Անձնագրային դիմողների քանակն այս տարի 15 հազարով պակաս է 

Անձնագրային դիմողների քանակն այս տարի 15 հազարով պակաս է 

Ամեն տարի նախընտրական փուլում ամենածանրաբեռնված   աշխատանքը կատարում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը՝ ընտրական ցուցակներն են մաքրում, հաշվառման վայրի փոփոխություններ են կատարում, տեղեկանքներ են տալիս, որ մարդը քվեարկի ոչ թե հաշվառման, այլ բնակվելու վայրում։ Անցած տարի, օրինակ, իսկական արտագաղթի ալիքներ էին կազմակերպվել երկրով մեկ՝ ռեյտինգայիններն մարդկանց մի վայրից մյուսն էին տեղափոխում, որ հենց իրենց ընտրեն։ Բայց պարզվում է՝ շատ մեծ թվեր չեն եղել դրանք եւ այս տարի էլ նման մարդիկ կան, որ ընտրությունների շեմին նման տեղափոխություններ են արել։ Այսպես․ եթե 2017թ ապրիլի ընտրություններին ըստ գտնվելու վայրի քվեարկելու համար ԿԸՀ դիմած անձանց թիվը եղել է 28 հազար 277 էր, ապա 2018-ի ընտրություններին՝ 12 հազար 249։ Այս տարի 12 հազար 324-ով ավելացել է ընտրողների թիվը։  Այս անգամ ոստիկանությունը հայտնաբերել և ընտրական ցուցակները մաքրել է 2672 մահացած անձից։ Այս մասին «Հրապարակ-ի զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։
 
-Պարոն Բիչախչյան, նախկինում շատ ընտրողներ դիմում էին, որ քվեարկեն ոչ թե ըստ գրանցման վայրի, այլ փաստացի գտնվելու, այս անգամ այս կարգը գործո՞ւմ է։

-Բոլոր համապետական ընտրությունների ժամանակ Ընտրական օրենսգրքով սահմանված է նման հնարավորություն և ԸՕ-ի հիման վրա ԿԸՀ-ն ընդունում է ժամանակացույց։ Ըստ դրա՝ տվյալ ժամկետը սահմանված էր մինչև նոյեմբերի 29-ը, երբ քաղաքացիները կարող էին դիմել։ Դրա հիման վրա մենք ընդունել ենք դիմումներ, և այս տարի ըստ գտնվելու վայրի ընտրողների թիվը, այսինքն՝ դիմում ներկայացրած անձանց թիվը եղել է 12249, որից մոտ 6000-ը եղել են հանձնաժողովի անդամներ։ Այսինքն՝ ուսանող են՝ Կապանից, գտնվում են Երևանում, Երևանից են՝ գտնվում են Կապանում, Վարդենիսում՝ աշխատանքի բերում։ Այստեղ մեծ նրբություն կա․ եթե մյուս բոլոր դեպքերում քաղաքացիների համար չի կարող համայնքի ներսում լինել տեղաշարժ,  հանձնաժողովի անդամներին դա չի վերաբերում, հանձնաժողովի անդամը կարող է նույն համայնքի մեջ տեղաշարժվել։ Օրինակ՝ Դավթաշենում հաշվառված քաղաքացի է, սակայն ընդգրկված է Արաբկիրի տեղամասերից մեկում՝ որպես հանձնաժողովի անդամ, այս պարագայում, որպես հանձնաժողովի անդամ իրավունք ունի դիմելու՝ ընտրելու ըստ գտնվելու վայրի, իսկ Դավաթաշենի բնակիչ քաղաքացին չէր կարող ընդգրկվել Արաբկիրի ընտրական տեղամասում։

-Անցած տարի՝ ԱԺ ընտրություններին, ասացիք, որ եղել է 28 հազար տեղափոխություն, ինչո՞վ եք բացատրում մոտ 15 հազար հոգու պակասը։

-Չեմ կարող ասել, համենայնդեպս, արհեստական տեղաշարժ չենք նկատել, խիստ հսկողության տակ է եղել։

-Այսինքն՝ կարելի՞ է ասել, որ նախորդ թիվը արդյունք էր նրա, որ ցուցակների ուռճացում կար։ Մարդիկ բողոքում էին, որ Հալաբյան փողոցի բնակիչներն, օրինակ, շենքերով գրանցվում են Շիրակի մարզի հեռավոր գյուղերում։

- Անցած տարի էլ մեր զեկույցներում գրել ենք, որ 2017-ին էլ խիստ հսկողության տակ է եղել, և արտառոց որևէ բան չենք նկատել, և 2 միլիոնից ավել ընտրողների ցուցակում այդ թիվը չի կարելի համարել արհեստական տեղաշարժ։

-Ընտրողների ընդհանուր թվի հետ համեմատած ի՞նչ տարբերություններ կան 2017-ի ու 2018 միջև։

-Ընտրողների նախնական ցուցակներով 2017-ի և 2018-ի թվերը համեմատել էինք․  2 միլիոն 577 հազար 112 էր այս տարի, 2017-ին՝ եղել է 2 միլիոն 564 հազար 772։  Այսինքն այս տարի 12 հազար 324-ով ավելացել է ընտրողների թիվը։

-Ինչո՞վ եք սա բացատրում։

-Ընտրողների թիվը միշտ էլ ընտրությունների ժամանակ տարբերվում է։ Դա կարող է լինել ներգաղթ, կարող է 18 տարին լրացած անձինք լինեն ավելացած, կարող է լինել այլ պատճառ։

-Ի՞նչ է արվում ցուցակների մաքրության առումով։

-Ընտրացուցակները հրապարակելուց հետո ոստիկանությունը նորից կատարել է աշխատանքներ, թեժ գծի համար էլ տրամադրել ենք, որ քաղաքացիներն էլ ակտիվ լինեն։ Եվ օրինակ՝ եթե թեժ գծով ստացել ենք 1 մահացած անձի վերաբերյալ տեղեկատվություն, ոստիկանության կողմից հայտնաբերվել է 2672 մահացած անձի տվյալ, որոնք հասու չեն եղել մեզ։ 
 
-Հիմա բացառում ե՞ք, որ ընտրությունների օրը որևէ մեկը չի գնա ընտրատեղամաս ու մահացած հոր կամ այլ ազգականի անունը չի տեսնի ցուցակներում։

-Դրա համար ամեն ինչ անում ենք, որպեսզի ընտրողների ցուցակը մաքուր լինի։ Եթե լինի որևիցե քաղաքացի, որը հաղորդում կտրամադրի, որ ինքը հաղորդել է ոստիկանությանը, մենք անգործության ենք մատնված եղել, բացառում եմ։ Հակառակը, մենք ենք շահագրգռված եղել և քաղաքացիներին հորդորել ենք՝ տրամադրել տեղեկատվություն։ Իհարկե, չեմ բացառում,․ որ կլինեն դեպքեր, որ անձը մահացած լինի դրսում, մեզ այդ տեղեկատվությունը հասու եղած չլինի և մենք այդ մասին ընտրությունների օրն իմանանք։ Բայց ոստիկանության անգործությունն ու մահացած անձի վերաբերյալ մեծ թվով տվյալներ հավաքագրելը տարբեր բաներ են։ Եվ ոստիկանությունն էլ իր ուժերից վեր կատարում է տաբեր աշխատանքներ՝ հայտնաբերելու մահացած անձանց վերաբերյալ տվյալներ։ Միևնույն է՝ այդ անձանց փոխարեն չեն կարող գնալ քվեարկության, քանի որ տեղամասերում կան էլեկտրոնային սարքավորումներ և վերահսկողության բոլոր մեխանիզմները գործում են։ Այստեղ խնդիր չկա, ուղղակի կա հանրային վստահության խնդիր, եւ քաղաքացիների կամ այլ ուժերի կողմից շահարկումների առիթներ չտալու խնդիր։