Պետական  համակարգի մարդկանց ներշնչում են, թե թեժ եսիմինչ է լինելու՝ ձեր դմբո վարքը շարունակեք

Պետական  համակարգի մարդկանց ներշնչում են, թե թեժ եսիմինչ է լինելու՝ ձեր դմբո վարքը շարունակեք

«Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը, ով մինչ մանդատ ստանալը ՊՎԾ պետի տեղակալն էր, կրկնում է վարչապետ Փաշինյանի օրերս արած հայտարարությունը, թե պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը։ Թե ինչպես է «ջարդվելու» այդ դիմադրությունը, եւ արդյոք դիմադրողները հենց հեղափոխականնե՞րը չեն, զրուցեցինք նրա հետ։

- Պարոն Ուլիխանյան, ովքե՞ր են դիմադրողները, եւ ինչպե՞ս եք դա ջարդելու։

- Որ կա դիմադրություն, դա միանշանակ է, ես այն տեսել եմ մեկուկես տարի առաջ, երբ ՊՎԾ-ում էի, վստահ եմ նաեւ, որ վարչապետն էլ է դա նկատել, ուղղակի նոր է արտահայտվում։ Եվ, այո, պետք է կոտրվի այդ դիմադրությունը։ Այդ դիմադրությունն օբյեկտիվ գոյություն ունեցող փաստ է եւ կապված է նրա հետ, որ պետական կառավարման համակարգը որոշակի կայուն համակարգ է եւ դժվար է ենթարկվում փոփոխությունների։ Բայց մենք դժվարություններից չենք խորշում։

- Կադրային ջա՞րդ է սպասվում, եւ կոնկրետ ո՞ր օղակներն են դիմադրում, ընդհանրապես՝ ինչպե՞ս է երեւում այդ դիմադրությունը։

- Այսքան կարճ ժամանակում կդժվարանամ բացատրել, թե դիմադրությունը որտեղ է, վարչապետը հենց օրինակը բերեց, որ տարբեր հանձնարարությունների կատարման ժամանակ որակից ինքը դժգոհ է, հատկապես շեշտեց մասնագիտական որակները։ Սա պետության համար լրջագույն խնդիր է, որովհետեւ  ժամանակի ընթացքում այդ ցածր աշխատավարձերը, պետական ծառայողների կյանքի բարելավման բացակայությունը բերել են նրան, որ մարդիկ ուղղակի շահագրգռված չեն եղել որակապես զարգանալու համար։ Եվ մենք այսօր, խրախուսելով աշխատանքը, ասում ենք, որ ամեն հաջորդ օրը պետք է ավելի շատ գիտելիք ունենաք, քան նախորդ օրը։ Օրինակ՝ ինքս երկու օտար լեզու եմ այս պահին սովորում, եւ բոլորը օրվա մեջ պետք է ինչ-որ մի բան սովորեն, զարգանան, իրենց մասնագիտական կարողությունները զարգացնեն՝ ի նպաստ մեր երկրի։

- Ձեր մատնանշած հատվածը նախկինից «ժառանգություն» ստացած պետական աշխատողնե՞րն են, թե՞ վերնախավը՝ ձեր նշանակած նախարարներ, փոխնախարարներ եւ այլք։ Որովհետեւ, եթե վերեւներում գիտեն իրենց գործը, ապա ստորին օղակներում չեն կարող դիմադրել։

- Ես այդ նույն նախարարներին, վարչապետին, ինձ համարում եմ ոլորտի քաղաքական պատասխանատուներ, մենք չենք կարող պատասխանատվություն կրել աշխատակիցների մասնագիտական կարողությունների հարցում։ Եվ եթե մենք երկարատեւ ժամանակների ընթացքում այնպիսի բարեփոխումներ չանենք, որ այդ աշխատակիցներն ունենան պատշաճ մակարդակ, որպեսզի վարչապետը կառավարության նիստին չասի, թե ծիծաղելի բովանդակությամբ տեղեկանքներ են գալիս, որպեսզի վարչապետը կասկած չհայտնի իրեն տրված բովանդակության վերաբերյալ։ Եվ եթե մենք այդ բարեփոխումները չենք անի, այն ժամանակ մեզ կարելի է քննադատել։

- Բայց չէ որ այդ բոլոր տեղեկանքները վարչապետին են հասնում նախարարների մակագրությամբ, ու եթե ձեր նախարարները գրագետ են, ապա վարչապետն առնվազն չպետք է նման ելույթ ունենար։

- Ես ոչ մեկի վրայից չեմ ուզում պատասխանատվությունը վերցնել։ Ես ԱԺ պատգամավոր եմ եւ որեւէ կապ չունեմ այդ տեղեկանքների համար, բայց քանի որ ես որոշումների կայացմանը մասնակցում եմ, ես ինձ եւս համարում եմ այդ հարցում քաղաքական պատասխանատվություն։ Այնպես որ՝ ես չեմ ասում, թե մենք պատասխանատվություն չենք կրում․ ե՛ւ մենք ունենք մեր մեղավորությունը, ե՛ւ նրանք։

- Հիմա չի հասկացվում՝ նախարարների՞ն եք փոխելու, թե՞ պետական աշխատողների համար կրթական դասընթացներ եք կազմակերպելու, Փաշինյանը «ջարդել» ասելով՝ ի՞նչ նկատի ուներ։

- Ես չեմ բացառում, որ ո՛չ հիմա, ո՛չ որեւէ պահի պետք է բացառել նախարարների, փոխնախարարների փոփոխությունը, այնպես որ՝ պետք է լրջորեն մտածել այս մասին։

- Իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը մեկուկես տարի հետո միայն բարձրաձայնեց այս մասին։ Նրան մեղադրում են՝ քանի որ իշխանությունը ձախողվում է, հիմա էլ նոր «թշնամիներ» է փնտրում եւ փորձում մեղքը բարդել նրանց ուսերին։ Ի վերջո, ե՛ւ մուրճը, ե՛ւ մեխը իր ձեռքում է եւ կարող էր ավելի վաղ անցնել այդ գործին։

- Որովհետեւ պետական կառավարման համակարգում մենք չենք առաջնորդվում ո՛չ մուրճով, ո՛չ մեխով, մենք առաջնորդվում ենք խոսքով եւ վստահ ենք, որ  խոսքի ուժը դա լավագույն ուժն է։

- Հիմա որ Փաշինյանն ասում է՝ «ջարդելու» եմ, խոսքով ո՞նց է ջարդելու։

- Այո, պետք է ջարդել դիմադրությունը, բայց գործիքները, վստահաբար, մեխն ու չագուչը չեն, կոպիտ գործողություններով չպետք է լինի, մարդկանց պետք է սովորեցնել աշխատել, մարդկանց պետք է հասկանալի դարձնենք մեր տեսլականը, հավատացնենք, որ այն, ինչ անում ենք, անում ենք ամբողջ ժողովրդի համար, որ դա ձեռնտու է նաեւ իրենց երեխաներին։ Հատուկ պետք է շեշտեմ այդ մարդկանց համար, որ անցյալին վերադարձ չի լինելու, ովքեր ձեզ ասում են, որ երեքշաբթի օրը հեղաշրջում է լինելու, ձեզ ստում են, դրանք անպատասխանատու մարդիկ են։

- Բայց ոչ ոք չի ասում, միայն ձեր առաջնորդն է պարբերաբար հակահեղափոխությունից խոսում, փորձում է ժողովրդին վախեցնել անցյալի ուրվականով։

- Դուք ինֆորմացիային ճիշտ չեք տիրապետում, ես ունեմ իմ ինֆորմացիաները, որ՝ այո, այդպիսի բան կա, մարդկանց հույս են ներշնչում, որ թեժ եսիմինչ է լինելու, հեղաշրջում է լինելու, ձեր դմբո վարքը շարունակեք։ Այդպիսի մարդկանց պետք է ցույց տալ, որ նման բան ասողներն անպատասխանատու մարդիկ են, պետք չէ նրանց խոսքերին ուշադրություն դարձնել, մանավանդ որ տարիուկես է՝ նման բաներ են ասում։

- Հիմա այդ դմբոները կամ դմբոներին հավատացողները կրթվելո՞ւ են, թե՞ կրճատվելու։

- Եթե մենք որոշենք կացնային քաղաքականությամբ բոլորին միանգամից ազատենք եւ նոր մարդկանց հավաքագրել, չեմ կարծում, թե մեզ լավ տեղ է տանելու։ Ընդհանրապես, հեղափոխությունը ոչ թե հնից ազատվելու եւ նորերին նշանակելու ժամանակ է, այլ պետք է լինի զրոյական կետ, որտեղից ցանկացած քաղաքացու պետք է հնարավորություն տրվի։

- Պարոն Ուլիխանյան, այդուհանդերձ, շատերի մոտ հարց կառաջանա՝ հիմա ձեր ԿԳՄՍ նախարարը, որն անգամ մեկ քառյակ չի կարողանում մտապահել, պե՞տք  է այդ պաշտոնում աշխատի՞, թե՞․․․

- Ես այդ հարցը կթողնեմ անպատասխան։