«25․000»-ի կախարդանքը

«25․000»-ի կախարդանքը

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը 1in.am-ի ուղիղ եթերում  քաղաքականության մեջ իր առաքելությունը հիմնավորում է «25 000» ստորագրությամբ: Իրականում նախաձեռնող խումբը ԿԸՀ է փոխանցել 21 049 ստորագրություն: Եւ դեռ հարց է, թե ստուգումից հետո քանի՞սն է վավերական ճանաչվելու: Բայց մանրախնդրության չտրվենք. առկա է այնքան ստորագրություն, որ թույլ է տալիս նախաձեռնությունը ներկայացնել Ազգային ժողով՝ հետագա ընթացքավորման: Սա՝ ֆորմալ առումով:

Գործնականում, սակայն, ստորագրողնների ո՞ր մասն է, որ Սամվել Բաբայանին միանշանակորեն տեսնում է Արցախի նախագահի պաշտոնում: Այս հարցադրումը գոյության իրավունք ունի, որովհետեւ տեղերում արվող վերլուծությունները ցույց են տալիս, որ մարդկանց մի զգալի մասը ստորագրահավաքին մասնակցել է բոլորովին այլ շարժառիթներով: 2012-ի նախագահական ընտրություններում այլընտրանքային թեկնածու Վիտալի Բալասանյանն ստացել էր ձայների շուրջ մեկ երրորդը, իսկ 2007-ին Մասիս Մայիլյանի օգտին քվեարկել էր ընտրողների 14 տոկոսը:

Այս փաստերը ցույց են տալիս, որ վերջին տասնամյակում Արցախը տեսել է ոչ իշխանական թեկնածուի օգտին ավելի լայն համախմբվածություն, որը, սակայն, չի օգտագործվել դիմակայություն ստեղծելու նպատակով: Ընտրություններն ավարտվել են, դրանց հետ էլ՝ տարաձայնությունները, եւ երկիրը շարունակել է բնականոն կյանքով ապրել: Այսօր գործ ունենք սկզբունքորեն այլ իրավիճակի հետ, երբ փորձ է արվում «25000» ստորագրությունները դարձնել անպատճառ իշխանության գալու «հիմնավորում»: Եթե ոչ նախագահական, ապա՝ խորհրդարանական ընտրությունների միջոցով:

Ցավալին այն է, որ, երեւում է, այդ հանգամանքը կախարդանքի ազդեցություն է թողել որոշ քաղաքական ուժերի վրա: Մինչդեռ հարկ էր կատարել հիմնավոր վերլուծություն, պարզել, թե մարդիկ իրական ի՞նչ մղումներով են միացել ստորագրահավաքին, սոցիալական ի՞նչ խնդիրներ են նրանց ստիպել՝ ապագայի հույսը կապելու ՊԲ նախկին հրամանատարի հետ, ի՞նչ մեխանիզմներ, քարոզչական ի՞նչ հնարքներ է գործի դրել նախաձեռնող խումբը եւ այլն: Համապատասխան ուսումնասիրությունն, ամենայն հավանականությամբ, ցույց կտար, որ ով եւ ինչ նպատակով էլ դիմեր հանրային հարցման, ապա գործող իշխանություններից, իրենց սոցիալական վիճակից դժգոհների նույն կամ գուցե ավելի քանակի ստորագրություն կհավաքեր: Այս իրողությունը, ցավոք, գիտակցված, թե ոչ, բայց հաճախ անտեսվում է: Եւ տպավորություն է ստեղծվում, ընդ որում՝ ոչ առանց որոշակի տեղեկատվա-քարոզչական աջակցության, թե Արցախում իշխանության ձեւավորման հեռանկարը հիմնավորապես կախված է այն բանից, թե ՊԲ նախկին հրամանատարն ինչպե՞ս կօգտագործի «բացառապես իրեն պատկանող» այդ ռեսուրսը:

Դատել այդ չափանիշներով՝ նշանակում է ապրիորի ընդունել, որ Արցախում կա 25 000 միանշանակորեն կողմնորոշված եւ, մանավանդ, լիովին կառավարելի ընտրազանգված: Իսկ դա ծանր վիրավորանք է Արցախի քաղաքական համակարգի եւ նրա ժողովրդի հասցեին: Մանավանդ որ նույն հարցազրույցում ՊԲ նախկին հրամանատարն ասում է, որ եթե Հայաստանի իշխանությունները կատեգորիկ դեմ լինեն, ապա ինքը կհեռանա: