406 մլն դրամի ներդրում՝ պատմամշակութային հուշարձան շենքը փրկելու համար

406 մլն դրամի ներդրում՝ պատմամշակութային հուշարձան շենքը փրկելու համար

Գյումրի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստին  քննարկվեց նաև Ս․ Համբարձումյան փողոց 35 հասցեի շենքը «Ֆրիդ Սողոյան»  մշակութային հիմնադրամին անհատույց օգտագործման տրամադրելու որոշման նախագիծը։ «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու ղեկավար Կարեն Մալխասյանը նկատում է, որ որոշումը պատմամշակութային հուշարձան շենքը փրկելու նպատակով է։ 

Ինչ էր նախատեսված որոշման նախագծով և դրա իրականացման արդյունքում ինչ կունենա համայնքը։ 
«Նախ նշեմ, որ շենքը, որը տրամադրվեց հիմնադրամին, գտնվում է Գյումրու պատմական կենտրոնում, իրենից ներկայացնում է հանրապետական նշանակություն ունեցող պատմամշակությաին հուշարձան, որը մեղմ ասած գտնվում է անմխիթար վիճակում։

Հուշարձան շենքը «Ֆրիդ Սողոյան» մշակութային հիմնադրամին տրամադրվում է անհատույց օգտագործման, որի հիմքով  շենքը պետք է կապիտալ հիմնանորոգվի։

Այն  ծառայելու է որպես հուշատուն-ցուցասրահ,Գյումրու պատմական կենտրոնում ունենալու ենք քայքայումից և փլուզումից փրկված հանրապետական նշանակության հուշարձան շենք, հուշատուն-ցուցասրահ, որը լրացուցիչ խթան կհանդիսանա քաղաքի մշակութային կյանքի աշխուժացման, զբոսաշրջության զարգացման, քաղաքի մշակութային արժեքների համալրման և քաղաքի լավագույն արվեստագետների ստեղծագործությունների հանրահռչակմանը»,-պարզաբանում է ավագանու անդամը՝ ընդգծելով․

«Որոշման նախագիծը ավագանու կողմից ընդունվեց միաձայն։ Միաժամանակ հնարավոր տարընթերցումներից խուսափելու համար` իմ և գործընկերներիս առաջարկությամբ նախագծի երկրորդ կետում կատարվեց հստակեցումներ, որի արդյունքում ունեցանք հստակ ժամկետներ ներկայացված նախագիծը կյանքի կոչելու համար»։

Նշենք, որ 2021 թվականին շենքը հատկացվել է ՀՀ ու ՌԴ ժողովրդական նկարիչ, Ուկրաինայի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, գյումրեցի  նշանավոր քանդակագործ Ֆրիդ Սողոյանի ժառանգներին, որոնք նպատակ ունենին  բացել ցուցասրահ-թանգարան։

Նրա ստեղծագործություններից 30-ը արդեն տեղափոխվել է Գյումրի, բայց  շենքը անմխիթար վիճակում է եւ հիմնովին վերանորոգելու կարիք ունի ։ Այդ նպատակով ստեղծվել է Ֆրիդ Սողոյանի բարեգործական հիմնադրամը, որն  իր վրա է վերցրել շենքի վերանորոգման ծախսերը։  

Ըստ հիմնադրամի տվյալների՝շենքի  հիմնանորոգման ընդհանուր արժեքը կազմում է 406 մլն դրամ՝ 176 միլիոն շենքի շինարարության արժեքն է, բակային հատվածի ու օժանդակ շինությունների վերանորոգման համար 230 միլիոն դրամ է պահանջվելու։