Գյումրեցի կանայք վիրուս են բերել Ֆրանսիայի՞ց. Գյումրիում մեկ-երկու դեպք կա

Գյումրեցի կանայք վիրուս են բերել Ֆրանսիայի՞ց. Գյումրիում մեկ-երկու դեպք կա

Մինչև վերջերս COVID-19-ի հայաստանյան աշխարհագրությունը գաղտնիք էր: Մարզպետները չէին հայտարարում, թե քանի հիվանդ ունեն մարզում: Անգամ Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում հիվանդների թվաքանակը գաղտնի են պահում: Որևէ տեղեկություն հնարավոր չէր ստանալ: Քաղաքում աշխատող վստահելի անձից տեղեկացանք, որ երկու օր առաջ, մարտի 21-ին կորոնավիրուսով երկու հիվանդներ են հայտնաբերվել: Երկուսն էլ կանայք են, ՀՀ քաղաքացիներ, առևտրականներ, որոնք օրերս ժամանել էին Ֆրանսիայից: Նրանք թեստավորվել են դրական արդյունքով: Գյումրեցի կանայք ապրանքներ էին բերել իրենց հետ Եվրոպայից՝ հագուստ, այլ իրեր, և հասցրել էին վաճառք կազմակերպել հարևանների ու ծանոթների շրջապատում: Այժմ ճշտվում է այն անձանց  շրջանակը, որոնց հետ կանայք հասցրել են շփվել: Մեր աղբյուրից ստացած տվյալները առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը չէր մեկնաբանում, ասելով. «Հայաստանի բոլոր ինֆեկցիոն հիվանդանոցներում կան տարբեր հիվանդներ, որոնք այս պահին բուժում են ստանում, այդ թվում կորոնավիրուսից: Ես չեմ մասնավորեցնում: Տարբեր մարզերով ինֆորմացիա չունեմ»:

Իսկ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, որից փորձեցինք իմանալ, թե քանի հիվանդ կա Գյումրիում, պատասխանեց. «Առաջարկում եմ այդ հարցերով դիմեք միասնական տեղեկատվական կենտրոն, լա՞վ: Տեղեկատվությունն ամբողջությամբ հավաքագրվում է այնտեղ»: Այսինքն, այնտեղ ավելի լավ գիտեն, թե դուք քանի հիվանդ ունե՞ք: «Այո, - պնդեց Շիրակի մարզպետը, - հավաքվում է այնտեղ»: Իսկ որպես կառավարության ներկայացուցիչ, կարո՞ղ եք բացատրել, թե ինչո՞ւ է հիվանդների ընդհանուր թիվը հրապարակման ենթակա, իսկ ըստ մարզերի հիվանդների  թվերը գաղտնի են պահում, ո՞րն է տրամաբանությունը: «Առաջարկում եմ այդ հարցի պատասխանն էլ իրենցից ճշտեք», - համառեց մարզպետը: 

Այսօր այդ հարցի պատասխանը լսեցինք առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից, որը կառավարության մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին՝ չե՞ք կարծում, որ կոնկրետ մարզերում վարակվածների թվի հրապարակումը ավելի կզգոնացնի մարդկանց, պատասխանեց. «Կարծում եմ: Շուտով, այսօր, կամ ամենաուշը՝ վաղը, հրապարակված կլինի Հայաստանի քարտեզ, որտեղ նշված կլինեն այն բնակավայրերը, որտեղ որ արձանագրվել են վարակի դեպքեր»: Նախարարը հայտնեց, որ Գյումրիում դրանք շատ չեն: «Երևի, մեկ, կամ երկու դեպք կա, ձեռքի մատների վրա կարելի է հաշվել, սակայն նրանք մեկուսացված են, մեկուսացված են նաև նրանց հետ շփման մեջ եղած անձինք: Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում շարունակում են նաև բուժվել այլ բնակավայրերկց բերված քաղաքացիներ»: 

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի նախկին հակատուբերկուլյոզային մասնաշենքը ամբողջությամբ վերածվել է մեկուսարանի, որտեղ իրականացվում են նմուշառման և մեկուսածման գործընթացներ: