Հյուրանոցները փորձում են փրկել իրավիճակը

Հյուրանոցները փորձում են փրկել  իրավիճակը

Կորոնավիրուսով վարակի կասկածանքով  քաղաքացիները,  ովքեր այս պահին գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում, դեռ կմնան կարանտինի մեջ:  Նրանք մեկուսացված են, ոստիկանները հսկողություն են իրականացնում, չեն թողնում մոտենալ հյուրանոցին։  
Այս օրերին Ծաղկաձորի որոշ հյուրանոցներում ամրագրված տեղերը չեղակել են:  Իրավիճակը փրկելու համար «Ռոսիա» հյուրանոցի աշխատակիցները մեկնարկել են սոցիալական արշավ «Եկ Ծաղկաձոր» խորագրով: 

«Եկ Ծաղկաձոր»,  «Ծաղկաձորը առողջ է», « Ծաղկաձորը բուժում է», «Խուճապ Չկա՛».  «Ո՛չ կորոնավիրուսին» պաստառներով  հյուրանոցի աշխատակիցները լուսանկարներ են հրապարակել, եւ հայտարարություն տարածել . «Հարգելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով վերջին իրադարձությունները, Ծաղկաձոր քաղաքի շուրջ տիրում է անտեղի խուճապ:
Հանդիսանալով ՀՀ զբոսաշրջային կենտրոն Ծաղկաձոր քաղաքի մի մաս, մեր պարտքն ենք համարում մեկնարկել կարևոր սոցիալական արշավ, որի միջոցով տեղեկացնում ենք, որ Ծաղկաձոր քաղաքում ՉԿԱ վտանգ, որից կարելի է խուսափել, այստեղ կյանքն ընթանում է բնականոն հունով՝ առանց որևէ խնդրի:

Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ հյուրանոցը, որտեղ մեկուսացվել են մարդիկ, ովքեր շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ, գտնվում է կենտրոնից 4 կմ հեռավորության վրա՝ սարի գագաթին: Նրանք որևէ շփում ՉՈՒՆԵՆ բուն քաղաքի հետ:
Հորդորում ենք պետական իշխանության մարմիններին` ՀՀ առողջապահության նախարարին, ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տարածել մեր արշավը՝  ՀՀ զբոսաշրջային կենտրոն Ծաղկաձոր քաղաքը նորից ծաղկեցնելու նպատակով:

ԶԼՄ-ներին, Ծաղկաձորի բոլոր գործող հաստատություններին, բնակիչներին կամ ուղղակի Ծաղկաձորը սիրող անհատներին հորդորում ենք իրենց ներդրումն ունենալ և միանալ տվյալ սոցիալական արշավին»: 
Զանգահարեցինք Ծաղկաձորի  «Ռոսիա» հյուրանոց, իմանալու, թե  ո՞ր հյուրանոցներն են միացել   իրենց կողմից  մեկնարկած     սոցիալական արշավին, եւ ի՞նչ  իրավիճակ է այսօր  հյուրանոցում:  Հյուրանոցի աշխատակիցն ասաց, որ տնօրենը տեղում չի,  եւ իրենք իրավասու չեն պատասխանել հարցերին:  

Նշենք, որ Ծաղկաձորն աշխուժացնելու համար այսօր  Ծաղկաձորում  տեղի  կունենա նաեւ  սնուբորդի  սիրողական  մրցաշար: