Սփյուռքի ձայնը

Սփյուռքի ձայնը

    

                   Արամ Ա.-ին  կհաջողվի՞  համախմբել սփյուռքը

 Վերջին շրջանում,  հատկապես Արցախի շրջափակումից ի վեր, բավականին քաղաքական ակտիվություն է ցուցաբերում  Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Կաթողիկոսը, ով հանդես է գալիս քաղաքական տարբեր հայտարարություններով ու նախաձեռնություններով: Կաթողիկոսը 2023թ-ը հռչակեց «Սփյուռքի տարի»՝ նպատակ ունենալով համախմբել ողջ սփյուռքը: Ինչ խոսք՝ շատ կարեւոր նախաձեռնություն է: Ինչպես գիտենք, համախմբում պետք է  իրականանար նաև Հայաստանի Մայր աթոռում՝ Գարեգին Բ-ի մասնակցությամբ. պետք է հանդիպեին ՀՀ եւ Արցախի բոլոր նախկին ու ներկա նախագահները, Նիկոլ Փաշինյանը: Բայց, Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե բոլորը պետք է համախմբվեն Փաշինյանի շուրջ, հօդս ցնդեցրեց  բոլոր հեռանկարները, թե հանդիպումը կարող է արդյունավետ լինել եւ երկիրը դուրս բերել այս աղետալի վիճակից: Փաշինյանի շուրջ համախմբումը նշանակում է համախմբվել պարտության, նահանջի ու նվաստացման շուրջ: Հայաստանում համախմբումը չիրականացավ:

 Արամ Ա կաթողիկոսը չի ընդունում Արցախի զիջման որեւէ տարբերակ, նա բազմիցս հնչեցնում է սթափության ու արթնացումի կոչեր, միավորման քայլեր էր ձեռնարկում: Ինչպես գիտենք, Փաշինյանի ձեռամբ պառակտված է ոչ միայն հայաստանյան հասարակությունը, այլեւ՝ սփյուռքը: Թեեւ սփյուռքի պառակտվածությունն ավելի հին արմատներ ունի. դաշնակներ- հնչակներ- ռամկավարներ «հակամարտությունը» շատ երկար տարիների պատմություն ունի: Այս կուսակցությունների համեաշխություն արձանագրվել է միան լիբանանյան քաղաքացիական պատերազմի թեժ ժամանակներում, երբ լիբանանահայությունը գիտակցում էր, որ միայն համախմբված ձեւեով կարող է ապահովել իր ֆիզիկական անվտանգությունը: Նման մի համախմբում էլ տեղի ունեցավ 2022թ-ի դեկտեմբերի 22-ին՝ Բեյրութի "Յակոբ Տէր Մելքոնեան" սրահում տեղի ունեցավ «ԶՕՐԱԿՑԱԿԱՆ ՀԱՒԱՔ. ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ ՀԵՏ» հավաքը, որին մասնակցում էին սփյուռքյան երեք կուսակցությունների ներկայացուցիչները:

 Արամ Ա-ն անցած տարվա հոկտեմբերին հանդես եկավ Համազգային Զորակոչով՝  «ի պաշտպանութիւն Արցախի անկախութեան, Հայաստանի հզօրության եւ «Հայութեան Արժանապատուութեան»: Հարկ է նկատել, որ  Արամ Ա Կաթողիկոսի խոսքը միայն հոգեւոր հոր խոսք չէ, նա հանդես է գալիս ազգի ճակատագրով մտահոգված ազգի մեծի, հոր դիրքերից,  աշխարհաքաղաքական ճիշտ գանահատականներ տալիս Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին:  Հիշատակելով Խրիմյան հայրիկի առաջ քաշած «երկաթե շերեփի» կարեւորությունը՝ որպես ժողովրդի անկախության եւ արժանապատվության խորհրդանիշ, կաթողիկոսը կարեւորում է համախմբումն ու աջակցությւնը հայոց բանակին. «Հայոց բանակը հերոսաբար կը շարունակէ պաշտպանել ազատ ու անկախ Արցախի Հանրապետութիւնը եւ Արցախի ճամբով` Հայաստանի Հանրապետութեան անվտանգութիւնը, եւ Հայաստանի ճամբով համայն հայութեան ամուր գոյութիւնը: Այս հայեցակէտով հարկ է դիտել ու արժեւորել Արցախի պատերազմը: Հետեւաբար, սովորական պատերազմ մը չէ սա. հայութեան ու հայրենիքին ճակատագիրը վճռող պատերազմ մըն է: Մեր պատմութեան ընթացքին ապրեցանք ճակատագրական պահեր, երբ մեր ազգին ու հայրենիքին գոյութիւնը խորապէս վտանգուած էր: Սակայն, մեր ամուր միասնակամութեամբ, անխորտակ հաւատքով ու զօրեղ կամքով մնացինք ու գոյատեւեցինք:….Յիշեցէ՛ք նաեւ Խրիմեան Հայրիկին «երկաթէ շերեփ»-ը` իբրեւ հայ ժողովուրդի անկախութեան ու արժանապատուութեան համար պայքարելու խորհրդանիշ: Վստահ ենք, որ այս գիտակցութեամբ ու իրենց արիւնը հայրենիքին համար թափելու յանձնառութեամբ կը կռուին մեր հերոս զինուորները Արցախի մէջ: Մեր ամբողջ ազգը հայոց բանակին հետ է: Իւրաքանչիւր հայ զինուոր է: Հայրենիքին ազատութեան ու անկախութեան համար կռուիլը սոսկ պարտաւորութիւն չէ, այլ` պատիւ ու հպարտութիւն»:

