Իմ ամբողջ պայքարը Հ1 վերադառնալն է

Իմ ամբողջ պայքարը Հ1 վերադառնալն է

ՀՀ վարչական դատարանը դեկտեմբերի 9-ին բավարարել է Հանրային հեռուստաընկերության՝ աշխատանքից անհայտ պատճառներով ազատված լրագրողներ Սիրանույշ Մուրադյանի եւ Լիանա Կարապետյանի հայցը՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության։ Նրանք դիմել էին դատարան՝ վերականգնելու իրենց խախտված իրավունքները, քանի որ կարծում են՝ իրենց ապօրինի են ազատել աշխատանքից։ Իսկ ազատել էին 2018 թ․ դեկտեմբերի 25-ին Հ1-ի տնօրինության կայացրած վարչական ակտով, այն է՝ հաստիքների կրճատում։ Հանրայինի փորձառու լրագրողները կրճատման տակ ընկան հեղափոխությունից հետո, երբ Հանրայինում փոխվեց ղեկավար կազմը՝  Հ1 եկավ նախ Վահագն Թեւոսյանը՝ որպես լրատվական-վերլուծական ծրագրերի տնօրեն, ապա նրա՝ պատգամավոր դառնալուց հետո այդ պաշտոնը զբաղեցրեց Պետրոս Ղազարյանը։ Բայց մնաց «անփոխարինելին»՝ հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։ Եվ Սիրանույշ Մուրադյանին ու Լանա Կարապետյանին, առանց որեւէ հիմնավոր բացատրության, ազատեցին աշխատանքից։ Լրագրողներն էլ որոշեցին դիմել դատարան ու դատական առաջին փուլում հաղթող են դուրս եկել։

«Ամռանը, երբ նոր ղեկավարությունը եկավ՝ մինչեւ Պետրոսի գալը, Վահագն Թեւոսյանի ժամանակ, ինձ կանչեցին եւ ասացին, որ կրճատման ցուցակ ունենք, այդ ցուցակում դու էլ ես ներառվել, բայց ես Վահագին էլ, Մարգարիտա Գրիգորյանին էլ ասացի, որ չեմ պատրաստվում լռել, հեռանալ, ես Հանրային հեռուստաընկերություն չեմ եկել քավոր-սանիկությամբ կամ այլ կապերով, ուստի չեմ պատրաստվում հեռանալ, հատկապես, որ ինձ նոր եկածները չեն ճանաչում, իմ աշխատանքը չեն տեսել, չգիտեն՝ ես ինչ մասնագիտական որակներ ունեմ»,- մեզ հետ զրույցում իր ազատման նախապատմությունը հիշեց Սիրանույշ Մուրադյանը։

Դրանից հետո, արդեն դեկտեմբերին, երբ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Վահագն Թեւոսյանն «Իմ քայլը» դաշինքի ցուցակով անցավ խորհրդարան, նրան փոխարինելու եկավ Պետրոս Ղազարյանը, ձեռնամուխ եղավ նշյալ երկու լրագրողներին կրճատելու «առաքելությանը»։ Նորից նույն պատմությունն է կրկնվում, եւ, ի վերջո, Հանրային հեռուստառադիոխորհրդի որոշմամբ եւ Մարգարիտա Գրիգորյանի հրամանով Սիրանույշ Մուրադյանն ու Լիանա Կարապետյանն ազատվում են աշխատանքից։ Ինչպեսեւ խոստացել էին, լրագրողները դիմում են դատարան, որն էլ մեկ տարի անց իր վճիռն է կայացրել հօգուտ կրճատված լրագրողների։ Այժմ Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է վերականգնել նրանց աշխատանքի մեջ եւ փոխհատուցել վնասները։ Բայց դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնելու մեկ ամիս անց, եթե, իհարկե, Հանրայինը չբողոքարկի վարչական դատարանի վճիռը վերադաս ատյանում։

Մեր հարցին՝ ինքը պատրա՞ստ է վերադառնալ Հանրային՝ աշխատելու, Սիրանույշ Մուրադյանն ասաց․

«Իհարկե, պատրաստ եմ։ Իմ ամբողջ պայքարը Հ1 վերադառնալն է, իմ գործին վերադառնալը, եւ այս ամբողջ իրավիճակի հեղինակը ես չեմ։ Այդ վարչական լծակն ում ձեռքին որ գտնվում էր, նա էլ ստեղծեց այդ իրավիճակը»,- ասաց Սիրանույշ Մուրադյանը։ Իսկ կարո՞ղ է նույն կոլեկտիվի հետ աշխատել, երբ կա լարվածություն իրար միջեւ, Մուրադյանը հարցով հակադարձեց․ «Կոլեկտի՞վն է ստեղծել այդ իրավիճակը։ Կոլեկտիվի հետ ես խնդիր չունեմ, ստեղծողը թող մտածի»։

Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ Հանրայինի լրատվական ծրագրերի տնօրեն Պետրոս Ղազարյանի հետ՝ հասկանալու, թե պատրաստվո՞ւմ են վերականգնել Սիրանույշ Մուրադյանին եւ Լիանա Կարապետյանին աշխատանքում, թե՞ բողոքարկելու են դատարանի որոշումը, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին։