականորեն, չոքած հանձնվել և որևէ քայլ չանել, այն ինչ մնացել է Արցախից, պաշտպանելու համար, որևէ կերպ չբարձրացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման և իրավունքի հարցը։ Եվ երբ, որ մենք եվրոպացի կամ Ամերիկայի կոնգրեսի սենատի մեր գործընկերների հետ խոսում ենք խնդրի վերաբերյալ, նրանք ասում են՝ ձեր իշխանական պատգամավորներն իրենք չեն բարձրացնում այլևս Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը։ Իրենք  խոսում են Արցախի ժողովրդի անվտանգության, իրավունքների մասին, բայց ոչ ինքնորոշման; Ալիևն էլ ասում է՝ եկեք ձեզ տամ անվտանգության բարձրագույն երաշխիքներ։ Մենք տեսել ենք, թե ինչպես կարող է դահիճը տալ անվտանգության բարձրագույն երաշխիքներ և պարբերաբար կազմակերպել ցեղասպանություն։ Այսօր Արցախը կանգնած է նոր  ցեղասպանության և էթնիկ զտումների առաջ։ Հիմա, եթե սա ահազանգ չի լինելու ժողովրդի համար, ուրեմն մենք ձեզ հետ միասին վավերագիրն ենք լինելու Արցախը Ադրբեջանի կազմում՝ այս կինոյի վերջին արարին։

- Ի՞նչ եք կարծում, ԵՄ-ն ինքնուրո՞ւյն է գործում, թե՞ սա Մոսկվայում սկսված գործընթացի հետ է զուգակցվում։

- Օգտվելով Ռուսաստանի այս պահի  բարդ իրավիճակից, ԵՄ-ն փորձում է նախաձեռնողականությունը վերցնել իր ձեռքը, և Շառլ Միշելի այդ հայտարարության մեջ, ըստ էության, հստակ մի քանի ձևակերպում կա, որ ԵՄ-ն պատրաստ է նաև ներդրումներ անել կոմունիկացիաների և այլն։ Բայց մի րոպե չկասկածեք՝ Նիկոլ Փաշինյանը ֆանտաստիկ աշխարհաքաղաքական ժանգլյոր է։ Իր ապրիլվերջյան այցի շրջանակներում Մոսկվա կփորձի բրյուսելյան իր այցը բալանսավորել նաև Մոսկվայում, հատկապես, որ Պեսկովը հայտարարեց, որ ըստ էության իրենք որևէ խնդիր չեն տեսնում բրյուսելյան օրակարգի հետ կապված։

- Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ՝ ինչի մասին է խոսքը։

- Ես չգիտեմ, անկեղծ ասած ինչ նկատի ուներ։ Դե, երևի նկատի ուներ այն տարածքները, որ ինքը անվանում էր ադրբեջանական անվանումներով։ Քանի որ մենք իսկապես հիմա կանգնած ենք շատ ավելի ճակատագրական վիճակում, պետք է՝ բաց խոսել հասարակության հետ, ոչ մի քննարկումներ քաղաքական ուժերի հետ չանել և հասարակությանը տեղեկացնել այն, ինչը այլևս կարծես թե դառնում է անխուսափելի։ Ես չգիտեմ մենք անդառնալիության այդ կարմիր գիծը  հատել ենք, թե ոչ, բայց բաց խոսակցությունը, թե ինչ է սպասվում և հնարավո՞ր է այլևս որևէ  կերպ փրկել այն, ինչ մնացել է Արցախից, գոնե մեկ անգամ նա պիտի քաղաքացիական, մարդկային, բարոյական, պաշտոնեական խիզախությունը ունենա ասելու ճշմարտությունը։

- Հայ  գերիների և Ադրբեջանի անհետ կորած զինվորների խնդիրները նույնացվեցին՝ կարևորելով դրանց համակողմանի լուծումը։

- Դնել նույն հարթության վրա հայ ռազմագերիներին և ադրբեջանական ոսկորները, ես  համարում եմ՝ հայ զինվորին, հային նվաստացնելու ևս մեկ արար։ Բացի դրանից, տեքստում կրկին կոչ կար հայելային հետքաշման։ Հայելային հետքաշման աղետային հետևանքը մենք տեսանք, երբ որ հայկական զորքերը Քարագլխի հատվածից հետ քաշվեցին և անմիջապես ադրբեջանական զինուժը տեղավորվեց Շուշիին հավասար ռազմավարական նշանակություն ունեցող Քարագլխում։

- Հետևելով ընդդիմության գործողություններին, ինչ եք կարծում՝ նրանց քայլերը ինչ կոնկրետ արդյունքերի  կհանգեցնե՞ն։

-Խորհրդարանական ընդդիմության հանրահավաքը չէր կարող կանխեր սպասվող անխուսափելի աղետը։ Ես միշտ քննադատել եմ խորհրդարանական ընդդիմությանն՝ ասելով, որ իրենք խորհրդարանում անելիք չունեն։ Իրենք պետք է դուրս գան փողոց։ Եթե իրենք իրապես ունեն ճանապարհային քարտեզ, ուրեմն, պետք է մեկ հանրահավաքով չբավարարվեն։ Այլապես, ես կքննադատեմ իրենց։ Ընդդիմությունը պիտի հետևություն արած լիներ իր սխալներից։ Այսինքն՝ անիմաստ նստել խորհրդարանում և անիմաստ հարցեր տալ Նիկոլ Փաշինյանին՝ հասկանալով վերահաս աղետը, շատ ավելի առարկայական կոնկրետ, գրագետ գործողությունների թող դիմի։  Թող շատերի դուրը չգա իմ ասածը, բայց արցախցիների՝ իրենց այս պահի թիվ մեկ պահանջն ու խնդրանքն է՝ մտնել Ռուսաստանի կազմի մեջ, քանի որ իրենք հասկացել են, որ Հայաստանը՝ ինքը, սեփական անվտանգությունը չի կարող երաշխավորել։ 44-օրյայից հետո Ալիևը 19 անգամ եղել Է Արցախի օկուպացված հայկական տարածքներում, իսկ Հայաստանի վարչապետը՝ զրո անգամ։