Ի՞նչ արդյունք գրանցեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկրորդ հանդիպումը

Ի՞նչ արդյունք գրանցեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկրորդ հանդիպումը

2022թ. հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի և օկուպանտ Ադրբեջանի արտգործնախարարների երկրորդ հանդիպումը:
ՀՀ ԱԳՆ հրապարակած մամուլի հաղորդագրությունից պարզվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը, մասնավորապես, «…մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով»։
Հիմք ընդունելով մեջբերումը՝ կարող ենք պնդել, որ ՀՀ ԱԳ նախարարը ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման հարցում շարունակում է անշեղորեն հետևել Նիկոլ Փաշինյանի մոտեցմանը, այն է՝ ադրբեջանաարցախյան հակամարտությունը կարելի է համարել կարգավորված, եթե երաշխավորվեն Արցախում ապրող հայության իրավունքներն ու անվտանգությունը: 
Հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարարը անիրավացիորեն և անարդարացիորեն քննարկման առարկա չի դարձրել հայկական կողմի համար խիստ կարևորություն ունեցող հետևյալ հարցերը՝

•    ադրբեջանաարցախյան հակամարտությունը կարգավորված չէ և այն պետք է կարգավորվի համակարտության կարգավորման նպատակով ստեղծված միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի շրջանակներում՝ միջազգային իրավունքի երեք սկզբունքների այն է՝ ազգերի ինքնորոշման, ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և տարածքային ամբողջականության, հիման վրա: Այս իմաստով չի առաջարկել վերսկսել բանակցությունները նշված ձևաչափի շրջանակներում: 
•    Արցախի հայությունը իրացրել է միջազգային իրավական ակտերով սահմանված ինքնորոշման իր իրավունքը, որն անշրջելի է և պետք է ստանա միջազգային ճանաչում:
•    2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետի (ըստ որի Հայաստանը և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում) կոպտագույն խախտմամբ 2020թ. դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետության Հադրույթի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում ապօրինաբար գտնվող ադրբեջանական զինված կազմավորման ստորաբաժանումների անհապաղ դուրս բերում Արցախի Հանրապետության ինքնիշխան տարածքից:

•    2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետի կոպտագույն խախտմամբ 2022թ. մարտի 24-ից Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ և Քարագլուխ բնակավայրերում, Քարագլուխ բարձունքի մի հատվածում, շրջակա տարածքներում ապօրինաբար գտնվող ադրբեջանական զինված կազմավորման ստորաբաժանումների անհապաղ դուրս բերում Արցախի Հանրապետության ինքնիշխան տարածքից:
Ապագայում նման հանդիպումների ժամանակ հայկական կողմը պետք է անպայմանորեն քննարկման առարկա դարձնի նշված հարցերը: 

Ադրբեջանական կողմի հրապարակած մամուլի հաղորդագրությունից պարզվում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը կարևորել է «Ադրբեջանի տարածքից» հայկական զինված ուժերի դուրսբերման անհրաժեշտությունը, ինչպես նաև մոտ 4000 ադրբեջանցի անհայտ կորածների ճակատագրերը պարզելու խնդիրը: 
«Ադրբեջանի տարածքից» հայկական զինված ուժերի դուրսբերման անհրաժեշտության մասին ադրբեջանական կողմից մոտեցմանն ի պատասխան հայկական կողմը հաջորդող հանդիպումների ժամանակ պետք է հայտարարի և պնդի, որ հայկական կողմն Ադրբեջանի տարածքում չունի զինված ուժեր:    

Հարկ է նշել, որ ադրբեջանական կողմն երկրորդ անգամ է բարձրաձայնում մոտավորապես 4000 ադրբեջանցի անհայտ կորածների խնդրի մասին: Ամենայն հավանականությամբ սա կեղծ թեզ է, որը օկուպանտ Ադրբեջանը շարունակում է շրջանառել ի հակակշիռ անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելու մասին հայկական կողմի արծարծած խնդրի: Միայն թվաքանակը (մոտ 4000) արդեն վկայում է այս թեզի շինծու լինելու մասին:         

Կարելի է արձանագրել, որ կողմերի դիրքորոշումները զգալիորեն տարբերվում են միմյանցից: Այդ տարբերությունները պայմանավորող խնդիրներն այնքան արմատական բնույթ ունեն կողմերի համար, որ քիչ հավանական է թվում կողմերի կողմից արծարծված խնդիրների լուծման արդյունքում նրանց դիրքորոշումների մերձեցում: 
Կողմերի դիրքորոշումների արմատական տարբերությունները լավատեսություն չեն ներշնչում ադրբեջանաարցախյան հակամարտության, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների շուտափույթ, խաղաղ և արդար կարգավորման առնչությամբ:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