Ռուբեն Վարդանյանը և Վերոնիկա Զոնաբենդը շուրջ 149,7 միլիոն դոլար են ներդրել Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման գործում

Ռուբեն Վարդանյանը և Վերոնիկա Զոնաբենդը շուրջ 149,7 միլիոն դոլար են ներդրել Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման գործում

Հարցազրույց Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան հիմնադրամի և UWC Դիլիջանի տնօրեն Ադամ Արմանսկիի հետ
 
-Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստանը ստացել է Քեմբրիջի միջազգային դպրոցի հավատարմագրում: Ինչ նշանակություն ունի հավատարմագրումը UWC Դիլիջանի համար:

-Ի սկզբանե Դիլիջանի միջազգային դպրոցը հիմնադրել էինք UWC Դիլիջանի անձնակազմի երեխաների տարրական և միջնակարգ կրթությունն ապահովելու նպատակով: Մեր օտարերկրացի աշխատողների երեխաները լեզվական խոչընդոտի պատճառով չէին կարողանում տեղի դպրոցներ հաճախել: Ինչ վերաբերում է մանկապարտեզին, այն գրավիչ էր նաև հայ աշխատողների համար՝ որպես ցերեկային խնամքի կենտրոն: Վերջին տարիներին սկսեցինք հարցումներ ստանալ հետաքրքրված ընտանիքներից: Դպրոցի ընդլայնմանը զուգահեռ հավատարմագրումը դարձավ տրամաբանական քայլ:

-Ի՞նչ նշանակություն ունի այս հավատարմագրումը Հայաստանի համար:

-Մյուս հավատարմագրված դպրոցի՝ Հայաստանի Քեմբրիջի միջազգային դպրոցի հետ միասին, որը գտնվում է Երևանում, Դիլիջանի միջազգային դպրոցը կնպաստի Հայաստանի՝ որպես միջազգային կրթական կենտրոնի հեղինակության աճին: Երեխաների կրթության համար զանազան տարբերակների առկայությունը կարևոր գործոն է աշխատանքի բերումով կամ ձեռնարկատիրության նպատակով Հայաստան տեղափոխված սփյուռքահայերի և օտարերկրացիների համար: Այս առումով մեր դպրոցը կնպաստի Հայաստանի զարգացմանը։

-Ի՞նչ նշանակություն ունի հավատարմագրումը Ձեզ և դպրոցի անձնակազմի համար:
 

-Տարրական, միջին և ավագ դասարանների համար Քեմբրիջի միջազգային դպրոցի հավատարմագրումը հզորացնում է մեր անձնակազմը և վերահաստատում է միջազգային մակարդակի կրթություն ապահովելու մեր հանձնառությունը:

-Որքա՞ն է աշակերտների թիվը և ո՞ր դասարաններն են համալրված:

-Ներկայում ունենք ավելի քան 70 աշակերտ 9 երկրից, որից 22-ը մեր անձնակազմի անդամների երեխաներն են: Հաջորդ տարի կունենանք մանկապարտեզից մինչև 10-րդ դասարան։

- Իսկ ի՞նչ կասեք ուսուցչական կազմի մասին: Ուսուցչական կազմը նո՞ւյնպես բազմազգ է։

-Ուսուցչական կազմը բաղկացած է 16 ուսուցչից, ովքեր ներկայացնում են 9 երկիր: Ուրախությամբ նշեմ, որ ունենք գերազանց հայ ուսուցիչներ։ Եվ, իհարկե, մեր ադմինիստրացիան և օժանդակ անձնակազմը նույնպես հայ են։ Դպրոցն աշխատատեղեր է ստեղծում տեղի բնակչության համար։

-Ի՞նչ ազդեցություն կունենա հավատարմագրումը ուսուցման գործընթացի վրա:

- Հավատարմագրումը հավաստում է այն, ինչ մենք արդեն անում ենք: Արտաքին չափորոշիչներն օգնում են պահպանել կրթության գերազանցությունը, ինչով մենք հպարտանում ենք: Դպրոցը տեղակայված է UWC Դիլիջանի կամպուսում: Մենք օգտվում ենք կամպուսի բոլոր հարմարություններից և, որպես աշակերտների և ուսուցիչների բազմազգ համայնք, այս իմաստով ունենք գերազանց հնարավորություններ:

