Ըստ Փաշինյանի հռչակագրի` Հայաստանի 30 տարվա պատմության մեջ եղել է 3 արդար ընտրություն

Ըստ Փաշինյանի հռչակագրի` Հայաստանի 30 տարվա պատմության մեջ եղել է 3 արդար ընտրություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Գորիսում քարոզարշավի ժամանակ հրապարակեց ապրիլի 5-ի հանրաքվեի «հռչակագրի նախագիծը», որով, ըստ նրա, քաղաքական գնահատական է տրվում անցած 30 տարիներին։ Հռչակագիրը բաղկացած է 8 կետից, որոնցից առաջինն իսկ բազմաթիվ հարցեր է առաջացնում։

Ահա այն․ «1995-ից մինչեւ 2018-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը տեղի ունեցած որեւէ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը: 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք զրոյացել են 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ, արտահայտել են ժողովրդի ցանկությունը»։
Մյուս կետերում հիմնականում նախկինների թալանի ու կոռումպացվածության մասին դատողություններ են։ Ստացվում է, ըստ Փաշինյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք անցկացված 1996 թվականի նախագահական ընտրությունները կեղծվել են եւ չեն արտահայտել ժողովրդի կամքը, իսկ, ահա, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին անցկացված 1999-ի խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքում մեծամասնություն է կազմել ՀՀԿ-ն, չեն կեղծվել եւ արտահայտել են ժողովրդի ցանկությունը։

Այսպիսի հաճոյախոսություն Ռոբերտ Քոչարյանին ու ՀՀԿ-ին դեռ ոչ ոք չէր արել, եւ դա երեկ արեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի այս հայտարարության վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀԱԿ անդամներից, Տեր-Պետրոսյանի թիմակիցներից, սակայն չհաջողվեց՝ որեւէ մեկը զանգերին չէր պատասխանում։ Միայն Արման Մուսինյանը Ֆեյսբուքում գրառում կատարեց՝ խնդրելով մինչեւ ապրիլի 5-ն իրեն այս թեմայով չանհանգստացնել։ «Երկու օր է, ինչ բազմաթիվ հեռախոսազանգեր, գրավոր հարցումներ եմ ստանում` ՀՀ վարչապետի ելույթներում արտահայտված որոշ մտքեր մեկնաբանելու խնդրանքով: Հասկանալով հանդերձ նման հետաքրքրասիրության բուն դրդապատճառը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ «այո»-ի ճամբարում հակասություններ սերմանելը, այնուամենայնիվ, մինչեւ ապրիլի 5-ի հանրաքվեն մենք ձեռնպահ կմնանք նմանօրինակ հարցերի որեւէ մեկնաբանությունից` հանրաքվեի խնդրից հասարակության ուշադրությունը չշեղելու եւ «այո»-ի քարոզարշավին չվնասելու համար»,- գրել է ՀՀ առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Արման Մուսինյանը։

Զրուցեցինք Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ, ով հեղափոխությունից առաջ քննադատում էր Փաշինյանին, հեղափոխությունից հետո ամենուրեք պաշտպանում է նրան։ Նա, կարդալով Փաշինյանի հրապարակած հռչակագիրը, եզրակացրեց․ «Փաստորեն, ըստ Նիկոլ Փաշինյանի հռչակագրի, Հայաստանի 30 տարվա պատմության մեջ եղել է երեք արդար ընտրություն, մեկը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած 1991 թ․ ընտրությունը, երկրորդը՝ Ռոբերտ Քոչարյանի կազմակերպած 1999 թվականի ընտրությունը, երրորդը՝ 2018 թ․ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրությունը։ Այս երեք ընտրությունն է լեգիտիմ հայտարարում այդ հռչակագիրը»։ Ապա ավելացրեց․ «Ինձ թվում է՝ դա կոպիտ սխալ է»։ Նա հիշեց, որ Քոչարյանի օրոք՝ 1999 թվականին անցկացված ընտրություններն անցել են նույն կերպ, ինչպես Կարեն Դեմիրճյանի օրոք էին անցնում, բոլորն ընտրում էին մեկ մարդու։

«Ես կարծում եմ, որ 1998 եւ 1999 թթ․ ընտրությունները մի պրոցեսի տարբեր փուլեր են՝ իշխանության զավթման տարբեր փուլերն են։ Եթե մենք ասում ենք, որ 1999 թ․ ընտրությունները եղել են ազատ, արդար, թափանցիկ, մրցակցային եւ արտացոլել են ժողովրդի կամքը, ուրեմն մենք ճանաչում ենք նաեւ 1998 թ․ ընտրությունների արդյունքները։ Դրանից բացի, Սովետական Միությունում Դեմիրճյան Կարենի բոլոր ընտրությունները եղել են նույն որակի՝ «ընտրակեղծիքներ չեն եղել», բայց դա չի նշանակում, որ 99 տոկոս ձայն ստացած Ոսկանյանն ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների արդյունքում ընտրված Գերագույն սովետի նախագահ էր կամ՝ Սարկիսովը։ Իսկ 1998 թ․ իշխանության զավթումը՝ բռնության սպառնալիքով, եւ դրանից հետո եղած բոլոր ընտրություններն արդեն դավադիր ռեժիմի, զավթիչների կազմակերպած ընտրություններ էին եւ Հայաստանի ժողովրդի կամքը չեն արտահայտել»,- ասաց պարոն Արշակյանը։ Մեր հարցին, թե ինչ կարծիքի է Փաշինյանի հայտարարության առումով, որ պետք է գնահատական տրվի նախորդ 30 տարիներին, Արշակյանն ասաց․ «Շատ ճիշտ է, մի քիչ ուշացած է, բայց՝ «լավ է ուշ, քան երբեք» սկզբունքով։ Շատ կարեւոր է, որ քաղաքական գնահատական տրվի։ Ես կավելացնեմ, որ շատ կարեւոր է, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական հայտարարությունները՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ դարձնելու որոշման մասին, դա նույնպես գնահատականի արժանանա։ Դա կարեւոր է, Հայաստանի ինքնիշխանության կորստի օրն է դա։ Հաջորդը․ ես շատ կարեւոր եմ համարում հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման բանակցություններին գնահատական տալը եւ ձախողումը։ Շատ կարեւոր եմ համարում Եվրամիության հետ վարած բանակցություններին ու դրա ձախողմանը գնահատական տալը»։

Մեր դիտարկմանը, թե այդ գնահատականով Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ կընկնի հարվածի տակ, Արշակյանն ասաց, որ եթե մենք տալիս ենք Տեր-Պետրոսյանի ժամանակների ու ընտրությունների գնահատականը, ապա պետք է տանք նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակներում տեղի ունեցած կարեւոր իրադարձությունների գնահատականը։