Քաղհասարակությունը հանդես է գալիս Սորոսի հիմնադրամի պաշտպանությամբ              

Քաղհասարակությունը հանդես է գալիս Սորոսի հիմնադրամի պաշտպանությամբ              

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել․                                                            

«Դեռևս 2021 թ․ հունվարի 25-28-ին Ստրասբուրգում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը և Նաիրա Զոհրաբյանը, որը  նախկինում նաև ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր, հանդես են եկել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված պատերազմից տուժած ռազմագերիների, անհայտ կորածների և զոհվածների իրավունքներին վերաբերող խնդիրների և դրանց լուծման հարցերի բարձրաձայնման վերաբերյալ ելույթներով։ Զարմանալիորեն, միջազգային հարթակում, որտեղ քննարկվում են մարդու իրավունքների խախտման դեպքերը, ՀՀ ԱԺ պատգամավորները որոշեցին նաև անդրադառնալ Բաց հասարակության հիմնադրամներին, որը աջակցություն է ցուցաբերում մարդու իրավունքների և ժողովրդավարության արժեքների պաշտպանությանը։ Այսպես՝ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը իր ելույթում նշել է․ «Մեր պարտության պատճառներից մեկն էլ այն է, որ սորոսական գաղափարախոսությունը և դրա գործնական իրականացումը հակասության մեջ մտավ և ջարդեց ազգային արժեհամակարգի ողնաշարը մեր երկրում»։  

Այսպիսով՝ անհիմն զրպարտանքներ կիրառելով՝ իրենց ընդամենը մի քանի րոպեանոց ելույթները օգտագործում են ժողովրդավարական արժեքները ոտնահարելու, դրանց աջակցություն ցուցաբերողներին թիրախավորելու նպատակով՝ հանդես գալով Եվրոպայի խորհրդում այդ կառույցի հիմնական փաստաթղթի՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայով սահմանված մարդու իրավունքների և նրանց երաշխավորող միավորումների դեմ։ 

Բացի դրանից՝ 2021 թվականի հունվարի 22-ին Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուների ընտրության համար հրավիրված նիստում ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը թեկնածու Դավիթ Խաչատուրյանին ուղղված հարցադրման ժամանակ անդրադարձել է «Բաց հասարակության հիմնադրամներին»` ասելով, որ այն ոչ միայն չի նպաստում ժողովրդավարական և իրավական պետության արժեքների իրացմանը, այլև ուղղված է այդ սկզբունքների արժեզրկմանը, ինչը ակնհայտ կեղծիք է ու ապատեղեկատվություն և գիտակցված մանիպուլիացիա»։