Քաղաքացիներին մենք կոչ ենք անելու 100 դրամից ավելի չվճարել

Քաղաքացիներին մենք կոչ ենք անելու 100 դրամից ավելի չվճարել

Երևանի ավագանին նախօրեին ընդունեց հանրային տրանսպորտը թանկացնելու մասին նախագիծը` չնայած մարդկանց բողոքներին ու բացասական վերաբերմունքին: Ակամայից այս նախագիծը հիշեցրեց հայտնի անեկդոտը. «Ապարանցին տաքսի է պատվիրում, գումարը վճարում է ու չի նստում մեքենա, ասում է` քշի գնա, էլ հարկավոր չի: Ժամեր անց գնում է տուն, տանը գլուխ է գովում, ասում է` գիտե՞ք այսօր տաքսու վարորդին խաբել եմ` փողը վճարել եմ, բայց մեքենա չեմ նստել»: ՔՊ-ական իշխանությունները հենց այս անեկդոտի նման երևանցուն խաբում են, ասում են` շատ վճարեք, կարող եք անսահմանափակ օգտվել տրանսպորտից, բայց ի վերջո մարդկության մեծամասնությունը տրանսպորտից օգտվում է օրական ընդամենը 2 անգամ` աշխատանքի գնալիս և տուն վերադառնալիս:

Երևանի ավագանին խորամանկ բան է մտածել` առաջարկում է մեկ ամսվա համար վճարել 8800 դրամ եւ անսահմանափակ քանակությամբ օգտվել քաղաքային տրանսպորտից: Բայց բոլոր նորմալ մարդիկ օրական առավելագույնը 2 անգամ են օգտվում տրանսպորտից եւ դա նշանակում է, որ եթե առաջ օրական մարդը ծախսելու էր 200 դրամ, ամսական` 4400 դրամից 6 հազար դրամ, սեպտեմբերի 1-ից վճարելու են 8800 դրամ` գրեթե կրկնակի: Կարճ ասած` իշխանությունները խորամանկորեն 100 դրամը դարձնում են 200, անունը դնում` անսահմանափակ օգտվել և այլն: 

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը մեզ հետ զրույցում պնդում է` չի կարող մայրաղաքային իշխանությունը հօգուտ ժողովրդի որոշումներ կայացնել, քանի դեռ չի փոխվել բուն երկրի իշխանությունը: Սուքիասյանը նշում է, որ եթե մինչև սեպտեմբեր իշխանափոխություն տեղի չունենա, «Մայր Հայաստանը» հանդես է գալու նախաձեռնությամբ` կոչ անելով քաղաքացիներին հարյուր դրամից ավել ոչ մի լումա չվճարել. «Մենք մեր նախագիծը վաղուց ենք դրել շրջանառության մեջ, որն անհամեմատ ավելի մատչելի է, ոչ միայն թանկացում չի նախատեսում, այլ դեռ մի բան էլ էժանանում է տրանսպորտի սակագինը: Բացի դա մենք քայլեր ենք պլանավորում, որոնց մասին կխոսենք հետագայում: Օրինակ` մեր կողմից ներկայացված նախագիծը աստղաբաշխական գներ չի առաջարկում այն քաղաքացիներին, որոնք հազվադեպ են օգտվում հանրային տրանսպորտից: Քաղաքացին որոշ հետևություններ ունի անելու:

«Հանրային ձայնը» ընդդիմադիրի անվան տակ հավաքեց ձայներ, բայց որպես այդպիսին շատ կարճ ժամանակում պայթեց: Այս իշխանությունները ձեռք են բերել իրենց համար ցանկալի մեծամասնություն: Պետք է իշխանափոխության հասնել, կոնկրետ «Մայր Հայաստանի» օրակարգի առաջին տեղում իշխանափոխությունն է: Չի կարող իշխանությունն այս որակի լինել, իսկ մայրաքաղաքային իշխանությունը լավը լինել: Շան գլուխը թաղված է ամբողջական իշխանափոխության մեջ: Ինչ վերաբերում է տրանսպորտի թանկացմանն, ապա մենք ունենալու ենք հակազդեցության քայլեր, քաղաքացիներին կոչ ենք անելու 100 դրամից ավել չվճարել», - նշեց Սուքիասյանը։