 Կաթողիկոսի ամանորյա ուղերձը նույնպես սթափության եւ համախմբման մի կոչնակ էր: Ընդծելով, որ Հայաստանը մենակ է եւ բարեկամներ չունի, կաթողիկոսը  շեշտում է, որ միայն սեփական ուժերին պետք է վստահել, դա է ցույց տվել պատմությունը. «Տագնապալից պայմաններում ենք ողջունում Նոր Տարին Հայաստանն :Փաստօրէն չունինք իրաւ բարեկամներ։ Առանձին ենք։ Չունինք ազգային ռազմավարութիւն։ Չունինք միացեալ ճակատ՝ ազգին տագնապները միա՛սնաբար դիմագրաւելու։ Միայն զիրար կʼամբաստանենք ու կը մեղադրենք։ Յաղթական Արցախը կորսնցուցած է իր ազատագրեալ հողերուն մեծ մասը ու կը դիմագրաւէ գոյութենական խնդիր։ Հայաստանը եւս ենթակայ է կորսնցնելու իր գերիշխանութիւնը»։

Այս անել կացութեան դիմաց ի՞նչ ընել, որո՞ւ վստահիլ։ Պատասխանը յստակ է՝ մեր դարաւոր պատմութեան հարուստ փորձառութեամբ հաստատուած ու մեր բիւրաւոր նահատակներու արիւնով թրծուած.- վստահիլ մեր սեփական ուժին։ Հո՛ս է մեր հզօրութեան կռուանը, մեր փրկութեան միակ ճամբան։ Այլ ընտրանք չունինք:….Այսօր մեր ազգին «արութեան գործ»ը պէտք է ըլլայ միասնականութիւն ամէն բանէ վե՛ր, մեր ողջ ներուժին ու մարդուժին համախմբումով ու հայոց բանակին վերակազմակերպումով»։

 2023-ը հռչակելով սփյուռքի տարի, կաթողիկոսը նպատակ ունի համախմբել սփյուռքյան երեք քաղաքական կուսակցություններին, նրանց նստեցնել մեկ սեղանի շուրջ եւ միասնաբար իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել: Դա բավականին դժվար խնդիր է. ինչպես գիտենք, սփյուռքում հիմնականում դաշնակացականներ են, որոնց խոսքը ծանրակշիռ է: Իսկ ՀՅԴ-ն  թե՛ Հայաստանում , թե՛ Հայաստանից դուրս երկրի  այս իրավիճակից դուս գալու ելքը տեսնում է միայն իշխանափոխությունից հետո: Իսկ հնչակներն ու ռամկավարները Փաշինյանին սատարում են թե՛ Հայաստանոում, թե՛ դրանից դուրս: Թե ինչպես այս երեք կուսակցությունները կնստեն մեկ սեղանի շուրջ եւ ինչ լուծման ուղիներ կգտնեն, դժվար է կանխատեսել: Բայց անհերքելի է, որ միայն համազգային համախմբմամբ ու միասնականությամբ կարելի է դուրս գալ այս իրավիճակից: