Հափշտակվել է ավելի քան 1,8 մլն դոլար
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շրջանակներում Տրանշ 1-ում շինարարական աշխատանքների ժամանակ հափշտակվել է ավելի քան 1,8 մլն դոլար. առաջադրվել է մեղադրանք
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շինարարության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական «Սաֆեջ Էս. Ա. և Էպտիսա» համատեղ ձեռնարկության ծրագրի թիմի ղեկավարին՝ ավելի քան 1,8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ խարդախությամբ հափշտակելու համար։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի կատարման շրջանակներում, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 23.553.817.000 ՀՀ դրամ:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի քննությունն ապահովելու, առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել շինարարական աշխատանքների ժամանակ կատարված հավելագրումներին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շինարարության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական «Սաֆեջ Էս. Ա. և Էպտիսա» համատեղ ձեռնարկության ծրագրի թիմի ղեկավարի առնչության վերաբերյալ, ով 2015 թվականի դեկտեմբերից ունեցել է ծրագրի՝ Տրանշ 1-ում իրականացվող շինարարական աշխատանքների որակական հատկանիշների և ծավալների համապատասխանության նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականություններ։
Նախնական քննության տվյալներով՝ թիմի ղեկավարը, նախնական համաձայնության գալով այդ աշխատանքներն իրականացնող կապալառու ընկերության աշխատակիցների, ինչպես նաև ծրագրի պատշաճ իրականացման համար պատասխանատու ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության իրավասու անձանց հետ, 2016թ. սեպտեմբերի 1-ին թողարկել և պատվիրատուի վճարմանն է ներկայացրել Տրանշ-1 հատվածում ողջ աշխատանքները կատարված լինելու մասին վկայող վճարման կեղծ վկայագիր, որում ներառված է եղել փաստացի չկատարված աշխատանքների արժեքը կազմող 1.804.232 ԱՄՆ դոլարին համարժեք 871.083.253 ՀՀ դրամ գումարի հավելագրում։ Արդյունքում՝ ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային միջոցներից խաբեությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ թիմի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է, որի արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար։
Կարծիքներ