Մի հիանալի, պերճախոս ոստիկանություն

Մի հիանալի, պերճախոս ոստիկանություն

Մի հիանալի, մի աննախադեպ ոստիկանություն ենք «ձեռք բերել» մենք էս վերջերս։ Պարզվում է՝ մեր հայրենի ոստիկանությոնը, որը կրակն է ընկել թե՛ իշխանությունների, թե՛ ցուցարարների «գժությունների» ձեռքը, պաշտոնապես կողմ է հանրային համաձայնության կայացմանը։ Ահա տեսեք՝ ինչ է ասվում ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ․

«Հորդորում ենք ձեր սուբյեկտիվ հիմնական իրավունքներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, չչարաշահել դրանք, հարգել համաքաղաքացիների իրավունքները: Հիշեք, որ ձեր իրավունքներն օրենքին հակառակ եւ չարաշահումով իրականացնելը, ինչը դրսեւորվում է փողոցների շրջափակումով, տրանսպորտի երթեւեկության կազմալուծմամբ, առաջացնում է վարչական պատասխանատվություն: Չխանգարենք ոչ մեկին, չխանգարենք հանրային համաձայնության կայացմանը: Հարգենք բոլորին և հարգենք ինքներս մեզ, թույլ չտանք հակահասարակական արարքներ, որոնք կարող են անվստահություն սերմանել օրենքի և օրինականության հանդեպ»։

Հիրավի, փառապանծ խոսքեր, որոնցում տեղ են գտել այնպիսի ճաճանչափայլ ձևակերպումներ, ինչպիսին, օրինակ, սրանք են՝ «օրինահարգության և համակեցության կանոններ» «սուբյեկտիվ հիմնական իրավունքներ», «հանրային համաձայնության կայացում» և այսպես շարունակ։ Մենք սիրով կհարցնեինք մեր սիրելի ոստիկանությանը՝ «բա Սերժի վախտ ինչո՞ւ նման տեքստեր չէիք տարածում», բայց այս հարցն իրենց դեպքում ժամանակավրեպ է՝ ոստիկանությունը միշտ է այսպես պերճախոս եղել։ Փառք լրատվականի այն պոետիկ «սփիչրայթերին», ով ամեն անգամ մեզ այսպիսի դրամատիկ և հոգեցունց տեքստեր է շռայլում։ Պարզապես, ոչ միշտ են ոստիկանության տարածած գեղագիտական հաղորդագրությունները էսթետիկ առումով համահունչ դիտվում իրենց գործողությունների հետ, երբ բռնի ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ՝ գետնին քարշ տալով կանանց ու աղջիկներին։ 

Մնում է հասկանալ, թե ոստիկանության ատամի տակ ի՞նչ կա, որ շուտով սպասվող փողոցների շրջափակման ակցիաներին ընդառաջ՝ այսպիսի հաղորդագրություն է տարածում։