-Ինչո՞վ է ձեր դպրոցը տարբերվում այլ տեղական կամ մասնագիտացված դպրոցներից, այդ թվում այն դպրոցներին, որտեղ դասավանդվում են Քեմբրիջի միջազգային դպրոցի և/կամ միջազգային բակալավրիատի ծրագրերը:

-Նախ նշեմ, որ թեպետ ուսուցումը կազմակերպվում է անգլերենով, շեշտը դնում ենք տեղական մշակույթի և լեզվի վրա: Մեր երեխաներից շատերը միաժամանակ երկու-երեք լեզու են սովորում: Տարբերություններից մեկն էլ այն է, որ մեր ուսանողներն ու ուսուցիչներն իրապես միջազգային համայնք են, և մեր երեխաները կամպուսում շփվում են 80 ազգությունների հետ: Եվ իհարկե մեր հրաշալի կամպուսը, որը յուրահատուկ է ինչպես Հայաստանի դպրոցների, այնպես էլ աշխարհի շատ այլ դպրոցների համեմատությամբ: Մեր կամպուսը տեղակայված է շուրջ 8 հեկտար բլրաշատ և անտառածածկ տարածքում՝ Դիլիջան ազգային պարկում:

-Ո՞ր տարիքից եք ընդունում երեխաներին:

-Երեխաները կարող են սկսել հաճախել մանկապարտեզ 3 տարեկանից, իսկ տարրական դպրոց՝ 5 տարեկանից: Երեխայի տարիքը հաշվի է առնվում տվյալ տարվա օգոստոսի 31-ի դրությամբ:

-Որքա՞ն է ուսման վարձը:

-Վարձը համեմատելի է այլ մասնավոր դպրոցների վարձի հետ: Այսպես՝ մեկ տարվա վարձը կազմում է 2700 ԱՄՆ դոլար մանկապարտեզի համար, 6000 ԱՄՆ դոլար՝ 0-5-րդ դասարանների համար, 7000 ԱՄՆ դոլար՝ 6-8-րդ դասարանների համար և 9000 ԱՄՆ դոլար՝ 9-10 դասարանների համար:
Վճարը ներառում է սնունդը, ուսումնական նյութերը, քննությունների վճարները և այլն:

-Դպրոցը կազմակերպելու է երեխաների տեղափոխումը, և եթե այո, արդյո՞ք գումարը ներառված է վճարի մեջ:

-Եթե մոտակա քաղաքներից պահանջարկ լինի, ապա կքննարկենք տրանսպորտի ապահովումը, բայց դա լրացուցիչ վճար կլինի ընտանիքների համար:

- Ինչպե՞ս ստեղծվեց Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստանը:

-Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան հիմնադրամը շահույթ չհետապնդող իրավաբանական անձ է, որը կառավարում է Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստանը և UWC Դիլիջանը: Այն ստեղծվել է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից։

-Ինչո՞ւ նրանք որոշեցին գումարը ներդնել միջազգային կրթության մեջ, այլ ոչ թե տեղական դպրոցներում:

- Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի տեսլականն է նպաստել Հայաստանի զարգացմանը որպես համաշխարհային մակարդակի միջազգային կրթական և մշակութային կենտրոն, որն իր հերթին կնպաստի երկրի միջազգային հեղինակության աճին: Միջազգային դպրոցների շնորհիվ կձևավորվի երիտասարդների մի միջազգային խումբ, ովքեր կմեծանան՝ ճանաչելով և գնահատելով Հայաստանը, ովքեր ողջ կյանքի ընթացքում հետաքրքրված կլինեն Հայաստանով: Սա էլ իր հերթին խթանում է միջազգային մշակութային, կրթական և գիտական կապերը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացումը Հայաստանում։ Մեր հիմնադիրների և նրանց գործընկերների հավակնություններն ավելի հեռուն են միտված, քան պարզապես Հայաստանի ներկան. նրանց հայացքն ուղղված է վաղվա Հայաստանին:

-Ինչպե՞ս է ֆինանսավորվում Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան հիմնադրամը:

-Հիմնադրամը ֆինանսավորվում է ուսման վճարներով և բարեգործների նվիրատվություններով: Հիմնադրումից՝ 2011 թ. ի վեր 20 երկրից 600 բարերար կատարել են շուրջ 210 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություններ: Այս միջոցներն ուղղվել են UWC Դիլիջանի կապիտալ ծախսերին և կրթաթոշակների ֆինանսավորմանը:

-Իսկ որքա՞ն են կազմում հիմնադիրների անձնական նվիրատվությունները Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստանին:
 

-Ռուբեն Վարդանյանը և Վերոնիկա Զոնաբենդը շուրջ 149,7 միլիոն դոլար են նվիրաբերել Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման համար: Եվս 17,99 միլիոն դոլարի նվիրատվութուն է կատարվել հիմնադիր գործընկերներ Նուբար և Աննա Աֆեյանների, Գագիկ Ադիբեկյանի, Վլադիմիր և Աննա Ավետիսյանների կողմից:

-Կարծիք կա, որ UWC Դիլիջանն էլիտար ուսումնական հաստատություն է՝ նախատեսված միջազգային ուսանողների համար:

-Թյուր կարծիք է, որ UWC Դիլիջանն էլիտար կառույց է: Մեր դպրոցական համայնքը ոչ միայն բազմազգ է՝ մենք ունենք ուսանողներ շուրջ 80 երկրից, այլև կազմված է հասարակության տարբեր սոցիալ-տնտեսական խավերի ներկայացուցիչներից: Ուսանողների շուրջ 80 տոկոսը սովորում է կրթաթոշակով, ունենք երեխաներ անապահով ընտանիքներից: Կարելի է ասել՝ սա մի յուրահատուկ սոցիալական «վերելակ» է, որտեղ տարբեր սոցիալական խավեր ներկայացնող երեխաները հնարավորություն ունեն ստանալու գերազանց կրթություն, որը նրանց համար ապագայի հեռանկար է ստեղծում: Մյուսների համար սա ևս հրաշալի հնարավորություն է ճանաչել այլ ազգեր և մշակույթներ, շփվել տարբեր սոցիալական ծագման աշակերտների հետ, դառնալ առավել կարեկից, գիտակցել հասարակության ներսում հաճախ հանդիպող խոչընդոտները հաղթահարելու կարևորությունը:

-Հայաստանի կառավարությունն աջակցո՞ւմ է DISA-ին:

-UWC Դիլիջանի հիմնադրումից ի վեր Հայաստանի կառավարությունը մշտապես օժանդակել է Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստանին: Ակնհայտ է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս կրթության ոլորտին։ 
UWC Դիլիջանն Աշխարհի միացյալ քոլեջների ցանցի 18 անդամ դպրոցներից մեկն է, որի առաքելությունն է «կրթությունը վերածել մարդկանց, ազգերը և մշակույթները միավորող ուժի՝ հանուն խաղաղության և կայուն ապագայի»։ Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստանն ապահովում է կրթություն մանկապարտեզից մինչև 10-րդ դասարան: Այսպիսով Դիլիջանում կրթական կլաստերն արագորեն աճում է: UWC Դիլիջանը գործում է արդեն 10 տարի, և Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստանն ամրապնդում է իր դիրքերը։ Հպարտ ենք, որ Հայաստանի դրոշը ծածանվում է մեր կամպուսի մուտքի մոտ և հանձնառու ենք շարունակել աշխատել ի շահ Հայաստանի և ներկայացնել Հայաստանը:

Դիլիջանի միջազգային դպրոցում ապրիլի 20-ը բաց դռների օր է: Ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով և ներկա գտնվել միջոցառմանը, որը տևելու է 10:30-ից մինչև 12:30: 
Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստանի մասին

UWC Դիլիջանի կամպուսում տեղակայված Դիլիջանի միջազգային դպրոցը, որը ստացել է Քեմբրիջի միջազգային դպրոցի հավաստագիր, առաջարկում է տարրական, միջին և ավագ դպրոցի կրթական ծրագիր՝ մանկապարտեզից մինչև տասներորդ դասարան: Դպրոցն ունի 70 աշակերտ 9 երկրից և 16 հոգանոց անձնակազմ 9 երկրից: Ի սկզբանե նախատեսված լինելով  UWC Դիլիջանի անձնակազմի երեխաների համար՝ Դիլիջանի միջազգային դպրոցը զարգացել է որպես լիարժեք ուսումնական հաստատություն, որն ապահովում է կրթություն բոլոր տարիքային խմբերի համար՝ Քեմբրիջի միջազգային կրթության սկզբունքներին համահունչ: