Ինչո՞ւ Ռուսաստանը Միհրան Պողոսյանին չի արտահանձնում

Ինչո՞ւ Ռուսաստանը Միհրան Պողոսյանին չի արտահանձնում

Դեռ 2019 թ․-ին Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել էր, որ Ռուսաստանը վերջնականապես չի մերժել Հայաստանի դատախազության միջնորդությունը՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին արտահանձնելու հարցում: Նա վստահ էր, որ Պողոսյանին չարտահանձնելը որեւէ կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների մակարդակի հետ: Դեսպանը 2019-ի սեպտեմբերի 3-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում էր նշել. «Ընդհանրապես արտահանձնման գործընթացները պետք է համապատասխանեն միջազգային եւ երկրի ներքին օրենսդրությանը: Նախ Ռուսաստանը չի մերժել արտահանձնման հարցը: Եթե դուք կարդացել եք Ռուսաստանի դատախազության հաղորդագրությունը, ասված է, որ դիմել են ՀՀ դատախազությանը լրացուցիչ փաստաթղթեր, լրացուցիչ հիմնավորումներ ստանալու համար: Այսինքն, չկա արտահանձնման վերջնական որոշում, դա գործընթաց է, որը պետք է լինի», - ասել էր նա:

Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանին մի քանի մեղադրանք էր առաջադրվել: Առաջին մեղադրանքը, որի համար, ի դեպ, վերջինիս Հայաստան արտահանձնելու պահանջ էր ներկայացվել, վերաբերում էր պաշտոնեական դիրքը չարաշահելուն, երկրորդ մեղադրանքը թմրանյութերի ներկրման հետ է կապված: Նախորդ տարի ԱԱԾ-ն մեկ տոննա թմրանյութ հայտնաբերեց, ապա այս տարվա մայիսին հայտարարեցին, որ թմրանյութը ներկրել էր Միհրան Պողոսյանի հետ կապված «Մրգենի» ընկերությունը: Չնայած Միհրան Պողոսյանը հերքեց իր կապը թմրանյութի հետ եւ հայտարարեց, որ ինքն անձամբ է հաղորդում ներկայացրել հայտնաբերված կոկաինի հետ կապված: Ինչ վերաբերում է` Ռուսաստանից Հայաստանի կողմից հետախուզվող անձանց արտահանձնելուն, ապա միակ դեպքը չէ` 2018-ից ի վեր բազմաթիվ մարդկանց նկատմամբ են ՀՀ իրավապահները քրեական գործեր հարուցել, հետախուզում հայտարարել, սակայն նրանք շարունակել են հանգիստ ապրել Ռուսաստանում եւ ՌԴ իրավապահները նրանց չեն անհանգստացրել, առավել եւս չեն արտահանձնել:

Միհրան Պողոսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը «Հրապարակի» այն հարցին, թե ի՞նչ փուլում է իր պաշտպանյալին Հայաստան արտահանձնելու գործընթացը, նշեց, որ փաստաբաններն արտահանձման հետ կապված հարցերին առհասարակ չեն առնչվում, սակայն բնականաբար` եթե Պողոսյանն արտահանձնված լիներ, դրա մասին հասարակությունն անպայման կտեղեկանար. 

«Փաստաբաններն արտահանձնման պրոցեսների հետ բացարձակապես չունեն առնչություն: Անգամ այդպես էլ չօմացանք` դիմե՞լ են արտահանձնման համար, թե՞ չեն դիմել: Եթե արտահանձնած լինեին հաստատ կիմանայինք, մնացած այլ` ոչ մի բան չգիտենք: Անգամ մենք այդ մասին ծանուցում չենք ստանում: Չգիտենք` ով ում ինչ է ասում, ինչի համար եւ ինչպես», - նշեց նա: Մինչդեռ դատախազը ժամանակին հայտարարեց, որ դիմել են Միհրան Պողոսյանին արտահանձնելու խնդրով եւ հույսեր ունեն, որ ստացվելու է:

Փաստաբանին հարցրեցինք նաեւ, թե արտահանձնման պրոցեսները սովորաբար պրակտիկայում որքա՞ն տեւողություն են ունենում, փաստաբանը նշեց. «Դա բարդ հարց է, օրենքով սահմանված հստակ ժամկետ չկա: Պրոցեսները կախված են տվյալ երկրներից: Գործեր կան տեւում են տարիներ, գործեր էլ կան անմիջապես են արտահանձնում: Կարող են դիմել արտահանձնման համար, բայց տվյալ երկիրը պարզաբանումներ պահանջի, կարող է այնպես լինել, որ տվյալ երկրի օրենսդրությամբ ինչ-ինչ խնդիրներ առաջանան: Անհատական եւ ծավալուն հարց է, որը չունի հստակ պատասխան: Մենք ծանուցում չենք ստացել»,- նշեց փաստաբանը:

Հիշեցնենք նաեւ, որ որոշ հետախուզվողների նկատմամբ Հայաստանի հայտարարած միջազգային հետախուզումն այս տարիներին դադարեցվել է եւ նրանք սկսել են անարգել մեկնել Եւրոպա ու այլ երկրներ, ինչպես օրինակ` Միքայել Մինասյանի, Գեւորգ Կոստանյանի նկատմամբ: