Ալեն Սիմոնյանի եվրոպական այցերի քրոնիկոնը եւ անիմաստ հանդիպումները

Ալեն Սիմոնյանի եվրոպական այցերի քրոնիկոնը եւ անիմաստ հանդիպումները

Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի սկզբից գործուղումների մեջ է։ Եւ այդ 2 շաբաթվա ընթացքում տարբեր հանդիպումներ է ունեցել, որոնց մեջ նաեւ տարակուսանքի տեղիք տվող: Այսպես. մարտի 7-ից գտնվելով Էստոնիայի մայրաքաղաք Տալինում նա հանդիպել է Էստոնիայի ԱԺ նախագահին եւ շնորհակալություն հայտնել, որ Էստոնիան անվերապահորեն աջակցում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը։ Էստոնիայի արտգործնախարարի հետ Սիմոնյանը քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, Հայաստան-Ադրբեջան գործընթացի պատկերն է ներկայացրել, կարևորել տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում ԵՄ ներգրավվածությունը։ Եւ կրկնել է քաղաքական առաջնորդի՝ Փաշինյանի հայտարարությունը, թե` իրենք հավատարիմ են մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։

«Տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է գործեն ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքներով։ Սահմանազատումն ու սհամանագծումը պետք է անցկացվեն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,-հայտարարել է Սիմոնյանը։ Էստոնիայի արտգործնախարարն էլ պատրաստակամություն է հայտնել աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատման՝ Հայաստանի ջանքերին։ Մնում է հասկանալ, թե ինչպե՞ս է դրան աջակցելու Էստոնիան, որը մեր տարածաշրջանում ազդեցության որևէ լծակ չունի։ Սիմոնյանին ընդունել է նաև երկրի վարչապետ Կայա Կալլասը, ում հետ հանդիպման ժամանակ Սիմոնյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն ու կարևորել Էստոնիայի աջակցությունը՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատմանը։ 

Հաջորդ կանգառը Եվրանեսթն է եղել` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 21-ին ելույթ է ունեցել և շնորհակալություն հայտնել վեհաժողովի նախորդ նստաշրջանին, ինչպես ինքն է ձևակերպել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով առաջացած մարդասիրական հարցերի վերաբերյալ ընդունած բանաձևի համար, որտեղ անդրադարձ էր կատարվել նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակմանը, անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանն ու տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանության նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-յի առաքելություն ուղարկելուն։ 

Մարտի 23-ին Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբե Գաֆարովայի հետ` «քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին երկու երկրների խորհրդարանների աջակցությունը»։ Մարտի 24-ին Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի ժամանակ իր ելույթում Ալեն Սիմոնյանը խստագույնս դատապարտել է ՌԴ-ում տեղի ունեցած ահաբեկչական ակտը, նշել է, որ Հայաստանը ձգտում է վերականգնել տարածաշրջանային կոմունիկացիաներն ու ենթակառուցվածքները։ Ապա չգիտես ինչու հանդիպել է Պաղեստինի ազգային խորհրդի փոխնախագահ Մուսա Հադիդիի հետ եւ հանդիպմանն ասել է, որ միջազգային տարբեր հարթակներում Հայաստանը միշտ աջակցել է պաղեստինյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ 

Եվրանեսթի շրջանակներում Սիմոնյանը որոշել է հանդիպել նաեւ բելառուսցի ընդդիմադիր գործիչ Մարիա Տիխանովսկայայի հետ, որից հետո Բելառուսը որոշ հայկական կոնյակների ներկրման վրա արգելք դրեց: Տիխանովսկայան նաեւ Ռուսաստանում է բացասական էմոցիաներ առաջացնում, նա անցած տարի Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն էր հայտնել՝ Մինսկում կայացած ՀԱՊԿ-ի նիստին չմասնակցելու համար։ 

Ամփոփելով Ալեն Սիմոնյանի եւ մյուս ՔՊ-ականների այցերը, հանդիպումներն ու հայտարարությունները կարող ենք արձանագրել, որ վերջիններս ամեն ինչ անում են Հայաստանը նոր ցնցումների ենթարկելու, նոր վտանգներ մեր երկրի գլխին բերելու համար: Իրենց ոչ մի քայլի հետեւանքները չեն գնահատում եւ մեր երկրի շահերով չեն առաջնորդվում: 

Իսկ խաղաղության փնտրտուքները հեռավոր Էստոնիայում, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին խոսակցությունները եվրոպական տարբեր հարթակներում անիմաստ են եւ անգամ զավեշտական: