Կարո Ժամխարյանն այսօր կդառնար 34 տարեկան

Կարո Ժամխարյանն այսօր կդառնար 34 տարեկան

Այսօր՝ մայիսի 17-ին, կլրանար պատմական գիտությունների թեկնածու, Ոստիկանության զորքերի նվագախմբի երաժիշտ Կարո Ժամխարյանի  34 ամյակը: Արդեն 4 տարի է, ինչ երիտասարդ գիտնականի տարեդարձի օրը հարազատներն ու ընկերները արցունքով են անցկացնում: Դժբախտ պատահարով էր, որ ընդհատվեց տաղանդավոր մարդու երկրային գործունեությունը...

Կարո Ժամծարյանը սովորել է Երևանի Վարդանանց ասպետների անվան թիվ 106 դպրոցում: Դպրոցական տարիներին զուգահեռ հաճախել է նաև Պատանի հանդիսատեսի երաժշտական  դպրոցի  շեփորի բաժին, ապա ընդունվել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ՝ ստանալով բակալավրի աստիճան: 

2006-2008 թթ. ծառայել է ԼՂՀ Մարտակերտի շրջանում:
 2009-2010 թթ. Երևանի Ներսես Մեծի անվան թիվ 124 հանրակրթական դպրոցում  աշխատել է որպես պատմության ուսուցիչ: 
2008-2010 թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանումէ ստանալով մագիստրոսի կոչում: 
2009-2016 թթ. աշխատել է «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամում՝ որպես վերլուծաբան: 2010-2016 թթ. հանդիսացել է նաև ՀՀ Ոստիկանության զորքերի նվագախմբի երաժիշտ՝ շեփորահար: 
2012 թվականից ձևակերպվել է հայցորդ, իսկ 2015-ի հուլիսի 3-ին «Կրթամշակութային կյանքը և հայապահպանության խնդիրները Սիրիայի և Լիբանանի հայկական համայնքներում 1920-1930-ական թթ.-ին» թեմայով ներկայացրած ատենախոսության համար ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ու հենց այս ատենախոսությունն անցած տարի այս օրը հեղինակի կնոջ՝ Էթերիի նախաձեռնությամբ  հրատարակվեց գրքի տեսքով: Շնորհանդեսը տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում, որտեղ ելույթի խոսքով հանդես եկան  պատմության ոլորտի առաջատար մասնագետներ՝ փաստելով, որ Կարոն թողել է կարևոր պատմագիտական ժառանգություն, որը, հատկապես Սփյուռքի պատմությամբ զբաղվող մասնագետների համար դառնալու է առանցքային՝ լինելով գիտական հղումների աղբյուր:      

Կարո Ժամխարյանը հանդես է եկել  մեկ տասնյակից ավելի գիտական զեկուցումով, հեղինակել 2 տասնյակից ավելի գիտական հոդված, որոնց հիմնական մասը հասցրել է հանձնել տպագրության, թեպետ իր հեղինակային անդրանիկ մենագրության բերկրանքն այդպես էլ չվայելեց: 

Կարոյի գիրքն այսօր ներկայացված է՝ 
•    Լիբանանի Հայկազյան համալսարանում
•    Անթիլիասի Մատենադարանում
•    «Ազդակ» խմբագրությունում
•    «Գոհար» գրադարանում
•     ԵՊՀ գրադարանում
•    ԵՊՄՀ գրադարանում
•    Էջմիածնի մատենադարանում
•    Գրախանութներում

Կարոն պլանավորում էր դեռ երկար աշխատանք տանել իր թեկնածուական թեմայի ուղղությամբ՝ անգամ հաշվի չառնելով Սիրիայում առկա պատերազմական իրավիճակը, նպատակ ուներ անձամբ գնալ Սիրիա և տեղում ուսումնասիրել հայկական համայնքների կրթամշակութային խնդիրները: Կարոն նամակ էր ուղարկել Կիլիկիայի  Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին՝ նշելով, որ ցանկանում է տպագիր աշխատության շրջանակներում ներկայացնել 1920-1930-ական թթ.-ի սիրիահայ և լիբանանահայ համայնքների մշակույթը, քանզի հայագիտության շրջանում մինչ օրս վերոնշյալ թեմային վերաբերվող համակարգված աշխատանք չի կատարվել: Ապա շարունակելով գրել, որ գործը թերի կլինի, եթե գիտական շրջանառության մեջ չդրվեն և աշխատանքի մաս չկազմեն Անթիլիասում պահպանված արխիվային նյութերը, խնդրել էր Կաթողիկոսին, որ իրեն արխիվային նյութերը ուսումնասիրելու և Անթիլիասի շրջափակում գիշերակաց ունենալու հնարավորություն տրվի: Ու ինչպես իր ատենախոսության էջերում նշում է Կարոն, չէր հավակնում այս մեկ աշխատանքի շրջանակներում սպառված համարել թեմայի արդիականությունը: 
Ավաղ, բազմաթիվ չգրված էջեր մնացին չարաբաստիկ պատահարի պատճառով...

Կարոն ամուսնացած էր: Ունի 1 դուստր՝ Կարսինէ Ժամխարյան: Կինը մեր գործընկերն է՝ լրագրող Էթերի Մամուլյանը: